ՀՀ Պաշտպանության նախարարության գծով ծախսերը կկազմեն 554 մլրդ դրամ, այսօր ԱԺ նիստում 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Պաշտպանության ոլորտի ծախսերը 7 տոկոսով կգերազանցեն 2023 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը։ Արդյունքում՝ 2024 թվականին պաշտպանության ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 5,3 տոկոսը՝ 2023 թվականի նկատմամբ նվազելով 0,3 տոկոսային կետով»,- ասաց նախարարը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2024 թվականի բյուջեն կազմում է 795 մլրդ դրամ։ Այն 22 տոկոսով կգերազանցի 2023 թվականի պետական բյուջեով սահմանված սոցիալական ոլորտին ուղղված ծախսերը։ Սոցիալական ոլորտի ծախսերը 2024 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 7,6 տոկոսը։
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ 2024 թվականի կրթության ոլորտի ծախսերը կկազմեն մոտ 287 մլրդ դրամ՝ 38 տոկոսով գերազանցելով 2023 թվականի ցուցանիշը։
Կարդացեք նաև
Նախարարը նաեւ ասաց, որ առաջին ընթերցմամբ ներկայացված բյուջեի համեմատ՝ եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 47,5 մլրդ դրամ։ Ծախսերն ավելացել են 189,3 մլրդ դրամով։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ