Ազգային օպերային թատրոնում կայացավ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերան
Պուչինիի ամենահայտնի օպերաներից մեկը՝ «Մադամ Բաթերֆլայը», որը ստեղծվել է 119 տարի առաջ, հուզել եւ հիացրել Է օպերասեր հանդիսատեսին, Երեւանի օպերային թատրոնում 1934 թ. առաջին բեմադրությունից հետո ունենալով եւս երեք ընթերցում (վերջինը՝ 1986թ., ռեժիսոր՝ Տիգրան Լեւոնյան, դիրիժոր Յուրի Դավթյան), օրերս դարձյալ ներկայացավ, այս անգամ ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի եւ դիրիժոր Միհրան Աղաջանյանի (Ռուսաստան) մեկնաբանմամբ։
Երիտասարդ գեյշայի եւ ամերիկացի սպա Պինկերթոնի սիրո մասին այս օպերան համարվում է հեղինակի ամենաքնքուշ եւ հուզիչ ստեղծագործությունը։ Լիբրետոն (Լուիջի Իլիկա եւ Ջուզեպպե Ջակոգա) պարզ պատմություն է՝ «Աղջիկը Նագասակիից» «նավահանգստային» երգի ոգով։ Երաժշտական դրամայի անգերազանցելի վարպետ եւ փայլուն մեղեդիաստեղծ Պուչինին՝ օգտագործելով իր հարուստ կոմպոզիցիոն շնորհի բոլոր միջոցները, այս օպերայի սյուժեն հասցրել է ողբերգականի, փոխանցելով ճապոնուհի Բաթերֆլայի հուզիչ պատմությունը։ Փաստորեն, 37 տարի անց այս բեմադրությունն իր համընդհանուր ուղերձով, վառ պատկերներով, գրավիչ դրամատուրգիայով, զգացմունքների ինտենսիվությամբ վերադարձավ մեր օպերային թատրոնի բեմ։
Մենք ներկա էինք «Մադամ Բաթերֆլայի» պրեմիերային ներկայացումներից առաջինին։ Ընդհանուր գծերով ներկայացնենք առաջին ներկայացումից ստացած տպավորությունը՝ բեմադրող ռեժիսորի եւ դիրիժորի աշխատանքի մասին։ Ի դեպ, ներկայացման երաժշտական ղեկավարն է մաեստրո Կարեն Դուրգարյանը։
Կարդացեք նաև
Մինչ այդ նշենք, որ հիշյալ օպերան տարիներ շարունակ զրկված է եղել Իտալիայի դասական օպերային ժառանգության մեջ իր տեղը զբաղեցնելու իրավունքից եւ միայն Պուչինիի մասին երաժշտագետ եւ քննադատ Ֆաուստո Տորրեֆրանկայի գրքի հրատարակումից հետո կոմպոզիտորի այս օպերայի շուրջ վեճը, որ հասել էր գագաթնակետին, հանգեցրեց նրան, որ Պուչինին ճանաչվի եւ համարվի օպերայի դասականներից մեկը։
Ներկայացման ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը եւ դիրիժոր Միհրան Աղաջանյանը կոմպոզիտորի սյուժետային պլանը լուծելիս գնացել են գործողությունների դրամատիզացման ճանապարհով։ Դրամայի առավել ամբողջական բացահայտման, որոնման համար նրանք դիմել են Բաթերֆլայի ոչ միայն ներքին, հոգեբանական փորձառություններին, այլեւ դրանց արտաքին դրսեւորումներին, որն ավելի ակնհայտ է երկրորդ եւ երրորդ գործողություններում։
Քիչ մնաց մոռանայինք, որ խոստացել ենք դետալ առ դետալ չանդրադառնալ ռեժիսորի եւ դիրիժորի աշխատանքին։ Ընդ որում, առաջնորդվելով Սուքիաս Թորոսյանի՝ մինչ պրեմիերան մեզ հայտնած խոսքով. «Ես խնդրել եմ իմ մի քանի Բաթերֆլայներին, Պինկերտոններին, Շարփլեսներին եւ մյուս կերպարները մարմնավորող երգիչներին, որ իրենց ընկալմամբ ու ձեւով մեկնաբանեն հերոսներին, իհարկե՝ հավատարիմ մնալով կոնցեպտին»։ Ասենք, որ ռեժիսորն ու դիրիժորը մեծ հաշվով հաջողությամբ լուծել են ձեւի եւ բովանդակության հակամարտությունը։ Ասվածը մանրամասնենք. 1904թ. օպերայի առաջին բեմադրությունից հետո երկու ուղղություն առաջացավ։ Դրանցից մեկի կողմնակիցները փորձում էին բացահայտել Պուչինիի երաժշտությանը բնորոշ դրաման, մյուսները՝ չհամարելով դրաման լուրջ, փորձում էին այն վերածել «խաղալիք օպերայի», այդպիսով այն կամաց-կամաց վերածելով թեթեւ մելոդրամատիկ ներկայացման։ Անդրադառնալով ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի եւ Միհրան Աղաջանյանի բեմադրությանը, ինչպես վերեւում նշեցինք, նրանք գնացել են գործողությունների դրամատիզացման ճանապարհով՝ ստեղծելով ճապոնական կոլորիտ, օգտագործելով դեմքի արտահայտություններ, ժեստեր, զգեստներ, դեկորացիա, էկրանային համակարգ… Կարճ ասած՝ այն ամենն, ինչ պահանջում է ոչ միայն օպերայի լիբրետոն, այլեւ Պուչինիի երաժշտությունը։ Օպերասեր հասարակությունը, վստահ ենք, անգիր գիտի, օրինակ՝ առաջին գործողությունում Պինկերթոնի արիան կամ Պինկերթոնի եւ Շարփլեսի, Պինկերթոնի եւ Բաթերֆլայի դուետները, ընդ որում՝ վերջին դուետում կարծես բացահայտվում է հերոսուհու կերպարն ամբողջությամբ։
Բաթերֆլայի եւ Պինկերթոնի միասնությունից երեք տարի անց Պինկերթոնը մեկնել էր Ամերիկա, իսկ կինը շարունակում էր սպասել եւ մեծացնում էր իրենց որդուն։ Բաթերֆլայը, որն այդ ընթացքում մերժել էր արքայազն Յամադորիի ամուսնության առաջարկը, չի ուզում հավատալ Շարփլեսի բերած Պինկերթոնի նամակին, որից պարզ է դառնում, որ նա ամուսնացել է ամերիկուհու հետ եւ շուտով ժամանելու է Նագասակի՝ որդուն ընդմիշտ Ամերիկա տանելու համար։ Սուքիաս Թորոսյանը իսկապես համոզիչ էր ներկայացրել Բաթերֆլայի հոգեվիճակը, ով վերջապես գիտակցում է իրականությունը՝ հասկանալով, որ երեխային ավելի լավ կլինի հոր հետ, նա հոգ կտանի տղայի մասին։ Հերոսուհին հեկեկալով երգում է իր հանրահայտ արիան, որին հետեւում է դաշույնով ինքնասպան լինելը։ Այստեղ պետք է նշել լիարժեք, հնչեղ, դրամատիկորեն հարուստ նվագախմբային եզրափակիչ վերջաբանը։ Իհարկե, նվագախումբը եւ երգչախումբը (խմբավար՝ Նարինե Ոսկանյան), անշուշտ, բարձրակարգ մեներգիչներով հանդերձ, իրենց բարձրության վրա էին ողջ ներկայացման ընթացքում։ Եվ այստեղ տեղին է հիշել պրեմիերայից առաջ մեզ հետ զրույցում դիրիժոր Միհրան Աղաջանյանի խոսքը, թե կարդարացնեն հանդիսատեսի սպասելիքները։ Իսկ Սուքիաս Թորոսյանի խոստումը «էկոլոգիապես մաքուր եւ կատարյալ» ներկայացման մասին, ճաշակի խնդիր է, մտածելու առիթ։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ տեսարաններ «Մադամ Բաթերֆլայ» ներկայացումից։
«Առավոտ» օրաթերթ
05.12.2023