Մարդկային կյանքն այնքան անհայտներ ունի, որ դրա մասին խոսելը ռիսկային է, կա անընդհատ սխալվելու մեծ հավանականություն: Վերնագրում նշված հարցը մարդն իր կյանքի ընթացքում հիմնականում իրեն չի տալիս, որի պատասխանը չունենալով էլ, նա իր կյանքը հիմնականում սխալ է կառուցում ու ապրում: Բնական է, որ առանց նման վերլուծության անիմաստ է նպատակներ դնել ու ապրել հանուն դրանց: Եթե նպատակ չկա, ապա կյանք չկա:
Աշխարհում այսօր մոտ ութ միլիարդ մարդ է ապրում եւ դրանք լիովին տարբեր կյանքեր են: Ճշգրիտ խոսել դրանց բոլորի մասին, անհնար է, սակայն կան ընդհանրություններ, որոնցից կարեւորների մասին իմաստ ունի որոշակի մոտեցումներ ներկայացնել: Ամեն դեպքում, եթե մարդուն կյանք է տրված, ապա գիտակցական որոշ տարիքից սկսած, նա պարտավոր է իրեն ամենակարեւոր հարցը տալ. ի՞նչ է կյանքը: Կարծում եմ, որ բոլորի պատասխանը միակը կլինի. այն ապրելու անհայտ ճանապարհն է: Ցանկացած մեկը պետք է փորձի այն անցնել մաքուր, իր առջեւ դնելով մեծ նպատակներ եւ փորձել հասնել դրանց մաքսիմալ իրականացմանը: Իսկ արդյո՞ք կյանքի ընթացքում մարդն ունենում է հնարավորություններ դրանց հասնելու համար …
Մարդուն ապրելու համար տրված է որոշակի ժամանակահատված, որի չափի մասին ոչ ոք տեղյակ չէ, այն չափազանց մեծ անորոշություն է, այդ պատճառով էլ նա չի կարող իր առջեւ հեռահար եւ ռեալ նպատակներ դնել, քանզի ժամանակի ամեն հաջորդ վայրկյանն իր ձեռքում չէ, իսկ առանց ժամանակի նպատակ դնելն անհեթեթ է:
Այդ դեպքում, ի՞նչ անել. թողնել, որ ժամանակը հենց այնպես հոսի՝ զբաղվել զուտ առօրեական գործերով, թե՞, այնուամենայնիվ, պլաններ կառուցել՝ նպատակներ դնել ու շարժվել առաջ: Այս հարցին եւս միանշանակ պատասխան տալը շատ դժվար է, քանզի՝ բացի այն, թե որքան ժամանակ է տրված դրանց իրականացման համար, կա նաեւ երկրորդ կարեւոր նախապայմանը. տրված ժամանակի ո՞ր մասը եւ ապրելու համար այն ինչպիսի՞ ընդհատումներով է տրված, քանզի բնավ հայտնի չէ, թե որքա՞ն է այդ՝ տրված դիսկրետ ժամանակահատվածը, որքանո՞վ է այն տրված ապրելու եւ որքանո՞վ՝ տանջանքների համար: Չէ՞ որ մարդկային կյանքը հենց այդ երկուսի հանրագումարն է: Իսկապես ստացվում է, որ մարդուն լիովին անհայտ է իրեն տրված ցանկացած հաջորդ վայրկյանի որպիսիությունը, այսինքն՝ ինչպես է հնարավոր այն ծախսել՝ օգտագործել: Եթե հաշվի առնենք միայն մարդուն հետապնդող դժբախտությունները, որոնց ի հայտ գալու ժամկետներն ու վիճակների սրությունը լիովին անհայտ են, ապա կարելի է ընդունել, որ նրան ռեալ ապրելու չափազանց փոքր, այն էլ որոշակի ընդհատումներով ժամանակ է տրված, հետեւաբար նման պայմաններում նա ի վիճակի չի լինի նպատակներ դնել՝ պլաններ կառուցել, քանզի կառուցվելիք ցանկացած բանի հիմքում դրված է ժամանակը: Այս խճանկարն այնքան անհայտ է, որ որեւէ լուրջ պլան նախագծելն ուղղակի անհեթեթ է ու անլուրջ, ավելին՝ դա կլինի ընդամենը զուտ ցանկալի անելիք, այն էլ՝ զուտ ասելու համար:
Կարդացեք նաև
Փաստացի, այն, ինչի մասին խոսվում է, ուղղակի անիմաստ է դառնում, քանզի պլանավորվող գործունեության ցանկացած վայրկյանը լիովին անհայտ է: Իսկ դա նշանակում է, որ ապրելու ընթացքում մարդը չի կարող ռեալ որեւէ բան պլանավորել, որն էլ նշանակում է, որ մարդը պետք է տրվի զուտ առօրեական՝ պահի առաջնային գործողությունների, որը նպատակի այբուբենի տառ անգամ չի պարունակում: Իրականում, այս պարագայում, մարդուն մնում է միմիայն զբաղվել կեցության պայմանների բավարարման եւ երեխաների դաստիարակության հարցերով, քանզի ինչպես վերը նշեցինք, այլ ծրագրեր մշակելը շատ ռիսկային է եւ հղի է բազմաթիվ ու բազմապիսի անկանխատեսելի հետեւանքներով …
Վերը արված վերլուծությունն ընդամենը հուշում է հետեւյալը. մարդիկ, նախ վերջապես հասկացեք, որ ձեր կյանքի տեւողությունը ժամանակի առանցքի վրա ընդամենը կետ է՝ ակնթարթ, որի ավարտն անգամ հնարավոր չէ ֆիքսել եւ երկրորդ՝ ձեզ մի վերագրեք ու ձեր վրա մի վերցրեք երեւակայական, զուտ վերացական ու երազանքային ցանկություններ, որն իրական կյանքի հետ հատման աղերս անգամ չունի եւ ձեզանից մի կառուցեք նման երեւակայական կերպար, քանզի դա դաժան իրականության հետ ոչ մի հատման կետ չունի ու այն ձեզ կմատուցի չափազանց տհաճ անակնկալներ: Բախտի բերմամբ, ձեր ձեռքում կուտակված մի քանի կոպեկից այնքան եք ոգեւորվում, որ ձեզ երբեմն թվում է, որ դուք անմահ եք, որի հետեւանքով էլ ձեզ դասում եք կողքիններից էապես վերեւ՝ համարյա թագը ձեր գլխին: Դուք ուղղակի չեք գիտակցում, որ գահից ընկնում են ակնթարթում եւ այնքան ուժեղ գմփոցով, որ նվազագույնը կպատռվի ձեր որովայնը՝ փորը, անկախ նրանից, թե ձեր գոտկատեղին ինչ ամրագոտի է հագցրած: Ձեր հպարտության, գոռոզության եւ ինքնագոհության սինդրոմը հիմնականում դրանով է ավարտվում: Միշտ հիշեք, որ ժամանակն այդպիսի ահավոր ուժ ունի եւ նրա անտեսումը բոլորին ոչնչացնում է հիմնովին, եթե անգամ կանգնած եք բուրգի գագաթին: Այն, ինչ թվում է, թե տվյալ պահին միայն ձեզ է պատկանում, դրանում լիովին համոզված մի եղեք, քանզի անգամ ձեր մարմնի որեւէ մասը, որը տվյալ պահին հաստատ ձեր մարմնի անբաժանելի մասն է, ամեն վայրկյան կարող է հեռանալ՝ բաժանվել ձեզանից, քանզի հայտնի չէ, թե ժամանակի ամեն հաջորդ վայրկյանը ձեզ ինչպիսի անակնկալ կարող է մատուցել: Ի վերջո, ժամանակն այնքան անհայտ ու անկանխատեսելի է, որ Տիրոջն անգամ երբեմն չի հաջողվում լիովին վերահսկել ու կանխատեսել նրան: Սա է կյանքի իրական խորհուրդը…
Հաճախ չափն այնքան եք անցնում, որ ձեր ճանապարհին վնասում եք նաեւ երեխաներին, չհասկանալով, որ նրանց նկատմամբ Տիրոջ կողմից հատուկ հսկողություն է սահմանված, որոնց խախտումն ամենախիստ կերպով է պատժվում նրա կողմից, որից դուք անգամ անտեղյակ եք:
Եթե սրան էլ ավելացնեք թեկուզ այն, ինչը հենց այսօր տեղի է ունենում միայն իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում, ապա հստակ ուրվագծվում է, որ մարդկային լկտիությունն այնքան է չափն անցել, որ միայն այդ հակամարտության ժամանակ տականքները կոտորեցին 5 000-ից ավելի երեխաների, որը ոչ մի նորմալ երեւակայության մեջ չի տեղավորվում: Փաստացի, մարդկային ագահությունն ու դաժանությունն այնպիսի չափերի են հասել, որ անգամ հազարավոր անմեղ երեխաների կյանքը չի կանգնեցնում մարդ-գազանների ախորժակը: Հետեւապես, հանգիստ կարելի է բարձրաձայնել, որ բոլոր արժեքները վերացել են աշխարհի երեսից, որն էլ ոչ այլ ինչ է, քան՝ կյանքի նման շարունակության լրիվ անիմաստություն:
Ստացվում է, որ առանց այն էլ այս անիմաստ կյանքում, երբ ապրելու ժամանակն ավելի փոքր է, քան տանջվելունը, մեծ հարց է առաջանում. արժե՞, որ նման կյանքը շարունակվի, թե՞ արդարացված է մարդկության իսպառ վերացումը:
Սա հարցերի հարցն է, որի պատասխանի շուրջ լրջորեն պետք է խորհի աշխարհը եւ փորձի ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ կարողանան ավելի շատ ապրել, քան տանջվել…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
05.12.2023