Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեռ որքա՞ն Հայաստանը հնարավորություն ունի մանեւրելու

Դեկտեմբեր 06,2023 12:00

Թուրք-ադրբեջանական տանդեմի երսպասելիքներին ովքե՞ր են հակադրվում. Մոսկվան` հաստատուն կողմնակից է, առայժմ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են ընդդիմանում Անկարայի ու Բաքվի ծրագրերին, եթե չասենք` դրանք արգելափակում են:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, անցյալ շաբաթվա վերջին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Դուբայում` Կլիմայական փոփոխությունների պայքարի համաշխարհային գագաթնաժողովում։ Թուրքիայի նախագահն այդ գագաթնաժողովում ունեցած իր ելույթում հավաստիացրել է, թե Թուրքիան հետեւողականորեն հանդես է եկել խաղաղության օգտին բոլոր ճգնաժամերի ժամանակ եւ ջանքեր է գործադրել դրանք լուծելու «արդարության եւ հավասարության» հիման վրա։ Նա քննադատել է Իսրայելին` նշելով. «Իսրայելական ագրեսիայի հետեւանքով ավելի քան 16 հազար անմեղ պաղեստինցիների՝ հիմնականում երեխաների եւ կանանց մահը ոչ մի բանով չի կարող արդարացվել»։

«Խաղաղության», «արդարության» ու «հավասարության» մասին բարձրագոչ հայտարարություններով հանդես եկող Էրդողանը, որը Իսրայելի հետ առեւտրատնտեսական գործարքները ոչ մի րոպե դեռեւս չի դադարեցրել, մասնավորապես օրինակ` Թուրքիայից նավթի եւ այլ մատակարարումները Իսրայելին, շարունակում է նաեւ Ալիեւին թեւ ու թիկունք մնալ` ընդդեմ Հայաստանի: Թուրքական բանակի վերածված Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններն անցկացրեցին Նախիջեւանի տարածքում: Զորավարժությունների ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումները իրականացրել են տեսողական դիտարկում եւ օդային հետախուզություն՝ խորքերում գնահատելու մարտական դիրքերը եւ պայմանական կարեւոր օբյեկտները։ Մարտական հրամանի համաձայն՝ զինվորականները պայմանական հակառակորդի տեղակայման հատվածը գրոհելու խնդիր են իրականացրել։ Զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտը դրվել է բարձունքների գրավման վրա, որտեղից տեսանելի են պայմանական հակառակորդի պահեստների մատակարարման ուղիներն ու մոտեցման ուղղությունները, կարեւոր օբյեկտները։ Հիշեցնենք, որ Նախիջեւանում հրամանատարաշտաբային զորավարժություններ էին անցկացվել նաեւ նոյեմբերի սկզբին։

Դուբայում կայացած Էրդողան-Ալիեւ հանդիպման մասին մանրամասներ հայտնի չեն: Սակայն մինչ այս հանդիպումը Էրդողանի նախագահությամբ կայացել էր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի 2023 թվականի վերջին նիստը, որի օրակարգում էր նաեւ «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Նոյեմբերի 29-ին կայացած Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակվեց հայտարարություն, որտեղ նշվում էր, թե անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացին. «Գնահատվել են Ադրբեջան-Հայաստան բանակցությունների՝ մնայուն խաղաղության պայմանագրով հանգուցալուծմանը եւ այդ շրջանակում Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, եւ խնդրին միջամտելու արտատարածաշրջանային դերակատարների ջանքերը»։ Նշվել էր, որ պաշտոնական Անկարան` «աջակցելու է ամեն տեսակ անկեղծ ջանքի՝ ուղղված մնայուն խաղաղության հաստատմանը, որը նպաստելու է տարածաշրջանի բոլոր երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ խաղաղությանը»։

Այսպես, պաշտոնական Անկարան հույս ունի, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման: Թե Արեւմուտքից, թե Իրանից հնչող հայտարարությունները հստակ են: Արեւմուտքի դիրքորոշումը ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության օգտին է: Իսկ Իրանը տեւական ժամանակ դեմ հանդես գալով սահմանների փոփոխությանը, վերջերս կրկնեց դիրքորոշումը: Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին օրերս նշել է. «Այժմ, հաշվի առնելով տարածաշրջանային եւ միջազգային փոխգործակցությունը, որին մենք ականատես ենք լինում, բոլորը ընդունում են, որ Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն կարող իրագործվել։ Այս համատեքստում երկու երկրների միջեւ Արասի միջանցքի ստեղծման մասին համաձայնագիրը հիանալի հնարավորություն է, որ մենք, ունենալով դրա իրականացման ազգային եւ նույնիսկ միջազգային տեսակետ, պետք է ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում ստեղծենք առավելագույն ներքին տեսական եւ գործնական կոնսենսուս»։

Ստացվում է, որ Անկարա-Բաքու կուռ դաշինքի դիրքորոշումն առայժմ պաշտպանում է Կրեմլը` պարբերաբար Հայաստանին հիշեցնելով «տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտության» մասին: Այս մթնոլորտում, թվում էր, թե պաշտոնական Երեւանը պետք է իր դիրքորոշումն էլ ավելի ամրապնդի` մեկընդմիշտ փակելով Ադրբեջանից հնչող թե՛ «միջանցքային» եւ թե՛ այլ թեմաներով պահանջները ու ձգտեր Ալիեւին տանել Արեւմուտքի հովանու ներքո բանակցությունների դաշտ:

Պաշտոնական Երեւանը, սակայն, շարունակում է խոսել «Խաղաղության խաչմերուկի» մասին, եւ հստակ չէ, թե այս ծրագիրն, օրինակ, ներառո՞ւմ է մինչեւ խաղաղության հաստատումը` ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման պահանջի ներկայացմանը ՀՀ ինքնիշխան տարածքից ու դրա իրագործմանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրերս ելույթ ունեցավ ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովում եւ խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին, նշեց. «Այս հավակնոտ նախագիծը նպատակաուղղված է կապելու Արեւելքը Արեւմուտքի եւ Հյուսիսը Հարավի հետ եւ տարածաշրջանային համագործակցության միջոցով պայմաններ ստեղծելու տնտեսական եւ մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաեւ հակասությունների հարթման եւ մեր տարածաշրջանի երկրների միջեւ ավելի լավ փոխկապակցվածության եւ քաղաքական երկխոսության խթանման համար: Այս առումով Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը եւս վճռորոշ կարեւորություն ունի։ Ինչպես տեղյակ եք, մենք համաձայնություն ենք ձեռք բերել բացել ցամաքային սահմանը 3-րդ երկրների եւ դիվանագիտական անձնագրեր կրող՝ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար, ինչը վերահաստատվել է նախարար Ֆիդանի կողմից հոկտեմբերի 23-ի մեր երկկողմ հանդիպման ժամանակ: Եվ նույնիսկ հստակ ժամկետներ են նշվել՝ նկատի ունենալով առաջիկա շաբաթները, եւ հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կյանքի կկոչենք այս առաջին, սակայն բավականին շոշափելի քայլը»։

Մինչ պաշտոնական Երեւանը Անկարային հիշեցնում է «ժամկետների» մասին, հայկական կողմից գլխավոր բանակցող, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Երեւանի ու Անկարայի հատուկ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին քննարկում այս պահին չկա:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը շուրջ մեկուկես տարի առաջ Վիեննայում: Հենց այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Այժմ հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից` «դրական ազդակներ ստանալ» այս հարցում:

Մեկ ամիս առաջ ԱԺ-ում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայով լավատեսական հայտարարություն էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով. «Ուզում եմ նաեւ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերում է հետեւյալին՝ Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների համար եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար»: Նա այդ օրը տեղեկացրեց, որ հայկական կողմը Մարգարայի կամրջի սահմանային հատվածում վերազինման եւ վերականգնման էական աշխատանք է իրականացրել:

Նոյեմբերի սկզբին պաշտոնական Երեւանը լավատեսություն հայտնեց` մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, հույս հայտնելով, թե առնվազն նախկին պայմանավորվածությունների մասով` «գուցե լավ նորություն կունենանք»։ Այդ մասին Ազգային ժողովում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր նշել. «Ուզում եմ լավատեսություն հայտնել, ասելով, որ առնվազն մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանը բացելուն առայժմ հատուկ խմբի մարդկանց համար, այն է՝ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն եւ նաեւ 3-րդ երկրների բոլոր քաղաքացիների համար, այս խմբի մարդկանց համար նախ բացել սահմանը եւ հետո արդեն շարունակել քննարկումը։ Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում մենք այստեղ գուցե լավ նորություններ ունենանք»։

Այսինքն, պաշտոնական Երեւանը համարում է, որ Հայաստան-Թուրքիա պայմանավորվածությունները կարող են կյանքի կոչվել հայ-ադրբեջանական խնդիրների շուրջ անհամաձայնությունների պայմաններո՞ւմ: Կամ` հնարավո՞ր է միմյանցից առանձին այս երկու խնդիրներում հաջողություններ արձանագրել: Եթե պաշտոնական Երեւանն այդպես չի համարում, նշանակում է, կարելի է ենթադրել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում ՀՀ իշխանությունները էական առաջընթացի հույս ունեն: Եթե այդպես է` առաջ է գալիս հաջորդ հարցը. խաղաղության համաձայնագիրը ո՞ւմ հովանու է ստորագրվելու` Ռուսաստանի՞, թե՞ Արեւմուտքի:

Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումները միասնական են, պահանջներն ու ակնկալիքները համահունչ: Այլ հարց է, թե թուրք-ադրբեջանական տանդեմի սպասելիքներին ովքեր են հակադրվում: Մոսկվան` հաստատուն կողմնակից է, եւ նկատելի է, որ առայժմ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են ընդդիմանում Անկարայի ու Բաքվի ծրագրերին, եթե չասենք` դրանք արգելափակում են:

Իսկ որքա՞ն կարող է այսպես շարունակվել, Հայաստանը հնարավորություն ունի՞ մանեւրելու, դեռ որքա՞ն Թուրքիան կարող է խաղալ Արեւմուտքի ու Ռուսաստանի հակասությունների դաշտում:

Ամփոփումը`վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 05.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031