Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ նախագահ․ «Դատական իշխանությունը չի աշխատում, որ գոհացնի գործադիր կամ օրենսդիր իշխանությանը»

Դեկտեմբեր 05,2023 17:34

«Արդյոք ես գտնում եմ, որ այնպիսի դատական համակարգ ունենք, որ ոչ ես, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը ու որեւէ մեկն այլեւս անհանգստանալու կարիք չունի։ Իհարկե, ոչ»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Հայաստանում դատական համակարգն արդա՞ր է, ի՞նչ պետք է անել վերջ տալու համար ընտրովի արդարադատությանը, օրինակ` ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ լեզուն կկտրեմ, իրավապահները լռում են, իսկ երբ հասարակ քաղաքացին սոցցանցում գրառում է անում, հրապարակային կոչերի համար նրան պատասխանատվության են ենթարկում։ Լրագրողների այս հարցերին ի պատասխան` Կարեն Անդրեասյանն ասաց, որ առանձին գործին չի անդրադառնա, իսկ ինչ վերաբերում է քրգործերին, ապա, ինչպես ներկայացրեց ԲԴԽ նախագահը, դատարանը ո՛չ վարույթ է սկսում, ո՛չ քննություն իրականացնում․ «Որ գործը գալիս է դատարան, այն գործին էլ արձագանքում ենք։ Դուք չեք կարող դատավորին կամ դատարանին մեղադրել, երբ օրինակ քաղաքացին հանկարծ փողոցում մի բան անի, իր դեմ քրեական վարույթ չսկսի, դրա համար դատարանն է մեղավոր։ Վարույթները սկսում են այլ տեղերում, զարգանում լրիվ այլ տեղերում, վերջում նոր հասնում են դատարան։ Այլ հարց է՝ արդյոք ես բոլոր վճիռների հետ համաձայն եմ։ Իհարկե, ոչ: Արդյոք ես գտնում եմ, որ այնպիսի դատական համակարգ ունենք, որ ոչ ես, ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը եւ ոչ էլ որեւէ մեկն այլեւս անհանգստանալու կարիք չունի։ Իհարկե, ոչ։ Որտե՞ղ ենք մենք մեր արդարադատության համակարգի զարգացման մեջ։ Կես ճանապարհին ենք։ Նույնիսկ հիսուն ու ավելին էլ չէի ասի»։

Կարեն Անդրեասյանի ներկայացմամբ՝ դատական համակարգի աշխատանքը քսան տոկոսով բարելավել են։

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գո՞հ է ձեզնից, Անդրեասյանն ասաց, որ վարչապետին է պետք հարցնել, թե ումից ինչքանով է գոհ․ «Դատական իշխանությունը չի աշխատում, որ գոհացնի գործադիր կամ օրենսդիր իշխանությանը։ Դատական իշխանությունն աշխատում է այնքանով, որքանով կարողանում է»։

 Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031