Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հնարավոր չէ խմել գետի ամբողջ ջուրը

Դեկտեմբեր 06,2023 14:30

Եվ ինչպես են խաբեբաները մարդկանց ուղղորդում սխալ նպատակների

Մարդկանց մանիպուլացնելու կամ, ավելի պարզ ասած, հոգիների հետ խաղալու մեթոդները բազմազան են եւ բազմապիսի: Հոգեբանները դրա մասին շատ լավ գիտեն: Այդ մասնագիտության անբարեխիղճ ներկայացուցիչները կարող են, օրինակ, փնտրել մարդկանց, այսպես կոչված, «մանկական տրավմաները»՝ փորփրել հին «վերքերը», եւ, փոխանակ մարդկանց օգնելու, դնել նրանց ավելի ծանր վիճակի մեջ: (Սովորաբար «մեղավոր են նշանակվում» ծնողները): Հետո ասել՝ «ձեզ պետք է եւս 10 սեանս՝ ձեր խնդիրները կարգավորելու համար»: Բայց այդ 10 սեանսի ընթացքում բացահայտվում են «նոր վերքեր», եւ այսպես շարունակ:

Դա մի քիչ հիշեցնում է Եզովպոսի առակն այն մասին, որ սոված շները, գետի մյուս ափին տեսնելով ուտելիքը, որոշում են ոչ թե անցնել մյուս ափը, այլ՝ խմել գետը: Մարդկանց հոգեկան ապրումները նման են այդ գետին, որը ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Հետեւաբար, շահագործել տրավմատիկ փորձը՝ տեսականորեն կարելի է տարիներ, նույնիսկ՝ տասնամյակներ շարունակ:

Երբ այդ մանիպուլյացիայի զոհ է դառնում անհատը, որպեսզի որոշակի ուղղվածության հոգեբանները կարողանան անել իրենց բիզնեսը, դա վատ է: Բայց ավելի սարսափելի է, երբ քաղաքական պոպուլիստները նույնն են անում հազարների եւ միլիոնների հետ: Այդ զանգվածները, չունենալով հստակ հոգեւոր կողմնորոշիչներ («էթոս»), տրվում են «գետի հոսանքին», որի ընթացքում նորանոր «վերքեր» են ի հայտ գալիս, եւ այդ ամենը մշտական կախվածության մեջ է պահում «բուժառուներին»: Մասնավորապես, Հայաստանում մարդիկ «չեն նկատում» պետությանն ու ազգին պատուհասած աղետը, որովհետեւ գտնվում են «նախկինների» հանդեպ ատելության «նարկոզի» տակ:

Այդ «նարկոզի» գաղտնիքն ինձ համար պարզ է՝ դա ցանկությունների, ձգտումների «որակն» է կամ ուղղությունը: Ահա թե ինչ էր գրում 20-րդ դարի գերմանացի սոցիոլոգ Նիկլաս Լումանը. «Մարդկանց գործունեությունը եւ իմացաբանությունը առաջնորդվում են ոչ թե բանական հիմքերով, այլ որոշակի երկրորդական մղումներով ու ձգտումներով, որոնք քողարկված են կիսաիմաստավորված մտադրություններով (ինտենցիաներով)»:

Ինչպես անբարեխիղճ հոգեբաններն են իրենց «կլիենտներին» կանխապես սխալ նպատակներ մատնանշում, այնպես էլ քաղաքական դեմագոգները քաղաքացիներին ուղղորդում են դեպի արտաքուստ գեղեցիկ, բայց իրականում մարդկանց առանձնապես չհուզող թիրախները: Օրինակ, «ժողովրդավարություն», «արդարություն», «արդար, կոռուպցիայից զուրկ կառավարում»: Դրանք հենց «կիսաքողարկված ինտենցիաներ» են:

Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, եկեք տեսնենք, թե ինչ է ասել ԱՄՆ նախկին նախագահ Օբաման վերջերս հայացած «Չիկագոյի ֆորումում». «Ռուսաստանն ու Չինաստանը հրաշալիորեն ապացուցել են, որ կապիտալիզմը հաջողությամբ կարող է զարգանալ կոռուպցիայի եւ ավտորիտարիզմի պայմաններում»: Եթե խնդիրը «կապիտալիզմը զարգացնելով» լավ ապրելն է՝ «ֆասթ-ֆուդը», սուպերմարկետները, երկնաքերերը, ապա Պեկինի, Մոսկվայի եւ Փարիզի միջեւ որեւէ լուրջ տարբերություն չկա: Ինչո՞ւ են հապա այդ մայրաքաղաքներում ապրող մարդիկ (կամ նրանց մի մասը) իրար նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարյացակամ տրամադրված: Հավանաբար, ուզում են, որ իրենց մոտ ավելի յուղոտ «ֆասթ-ֆուդ», ավելի առատ սուպերմարկետներ, ավելի բարձր երկնաքերեր լինեն: Ոչ թե ավելի շատ «ժողովրդավարություն» կամ «արդարություն»:

Ելքը սոցիալ-հոգեբանական «կարգավորումները» բանական ուղղությամբ վերաիմաստավորելն է: Յուղոտ համբուրգեր ուտելը բանական ցանկություն չէ: «Լոգոսին» (բանականությանը) կարելի է հասնել «էթոսի» միջոցով՝ դա դեռեւս Արիստոտելին էր հայտնի:

Այդ առիթով վերջում ինձ թույլ տամ մեջբերել իմ սիրելի մտածողին՝ Ալբերտ Շվայցերին. «Նույնիսկ այն բարդ խնդիրները, որոնք ամբողջությամբ վերաբերում են նյութական-տնտեսական ոլորտին, կարող են լուծվել համոզմունքների էթիզացիայի միջոցով… Մեզ համար ամենաիրատեսական ճանապարհն է… այնքան մեղմել հասկասությունները ժողովուրդների միջեւ եւ նրանց ներսում, որպեսզի դարձյալ հնարավոր դառնա կյանքը մշակույթի պայմաններում»:

Սա իդեալիզմ չէ: Իդեալիզմը հեքիաթներին հավատալն է եւ խաբեբաների հետեւից գնալը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031