Ալավերդի համայնքի ավագանու խնդրահարույց ու սկանդալային նիստի ավարտից հետո ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
-Նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպը ինչպե՞ս եք գնահատում։
-Կատարվածը խուլիգանություն է։ Այլ բան չէր սպասվում։ Քվեատուփը շրջեցին, քվեաթերթիկները թափեցին դուրս։ Դրանք մարվեցին ու նոր քվեարկություն տեղի ունեցավ։ Ներս ներխուժելուց հետո, ինչպես նկատեցիք, բոլորը լուռ նստած էին մինչեւ այն պահը, երբ անձնական բնույթի վիրավորանքներ սկսեցին տեղալ ներկաների հասցեին եւ նրանք ստացան համարժեք պատասխան։
-Չկարողացաք զսպել էմոցիաները, ինքներդ էլ անպարկեշտ արտահայտություններ թույլ տվեցիք։
Կարդացեք նաև
-Անպարկեշտ արտահայտություններ թույլ չտվեցինք։ Այստեղ նստած են համայնքի ավագանու 14 անդամներ, որ ընտրվել են ժողովրդի քվեով։ Եվ չի կարելի նման խուլիգանական պահվածքով մտնել ներս, շրջել քվեատուփը եւ անձնական բնույթի վիրավորանքներ տեղալ։
-Նիստի ժամանակ ձեռքը պարզած, Թամազյանի վրա գոռում էիք «Դուրս արի ստեղից, արա, այ տղա, այ չմո»։ Դա պատգամավորին վայել վարքագի՞ծ է։
-Ես նշեմ եւս մեկ անգամ, որ այստեղ նստած են ավագանու 14 ընտրված անդամներ։ Եվ ներխուժել ներս, շրջել քվեատուփը, տեղալ անձնական բնույթի վիրավորանքներ մարդկանց հասցեին, ամոթանքներ տալ այստեղ, ուղղակի թույլ տալ չի կարելի, որովհետեւ կա մի սահման, որն առհասարակ չի կարելի թույլ տալ, որ հատեն։
Երբ լրագրողները պնդեցին հստակ պատասխանել հնչեցրած կոնկրետ հարցին, պատգամավորը խուսափեց պատասխանել, շրջվեց ու հեռացավ՝ հայտարարելով․ «Ես հարցազրույցն ավարտել եմ»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ