Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան»

Դեկտեմբեր 05,2023 23:44

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

http://www.TheCaliforniaCourier.com

 

Մինչ հայերը  զբաղված են Արցախի կորստով և փորձում են հաղթահարել դրա ողբերգական հետ​ևանքները, Ադրբեջանը բազմացնում է իր պահանջները՝ մեկնարկելով քարոզարշավ՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը իբրև թե «Արևմտյան Ադրբեջան» է: Աշխարհում ոչ մի խելամիտ մարդ լրջորեն չի ընդունի այս խոշոր սուտը, այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ստեղծվել է ընդամենը մեկ դար առաջ, մինչդեռ Հայաստանը գոյություն ունի հազարամյակներ ի վեր: Նույնիսկ «Կոկա Կոլան» ավելի հին է, քան Ադրբեջանը…

Նախագահ Ալիևի օրհնությամբ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ստեղծումից հետո Ադրբեջանը համաշխարհային արշավ սկսեց՝ իր անհեթեթ ծրագիրն ամբողջ աշխարհում և ՄԱԿ-ում տարածելու համար: Այն հայերը, որոնք մտահոգված են Հայաստանի Սյունիքի մարզի կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերով, պետք է ավելի անհանգստացած լինեն ՝ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը գրավելու Ադրբեջանի չափազանց մեծ ախորժակից՝ Արցախի բռնազավթումից հետո։

Ահա այն չորս գործողությունները, որոնք Ադրբեջանը ձեռնարկել է վերջին ամիսներին ՄԱԿ-ում.

1) 2023 թվականի հունվարի 17-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին տարածեց  «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նամակը՝ հայտարարելով, որ «Ներկայիս Հայաստանի տարածքից վտարված բոլոր ադրբեջանցիները և նրանց սերունդներն իրավունք ունեն վերադառնալու իրենց հայրենիք»։

2) 2023 թվականի փետրվարի 22-ին Ադրբեջանը ՄԱԿ-ին ներկայացրեց երկրորդ նամակը, որում հայերը մեղադրվում էին «բռնության, ցեղասպանության, ջարդերի, մարդկության դեմ այլ հանցագործությունների կատարման և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման մեջ։ Այս գործընթացը հատկապես կատաղի և դաժան է եղել 1905–1906, 1918–1921, 1948–1953 և 1987–1991 թվականներին»։ Նամակում նշվում էր, որ «ներկայիս Հայաստանում ադրբեջանական պատմամշակութային ժառանգությունը, ներառյալ մզկիթներն ու գերեզմանները, զանգվածաբար ոչնչացվել են, տեղանունները փոխվել և պարբերաբար իրականացվել է ռասայական խտրականություն ադրբեջանցիների նկատմամբ»։

Ավելին, Ադրբեջանը ՄԱԿ-ից պահանջեց ձեռնարկել հետևյալ քայլերը Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման համար.

 

«–Իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագրի ձեռքբերում՝ համապատասխան ստուգման և երաշխիքների մեխանիզմներով՝ ապահովելով  ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների կամավոր անվտանգ ու արժանապատիվ վերադարձն իրենց հայրենիք.

– Վերադարձի գործընթացի ապահովում անվտանգության, մարդասիրական և սոցիալ-տնտեսական աջակցության համապատասխան ծրագրերով.

– Միջազգային մոնիտորինգի, հաշվետվողականության, անվտանգության, միջամտության և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում` արտաքսման, խտրականության և վերադարձած բնակչությանը վնասելու կրկնությունը կանխելու համար.

– Վերադարձողների կայուն վերականգնման և վերաինտեգրման ապահովում՝ միջազգային հսկողության ներքո վերակառուցման և հաշտեցման միջոցառումների իրականացման միջոցով»:

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը պահանջել է, որ Հայաստան վերադարձող ադրբեջանցիներն «անարգել հաղորդակցություն ունենան Ադրբեջանի Հանրապետության հետ»։ Սա շատ վտանգավոր առաջարկ է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը ցանկանում է իր վերահսկողության տակ ճանապարհ ունենալ Հայաստանի տարածքում։ Նամակում ավելացվել է, որ Հայաստան վերադարձող ադրբեջանցիներին ոչ թե պետք է ցրել ամբողջ երկրով մեկ, այլ միասնական պահել որպես խումբ և ապահովել նրանց անվտանգությունն ու իրավունքները։ Առավել տագնապալի է պահանջը, որ ադրբեջանցիները կարողանան «ադրբեջաներենն օգտագործել [Հայաստանի] կառավարության օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում»: Ադրբեջանն ավելացրել է նաև հետևյալ անհեթեթ պահանջը. «Ադրբեջանցիներն իրավունք ունեն ձևավորել տեղական անվտանգության ուժեր և համապատասխան դեր ստանձնել դատարաններում»։ Սա իրականում նշանակում է, որ Հայաստանը լինելու է Ադրբեջանի կցորդ, քան ինքնիշխան հանրապետություն։

Բացի այդ, Հայաստան վերադարձող ադրբեջանցիների անվտանգությունն ապահովելու համար Ադրբեջանը «անհրաժեշտ է համարում տեղակայել միջազգային անվտանգության առաքելություն՝ համապատասխան մանդատով և ներառելով արևմտյան ադրբեջանցիների կողմից վստահություն վայելող երկրների ուժերն այն տարածքներում, որտեղ նրանք կվերադառնան»: Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է օտարերկրյա զորքեր տեղակայել Հայաստանի տարածքում, ինչը միանգամայն անընդունելի է։ Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի ադրբեջանցիներին պատկանող գույքի և համայնքային հողերի վերադարձը և փոխհատուցում վճարի գույքի օգտագործումը խոչընդոտելու հետևանքով պատճառված գույքային վնասի և կորուստների համար»: Նրանք, ովքեր նման խելագար պահանջներ են ներկայացնում, ապրում են երազային աշխարհում:

3) «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» 2023 թվականի ապրիլին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ խնդրելով «ՄԱԿ-ի հատուկ առաքելություն ուղարկել Հայաստան՝ այդ երկրից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի գործընթացն սկսելու համար»։

4) «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» 2023 թվականի հոկտեմբերին զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտեին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ՄԱԿ-ի կոմիտեն «Հայաստանից պահանջել է անդրադառնալ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» բարձրացրած հարցերին»։ Եթե այս պնդման մեջ դույզն-ինչ ճշմարտություն կա, ապա հուսով եմ, որ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին և բացահայտել ադրբեջանական կեղծիքը։

Սա այն ոխերիմ թշնամին է, որի հետ Նիկոլ Փաշինյանը միամտորեն կարծում է, որ կարող է «Խաղաղության պայմանագիր» կնքել։ Այս անհարկի «Խաղաղության պայմանագիրն» իրականում կվնասի Հայաստան Հանրապետության շահերին։ Ադրբեջանն արդեն պահանջում է, որ «Հայաստանից վտարված ադրբեջանցիների» իրավունքները ներառվեն նման պայմանագրում՝ դրանով իսկ հիմք ստեղծելով Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիայի և բռնազավթման համար։ ՄԱԿ-ին ուղղված ադրբեջանական նամակում, ըստ էության, կա այսպիսի տագնապալի դրույթ. «[Ադրբեջանական] համայնքը կձգտի Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ ներառել արևմտյան ադրբեջանցիների հայրենիք վերադառնալու համար պայմանների ստեղծումը որպես Հայաստանի պարտավորություն»:

Այս անհեթեթությանը վերջ տալու միակ ճանապարհն այն է, որ Հայաստանը դադարեցնի Ադրբեջանին անվերջ զիջումների գնալու կործանարար գործընթացը և մերժի նրա բոլոր անընդունելի պահանջները։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031