Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը իրավունքը պահելն է

Դեկտեմբեր 06,2023 10:00

Քանի որ դպրոցական դասագրքերի թեման ժամանակ առ ժամանակ բուռն վեճեր է առաջացնում, թույլ տվեք ներկայացնեմ իմ համեստ փորձը: 2015 թվականին լույս տեսած 11-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի վերջին՝ 18-րդ գլուխն ունի հետեւյալ բաժինները՝ «Արցախյան հակամարտության պատմական արմատները» (դաս 65) եւ «Ղարաբաղյան շարժումը եւ ԼՂՀ-ի հռչակումը» (դաս 66): Պարզ է, որ այժմ այդ բաժինները չեն արտացոլում ոչ միայն ներկայիս վիճակը,  այլեւ (որն ավելի կարեւոր է) այդ հարցում վարվող պետական քաղաքականությունը: Ընդ որում, մինչեւ 2020 թվականի նոյեմբերը Հայաստանի վարչապետ Փաշինյանն ասում էր մոտավորապես այն, ինչ գրված է դասագրքում՝ ինքնորոշում, պայքար ԼՂՀ միջազգային ճանաչման համար,  բայց հետո մոտեցումը 180 աստիճանով փոխվեց:

Հիմա ենթադրենք, որ գրվելու է նոր դասագիրք, որը համահունչ կլինի մեր երկրի ներկայիս իշխանությունների դիրքորոշմանը, այն է՝ Ղարաբաղը վաղուց, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, ճանաչվել է Ադրբեջանի մաս, որ չարժեր Արցախյան շարժում սկսել եւ 1992-94 թվականին պատերազմ մղել, որ մեզ համար կարեւորը  29.8 հազար քառակուսի կիլոմետրի ինքնիշխանությունն է եւ այլն: Արդյոք այդ դասագիրքը արդիական կլինի՞ 5-7 տարի հետո, երբ մենք, բացառված չէ, ընդհանրապես ոչ մի փաստացի ինքնիշխանություն չունենանք, կամ՝ հակառակը, կլինի մի իշխանություն, որը դարձյալ կասի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշումը կարեւոր է:

Այս օրինակը ես բերում եմ՝ ցույց տալու համար, որ խնդիրը դասագրքերը չեն, ոչ էլ պետք է դրանց երեկվա կամ այսօրվա հեղինակների վրա հարձակվել: Այս կամ բոլոր մնացած պետական, քաղաքական կամ հասարակական սկզբունքային խնդիրներում պետք է մշակել եւ որդեգրել ազգային քաղաքականության սկզբունքներ, ծրագրեր, տեսլականներ, որոնք կախված չեն հարափոփոխ իշխանությունների տրամադրություններից:

Երբ այսօր ՔՊ-ականներն ասում են, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին խոսելն իրատեսական չէ, դա բավարար գիտելիքների բացակայության հետեւանք է: Հրեաները 2 հազար տարի պետություն չեն ունեցել, բայց պահել են իրավունքը, նպատակը, տեսլականը, եւ երբ եկավ հարմար պահը, այդ իրավունքն իրագործեցին: Ճապոնիան հիմա զրկված է Կուրիլյան կղզիներից, բայց այդ երկրի ոչ մի վարչապետ չի ասում, որ այդ կղզիները, ինչ-որ հռչակագրի համաձայն, պատկանում են Ռուսաստանին: Թուրքիայի նպատակը՝ 1870-ական թվականներից սկսած, այս տարածաշրջանում հայկական պետականություն թույլ չտալը կամ եղածը վերացնելն է: Եթե Էրդողանի կառավարությանը դա չհաջողվի (չնայած նա մոտ է նպատակին), դա կփորձի անել Թուրքիայի հաջորդ իշխանությունը:

Մի խոսքով, սկզբից պետք է իմանաս, թե ինչ ես ուզում: Դրանից հետո դասագրքերում գրելու հարցը դառնում է տեխնիկական:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Լավատեսը նա է, ով երազներում լավագույնին է պատրաստվում, իսկ իրականության մեջ պատրաստվում է վատագույնին: Երկուսն էլ պետք է լինեն միաժամանակ եւ մեկն առանց մյուսի բերում է հիասթափության եւ դժբախտության: Մեր գերագույն խնդիրն է՝ մեր երազները իրականություն դարձնել: Եթե մեր հերոս զինվորների նման հերոս հոգեւորականներ ունենայինք, մեը ժողովուրդը մեծագույն հարգանքով ու ակնածանքով կընկալեր նրանց ամեն մի խոսքը եւ կհետեւեր նրանց խոսքին: Եւ մեր հերոս հոգեւորականների հաղթանակների շնորհիվ հոգու եւ ոգու ռազմադաշտում կամքի ներդաշնակության ռեզոնանս կառաջանար Արարչի եւ մեր ժողովրդի միջեւ, որը կոչվում է փոխադարձ սեր: Հերոս հոգեւորականները նրանք են, ում հերոս զինվորները հարգում մեծարում են: Փառք մեր հերոս զինվորներին եւ մեր հերոս հոգեւորականներին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031