Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան․ «Երբ խախտումները մամուլի ներկայությամբ արձանագրվեց, ՔՊ-ն անցավ այն միակ զենքին, որին տիրապետում է կատարելությամբ․ սադրանքը, գյադայությունը, խուժանությունը»

Դեկտեմբեր 05,2023 21:33

Ալավերդի համայնքի  ավագանու խնդրահարույց եւ սկանդալային նիստի ավարտից հետո, երբ միայն իշխանական ավագանիները անվստահություն հայտնեցին ընդդիմադիր համայնքապետին եւ նոր համայնքապետ ընտրեցին իրենց թեկնածուին, «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, դիմելով համայնքապետարանի առջեւ հավաքված ալավերդցիներին՝ ասաց․ «Ես գիտեմ, թե ինչ ճնշումներ են կատարվում։ Եվ ընդհանրապես, մարզերում ժողովուրդը ավելի խոցելի է։ Բայց դուք այդ ամեն ինչն անտեսելով  եկաք պայքարելու ձեր իրավունքների, ձեր ձայնի համար։ Ես ողջունում եմ ձեր արժանապատվության զգացումը, արդարության ձեր ձգտումը։

Ինչ կատարվեց։ Այսօր իշխանությունը օգտագործելով իր ուժային լծակները՝ ապօրինաբար ջարդելով նիստերի դահլիճի դռները եւ դրա համար հրավիրելով ԱԻՆ-ին՝ ոստիկանությունն է դա արել, եւ կազմակերպել է այդ ապօրինի նիստը։

Օրենքը պահանջում է, որ եթե նիստն սկսում ես ժամը 10-ին, պետք է կես ժամ սպասին համայնքապետի ներկայությանը, արձանագրեին, որ համայնքապետը չի ներկայացել, որից հետո եւս կես ժամ սպասեին համայնքապետի տեղակալին, արձանագրեին, որ նա նույնպես չի ներկայացել եւ դրանից հետո նիստը վարողը պետք է դառնար ներկաներից տարիքով ամենամեծը։  Իսկ իրենք, քանի որ իշխանության սովորական գողեր են՝ իշխանագողեր, արել են հետեւյալը։ Հենց որ ուժային կառույցների ապօրինի աջակցությամբ ժամը 10-ին հավաքվել են այդ սենյակում, առանց կատարելու ընթացակարգային օրինական այս գործողությունները, անմիջապես անցել են երրորդ քայլին։ Բնականաբար համայնքապետը տեսնելով, որ կատարվում է նման ապօրինություն՝ կապված եւ նիստի իրավազորության եւ ընթացակարգային խախտումների հետ, ժամը 10։25-ին մեր բոլորի ուղեկցությամբ մտել է նիստերի դահլիճ՝ բացատրելու համար այն 14 օրինազանցներին, որ այն, ինչ իրենք անում են, օրենքի խախտում է։ Այդպես պետք է վարվեր ցանկացած պատասխանատու համայնքապետ։ Եվ երբ մենք ներս մտանք, արձանագրեցինք մի քանի փաստ։ Եվ դա տեղի է ունեցել մամուլի ներկայությամբ։ Ցույց տրվեց, որ այնտեղ քվեաթերթիկներ էին նախապատրաստվել ու արդեն տեղի է ունեցել քվեարկություն։ Այդ ամենը նրանք չէին կարող, քանի դեռ չէին արել օրինակամ ընթացակարգային քայլերը։

Եվ երբ այս ամենը մամուլի ներկայությամբ արձանագրվեց, ՔՊ-ն անցավ  այն միակ զենքին, որին իրենք տիրապետում են կատարելությամբ։ Դա սադրանքն է, գյադայությունը, խուժանությունը։ Իրենք անցան իրենց հարազատ ոճին։ Սկսեցին վիրավորանքներ տեղալ համայնքապետի եւ մնացածների նկատմամբ, սկսեցին քաշքշել։ Այսինքն, իրենց պահում էին սովորական գողի նման, որի ձեռքը գողության պահին մենք բռնել ենք»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031