Հայաստանի նկարիչների միությունում օրերս բացվեց Ղազարյան նկարչական ստուդիայի սաների «Անուրջներիս ներկապնակում» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացված էին ստուդիայի 4-ից 19 տարեկան սաների աշխատանքները: Թռչնագրերից, մանրանկարներից բացի, նրանք ներկայացրել էին աշխատանքներ՝ փոքրիկ քարերի եւ անձրեւանոցների վրա բնության տեսարաններ, եկեղեցիներ, մուլտ հերոսներ, գեղեցիկ զարդարել էին մեծ ու փոքր պնակներ: Նոր սերունդը Ղազարյան նկարչական ստուդիայի հիմնադիր Լուսինե Ղազարյանի ղեկավարությամբ շարունակում է ազգային ավանդույթները, երեխաների նկարչական հմտությունները: Եվ գուցե մի տարի հետո այստեղից տաղանդավոր նկարիչներ ի հայտ կգան…
«Իմ կողքին են ընտանիքս, լավ ընկերներս, սաներս, նրանց ծնողները, որոնց միջոցով հասնում ենք հաջողության, քանզի առանց միասնության ոչինչ չի լինում: Դարեր շարունակ մենք կանգուն ենք մնալու մեր արվեստով եւ միասնությամբ,- ասում է Լուսինե Ղազարյանը եւ հավելում, -մեզ մոտ ոչ միայն գրագետ նկարել են սովորում, մեր նպատակն է նոր սերնդին ծանոթացնել մշակութային օջախների, թանգարանների, գրադարանների, պատկերասրահների ցուցադրություններին: Մեր սաներն ուսումնասիրում են մեր երկիրը, գիրն ու գրականությունը, արվեստն ու մշակութային գործերը, ծանոթանում ստեղծագործողների հետ»:
Նրա խոսքով. «Ստուդիայի սաների աշխատանքերը ցուցադրվել են «Նարեկացի» արվեստի միությունում, Հովհ. Թումանյանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարաններում: Առանց անցյալն ուսումնասիրելու՝ հնարավոր չէ նորը ստեղծել: Այսօր էլ արդեն մեր սաների աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի Նկարիչների միությունում, ինչը մեծ պատիվ է մեզ համար: Շնորհավորում եմ բոլորին, քանի որ նրանք սիրով են հաճախում ստուդիա, իրենց երազանքներն արտահայտում նկարների միջոցով»:
Ցուցահանդեսին ներկա էր կոլաժի վարպետ, ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանը, որը Լուսինե Ղազարյանի դասախոսն է եղել: Նա իր ջերմ շնորհավորանքի խոսքը ուղղեց ստուդիայի ղեկավարին եւ նրա սաներին։ Ցուցահանդեսին գեղեցիկ պարային համարով հանդես եկան Տաթեւ պարային ստուդիայի սաները։
Կարդացեք նաև
5 տարի առաջ, Նոր Նորքի 4-րդ զանգվածում՝ Լուսինե եւ Տաթեւ Ղազարյան քույրերը հիմնեցին Ղազարյան նկարչական եւ Տաթեւ պարային ստուդիաները՝ իրականացնելով իրենց վաղեմի երազանքը։ Քույրերի նպատակն էր երեխաներին տալ հայեցի կրթություն, սեր արթնացնել դեպի ազգային մշակույթը։ Ղազարյան նկարչական ստուդիայի հիմնադիր Լուսինե Ղազարյանը միջոցառումն ամփոփեց հանձնելով բոլոր մասնակիցներին շնորհակալագրեր՝ ստուդիայի հիմնադրման 5-ամյակին նվիրված «Անուրջներիս ներկապնակում» խորագիրը կրող ցուցահանդեսին ակտիվ մասնակցության համար։
Օվսաննա ՄԱԴԱԹՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.12.2023