«Շատ խորհրդանշական օր է ընտրված Մամիկոն Ասլանյանի հերթական դատական նիստի համար, որովհետեւ հենց այսօր Ալավերդիում, Լոռու մարզում, հերթական անգամ բռնաբարվում էր ՏԻՄ ինստիտուտը: Այսօր Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը շատ էին խոսում բռնաբարությունից, չգիտեմ՝ ինչու, բայց փաստը մնում է փաստ: Մամիկոն Ասլանյանը, այժմյան Հայաստանում, ունի մեկ աններելի հանցագործություն, ինքը հաղթել է ՔՊ-ին Վանաձորում ու դա իրեն, այսպես կոչված, իշխանությունները ներել չեն կարողանում »,- Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նա ասաց, որ Հայաստանին այսօր շատ բնորոշ է արտահայտությունը, թե ազգ-բանակից այսօր դարձել ենք ազգ-կալանք. «Դարձել ենք ազգ-կալանք, քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյան , որը բարձրաձայնել է խայտառակ բանակցային գործընթացը, Նարեկ Մալյան…այսպես կարող եմ շարունակել մոտ 50 հոգու մասին: Հույս ունեմ, որ խափանման միջոցի փոփոխություն տեղի կունենա, որովհետեւ ժողովրդավարական բաստիոն Հայաստանում կա մոտ 50 քաղբանտարկյալ, բայց միաժամանակ կապ չունի վաղվա որոշումն ինչ կլինի, որովհետեւ կարեւոր հարց կա՝ ով է պատասխան տալու Մամիկոն Ասլանյանի հարազատներին մոտ երկու տարվա նրա անազատության համար, դրա հատուցումը պետք է լինի առնվազն նույնքան ժամանակ կալանքի տեսքով այն դավաճանների համար, որոնք նման որոշումներ էին կայացնում»:
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը Վանաձորը ղեկավարում էր 2016 թվականից, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նա կալանավորվեց 2021–ի դեկտեմբերի 16-ին՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ։ Նրա գլխավորած դաշինքը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ