Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ է մատչան և ինչո՞վ է այն օգտակար

Դեկտեմբեր 06,2023 09:30

Մատչան ճապոներենից թարգմանաբար նշանակում է «մանրացված թեյ»․ ճապոնական թեյի արարողության դասական բաղադրամասերից մեկն է համարվում։ Այսօր այն բավականին լայն տարածում է գտել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և Հայաստանում։ Մատչան միայն որպես թեյ չի օգտագործվում, այն  համադրվում է քրքումով, կաթով ըմպելիքների, այլ թեյերի, սուրճի, աղանդերի տարատեսակների՝  խմորեղենի, պաղպաղակի հետ։

Ինչպես և կանաչ թեյը, մատչան ստանում են Camellia sinensis բույսից, սակայն այն այլ կերպ է աճեցվում և տարբերվում է սննդանյութերի կազմությամբ։

Մատչան հիմնականում աճեցվում է ստվերում․ այդպիսով արևի ուղիղ ճառագայթների բացակայության պայմաններում ավելանում է քլորոֆիլի արտադրությունը, ամինաթթուների քանակը, ինչի արդյունքում բույսը մուգ կանաչ երանգ է ստանում։

Տերևները հավաքելուց հետո արտադրողները հեռացնում են կոթերն ու երակները և մնացած մասերը մանր փոշու են վերածում․ հենց դա էլ մատչան է, որն ավելի շատ կոֆեին ու հակաօքսիդանտներ է պարունակում, քան կանաչ թեյը։

Ըստ Healtհline-ի՝ մատչայի բաղադրամասերի ուսումնասիրության արդյունքները բավականին հուսադրող են, քանի որ կան տվյալներ, որ մատչան հոգում է լյարդի, սրտի առողջության մասին, կարող է օգնել քաշի նվազեցման հարցում։

Մատչան հարուստ է հակաօքսիդանտներով

Մատչան կատեխինների լավ աղբյուր է․ թեյերի կազմում պարունակվող այս բուսական միացությունները բնական հակաօքսիդանտներ են համարվում, քանի որ օգնում են ազատ ռադիկալների բացասական ազդեցության դեմ պայքարում։

Մատչայի կազմում առկա կատեխինները եռապատկվում են ջրում լուծվելիս։

Հոգում է լյարդի մասին

Լյարդը կենսական կարևորության օրգան է և առանցքային դեր է խաղում օրգանիզմից թունավոր նյութերի դուրս բերման, սննդանյութերի մշակման և դեղանյութերի փոխանակության հարցում։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ մատչան դրական է անդրադառնում այս կարևոր օրգանի առողջության վրա։

Բարելավում է գլխուղեղի աշխատանքը

Մատչայի որոշ բաղադրամասեր նպաստում են գլխուղեղի աշխատանքին՝ բարելավելով ուշադրության կենտրոնացումը, հիշողությունն ու արձագանքման արագությունը։

Մատչայի կազմում կոֆեինի խտությունն ավելի բարձր է, քան կանաչ թեյի մեջ, սակայն մատչան նաև պարունակում է  L-թեանին միացությունը, որը նույնպես նպաստում է առույգության պահպանմանը։

Ունի հակաքաղցկեղային ազդեցություն

Մատչան մեծ քանակությամբ էպիգալոկատեխին 3-գալատ է պարունակում․ այս միացությունը հետազոտություններում հակաքաղցկեղային ազդեցություն է ցուցաբերել։

Հոգում է սրտի առողջության մասին

Կանաչ թեյի, այդ թվում և մատչայի օգտագործումը կապվում է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի, զարկերակային բարձր ճնշման նվազեցման հետ։

Օգնում է նիհարել

Մատչան, ինչպես և կանաչ թեյը, հաճախ է օգտագործվում քաշի նվազեցման համար նախատեսված միջոցների կազմում։ Հետազոտությունների՝ 2020 թ․-ի  զեկույցի համաձայն՝ օրական մինչև 500 մգ կանաչ թեյի ընդունումը նվազեցնում է մարմնի զանգվածի ինդեքսը, եթե իհարկե պահպանվում է ֆիզիկական ակտիվությունն ու կանոնավոր սննդակարգը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031