«Ազատություն» ռ/կ. Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին պահպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ սեփական տներ վերադառնալու տեղահանվածների իրավունքը, հայտարարել է Միության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչը՝ պատգամավորներից մեկի գրավոր հարցին ի պատասխան։
Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ Բրյուսելը նաև կոչ է անում տեղում մշտական միջազգային ներկայություն ապահովել: «Ղարաբաղի հայերի սեփականությունն ու մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանվեն», – ասել է նա։
Բորելը հիշեցրել է, որ Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ, քննադատել մարդկային զոհերն ու Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթը, որ տեղի է ունեցել բռնության պատճառով։
Թեև Ադրբեջանի հետ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում նպաստում է էներգակիրների դիվերսիֆիկացման ԵՄ քաղաքականությանը, բայց Եվրամիության կառույցները շարունակում են դիտարկել իրավիճակը տեղում և զգուշացրել են՝ զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, այդ թվում՝ Հայաստանի տարածքի դեմ, հայտարարել է Բորելը՝ հավելելով, որ Եվրամիության վերջնանպատակն է առաջ տանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարատև խաղաղությունը։
Կարդացեք նաև
ԵՄ դիվանագիտության ղեկավարը, ելույթ ունենալով Մարդու իրավունքների 25-րդ համաժողովում, խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության մասին։
Ժոզեպ Բորելը փաստել է, որ վերջին տարիներին ավելի ու ավելի շատ հակամարտություններ են լուծվում ուժի միջոցով: Որպես օրինակ՝ Ադրբեջանի գործողություններն է մատնացույց արել․ – «Օրինակ՝ տեսեք, թե ինչ է տեղի ունեցել Ադրբեջանում և Հայաստանում։ Վաղուց սառեցված հակամարտության ելքը, որը ես չէի ասի թե լուծվել է, բայց վճռվեց ռազմական միջամտությամբ, ինչը 150 հազար մարդու ստիպել է տեղահանվել մեկ շաբաթվա ընթացքում»:
«Մեկ շաբաթում 150 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը և փախչել։ Իսկ միջազգային հանրությունն ափսոսանք հայտնեց, մտահոգություն հայտնեց, հումանիտար աջակցություն ուղարկեց, բայց, այնուամենայնիվ, ամեն բան եղավ ուժի կիրառմամբ», – ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը: