Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ճեպընթաց գնացքով «խաղաղության խաչմերուկից» գնում է դեպի «խաղաղության դարաշրջան», բայց ունեցանք զոհ»․ Արթուր Խաչատրյան

Դեկտեմբեր 06,2023 11:40

Այսօր ԱԺ նիստում 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ քննարկումների ժամանակ իրենց կարծիքն արդեն հայտնել են բյուջեի մասին, բայց վերջին 20 օրերին զարգացումներ են տեղի ունեցել։ Օրինակ՝ սննդամթերքը թանկացել է, տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին մեկ ամսվա ընթացքում նվազել է։

«Բողոքներ ունեցանք տարբեր տնտեսվարողներից՝ ձկնարտադրողներ, մեքենա ներմուծողներ, արտահանողներ։ Դա ցույց է տալիս, որ ինչքան էլ կառավարությունը խոսի, որ ամեն ինչ լավ է, ունենք բավականաչափ խնդիրներ։ Պարտքն աճեց, կապիտալ ծախսերի կատարողականի թվերը դեռ չկան, բայց չկան լուրեր, որոնք ցույց կտան, որ ինչ-որ դրական բան ենք ունեցել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ իրենք մշտապես ասել են՝ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված չէ տնտեսական կառուցվածքի փոփոխությանը, ինովացիաների խթանմանը։ «Ներդրումների բացարձակ մեծամասնությունը հանրային ծառայություններ մատուցող ոլորտներում են: Փողի մասին ենք խոսում, բայց ի՞նչ արժեք կարող ենք դրանով ստանալ, ի՞նչ նպատակ ենք հետապնդում։ Իհարկե, կարելի է գումարը տալ պատկերասրահի հաճախելիությունը մեծացնելու համար եւ կարելի է գումարը տալ Սնուփ Դոգին։ Այդ Սնուփ Դոգին տրված փողը բյուջեի մեջ է։ Այսինքն՝ ի՞նչ է տեղի ունեցել, այն բանվորը, որն ամառվա շոգին ասֆալտ է թափում փողոցում, այդ մարդուց եկամտահարկ ենք գանձում, որ տանք Սնուփ Դոգին։ Այնպես որ, եթե խոսում ենք, որ գումարն աճեց, միգուցե ուղղությունների մասին էլ խոսեինք։ Իսկ ի՞նչ ենք անում, որ երեխաները գան ու մշակութային արժեքներին ծանոթանան, ոչ մի բան։ Բայց Սնուփ Դոգին միլիարդներ են տալիս, սա է կառավարության արժեքային համակարգը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով պաշտպանության ոլորտի խնդիրներին՝ նա ասաց, որ Հայաստանը ճեպընթաց գնացքով «խաղաղության խաչմերուկից» գնում է դեպի «խաղաղության դարաշրջան», բայց դեկտեմբերի 4-ին ունեցանք զոհ։ «Խաղաղության դարաշրջան եւ զոհ, պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի համեմատ նվազում են։ Հավանաբար այդ զոհը խաղաղության դարաշրջանի ցուցիչ չէ, հա՞։ Պարզ չէ՞, որ մենք կխուսափենք զոհերից, եթե մեր պաշտպանական կարողությունն ավելի մեծացնենք։ Բայց կառավարությունը դա չի անում, փոխարենը ոստիկանության բյուջեն է ավելացնում։ Այս ամենի ինչի լույսի ներքո եւս մեկ անգամ տեղեկացնեմ, որ «Հայաստան» դաշինքը դեմ է քվեարկելու ներկայացված բյուջեի նախագծին»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031