Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ 2013-ին իր՝ որպես ՀՀ քաղաքացու արժանապատվությունը ոտնահարվել է, երբ Սերժ Սարգսյանը մի գիշերում որոշել է Մաքսային միության անդամ դարձնել Հայաստանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը իր հայտարարության փոխարեն միացրեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հատվածներ՝ թարմացնելով քաղաքացիների հիշողությունը: Փաշինյանն ասում էր. «Արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից եւ այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրային եւ առհասարակ նախընտրական ծրագրի հիմքում: Գտե՛ք ձեր սրտի արագաչափը եւ արեք նրա հետ այն, ինչ արեցինք մենք եւ վերջում չմոռանաք արտասանել՝ սերդեչնի պրիվետ օտ Արութինա Զիմզիմովա»:
Արեգնազ Մանուկյանն ասաց, որ այս խոստումով իշխանության եկած Փաշինյանը ոչ միայն դրանք չվերացրեց, այլեւ ավելացրեց. «Արագաչափերի, կարմիր գծերի, տեսախցիկների վերացման խոստում տված ու Սաշիկին սերդեչնի պրիվետ ուղարկող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրականում սերդեչնի պրիվետներ են ուղարկում իրենց իշխանության բերած քաղաքացիներին՝ նրանց տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելով»: Մանուկյանն ասաց, որ ցինիզմն ու դեմագոգիան, խաբեությունը հենց սա է, որ կա. «Ժողովուրդը ճիշտ էր, որ փոփոխություն էր ուզում, բայց սխալվեց լիդերի փոփոխության հարցում: Այդ սխալը պետք է ուղղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ