Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի գլխավորությամբ Ալավերդու համայնքապետարանում այսօր տեղի ունեցած իրադարձությունները, ասաց․ «Շատ ցավալի է, որ անուններ եք հնչեցնում եւ այդ անունները զուգորդվում են ԱԺ պատգամավոր կամ առհասարակ քաղաքական գործիչ եզրույթների հետ, որովհետեւ ես այնտեղ չեմ տեսնում ոչ պատգամավորի եւ ոչ էլ քաղաքական գործչի պահվածք։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում Ալավերդիում, ժողովրդաիշխանության դեմ կոնկրետ հանցափաստ է։
Կա ուղղակի ընտրությունների միջոցով ընտրված համայնքապետ, որին քաղաքական մուտիլովկայի արդյունքում անվստահություն են հայտնել եւ «Ապրելու երկիր» կուսակցությունից մեկ մանդատ գողանալով կամ տեռորով վերցնելով, լինելու է համայնքապետի փոփոխություն։
Իսկ եթե ցանկանում ենք անդրադառնալ այդ ընթացքում ոստիկանների գործողություններին, երեւի ճիշտ կլինի նախ գնալ ԱԺ, վերհիշել Վահե Ղազարյանի խոսքերը, գնահատականները, որ ոստիկանությունը այսպիսի բարձր իրավաչափության մակարդակ չի ունեցել երբեք։ Ես Վահե Ղազարյանի հետ ոստիկանության համակարգում ծառայել եմ մինչեւ 2018 թվականը եւ որպես ներսի մարդ, որպես մարդ, որն այդ համակարգում ծառայել է, կարող եմ պարոն Ղազարյանին հիշեցնել, թե ինչպիսի համակարգ ենք ունեցել մինչեւ 2018 թվականը ու 2018-ից հետո, երբ ինքն է ղեկավարում այդ համակարգը։ Ոստիկանական կադրերի սարսափելի արտահոսք, անգրագետների չափազանց մեծ ներհոսք դեպի համակարգ։ Եվ արդյունքում ունենք ոստիկանության չափազանց թույլ մակարդակ։ Սա արդյունք է ոչ թե նրա, որ ոստիկանները չափազանց ոչ իրավաչափ են գործում, այլ իրավական անգրագիտության կոնկրետ դեպքեր են։ Այսինքն, ոստիկանները իրենց իրավասության տարրական տիրույթում չեն կողմնորոշվում, չեն հասկանում, չեն տիրապետում իրենց իրավասությանը։
Սա նաեւ ուղիղ քաղաքական հրահանգի կատարում է։ Եվ ես, լինելով պաշտոնաթող սպա՝ շատ մեծ ցավով եմ արձանագրում, որ ոստիկանությունը քաղաքականության այսպիսի բարձր աստիճան չի ունեցել երբեք։
Կարդացեք նաև
Ես չեմ ցանկանում, որ խոսքս արատավորի ամբողջ համակարգը։ Այդ համակարգում եղել են եւ կան պրոֆեսիոնալներ։ Իմ խոսքը չպետք է իրենց վիրավորի։ Բայց նրանք փոքրամասնություն են, որովհետեւ ոստիկանական համակարգում սկսել են մեծամասնություն կազմել անգրագետները։ Իրավական անգրագիտությունը չափազանց բարձր մակարդակի է։ Եվ ես կցանկանայի պարոն Ղազարյանին հորդորել․թող ինքը վերհիշի մինչեւ 2018 թվականը զբաղեցրած պաշտոններում իր գործողությունների իրավաչափությունը եւ մտաբերի, թե ինչ է անում հիմա ինքը
Վահե Ղազարյանը մոռացել է անցյալը, այն ձեռքբերումները, որ ոստիկանական համակարգը նաեւ իմ եւ իր աշխատանքի շնորհիվ բերել, հասցրել ենք։ Իսկ այսօր, ես չեմ վախենում այդ խոսքից, քաղաքականացվածության այսպիսի բարձր մակարդակ ոստիկանությունը չի ունեցել երբեք։
Ոստիկանություն ասելով պետք է հասկանալ «կարմիր գլխարկներ» կրող ծառայողներին: Իսկ իրականում նրանք բոլորը պոտենցյալ մեղադրյալներ են, քանի որ ես այնտեղ չեմ տեսնում ոստիկանության լիազորություններին բնորոշ գործողություններ։ Սրանք ընդամենը քաղաքական իշխանությանը պահելու, պահպանելու առաջամարտիկներ են, որոնք հրամանի մեթոդի եւ միջոցների միջեւ որեւէ տարբերություն չեն դնում եւ կատարում են գործնականում ցանկացած հրաման։ Եվ ես չափազանց վրդովված եմ պարոն Ղազարյանի խոսքից, որ համակարգը, բարեվարքության, իրավաչափության տեսանկյունից թեկուզ մեկ ձեռքբերում ունի։ Հակառակը, մենք ունենք հսկայական նահանջ»,-ասաց Կոչուբաեւը։
Նրա խոսքով նույնը վերաբերում է պարեկային ծառայությանը։ «Լավն էր, թե վատն էր ճանապարհային ոստիկանությունը, բայց գոնե ունեինք կայացած համակարգ։ Այս համակարգը ամբողջովին կազմաքանդելը եւ պարեկային ծառայություն ստեղծելով, ես հասկանում եմ, որ այս անվան տակ Եվրոպայից բազմաթիվ գրանտներ են կերվել, բայց արդեն իսկ կայացած համակարգը քանդել ենք, տեղը ձեւավորել պարեկային ծառայություն, որոնք անգամ տարրական հարգանք չունեն իրենք իրենց մեջ, իրենք իրենց գործընկերների նկատմամբ։ Մի փոքր էլ հաբռգածություն կա։ Պարեկները կարող են քաղաքացուն ծեծել, հայհոյել, քաշքշել, հարվածել եւ արդյունքում քաղաքացին դատապարտվի անազատության»,- նշեց փաստաբանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ