Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«15 տարի է՝ այդպես է, թուրքական ռադիոալիքները կան, բայց պարոն Դանիելյանը որոշել է հենց այսօր դրա մասին խոսել». Հակոբ Արշակյան

Դեկտեմբեր 05,2023 17:22

«Հ1-ը այսօր մեր երկրում կատարվող կարեւորագույն իրադարձություններին, Արցախում կատարված հրեշավոր դեպքերին, տարբեր խմբերի բողոքներին պատշաճ ուշադրություն չի դարձնում: Մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում երբ տեսնում ես ինչ է կատարվում ու Հ1-ը ինչ է ցուցադրում, կարծես ՀՀ-ում չլինես ու սա Հանրային հեռուստատեսությունը չլինի»,- այսօր ԱԺ-ում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Հասմիկ Հակոբյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Հասմիկ Հակոբյանը պատասխանեց, որ Հանրային հեռուստաընկերությունը, քանի որ ներկայացնում է տարբեր ոլորտներ, հայացքները կարող են բաշխվել եւ որոշակի ուժերին տրամադրվող ժամանակը զուտ ֆիզիկապես կարող է քիչ լինել. «Ի դեպ, դա բոլոր ժամանակների Հ1-ի պատկերն է»:

Գառնիկ Դանիելյանը նաեւ հարցրեց. «Այսօր թուրքական ռադիոալիքները ՀՀ-ում ողողված են, որ ալիքը թեքում ես՝ թուրքական է, նաեւ ձեր առաքելությունը պետք է լինի այդ խնդրի լուծումը»:

Թեկնածուն ասաց, որ չգիտի, թե ինչպես են թուրքական ռադիոալիքները հայտնվում եթերում: ԱԺ նիստը վարող փոխխոսնակ Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Ես կպատմեմ, ոչինչ, որովհետեւ արդեն 15 տարի է՝ այդպես է, բայց պարոն Դանիելյանը որոշել է հենց այսօր դրա մասին խոսել»:

Իր ելույթում Գառնիկ Դանիելյանն ասաց. «Ոչ թե 15 տարի կա, այլ 25-30 տարի կա ու ոչ մեկը չի ասել, որ չկան այդ խնդիրները թուրքական կայանների: Բայց այն, որ պիտի լուծվի խնդիրը՝ պիտի լուծվի: Պիտի խլացուցիչներն էլ դնենք: Իմ տեղեկություններով, իրենք ամեն ինչ անում են, որ հայկական ռադիոկայանները իրենց տարածքում չլինեն, իսկ մենք ամեն ինչ անո՞ւմ ենք, որ մեր տարածքում իրենք չլինեն: Պետք է մեր ռադիոկայանները տեխնիկապես հագեցնենք, որ հեռավոր գյուղերում մեր Հանրային ռադիոն ավելի լսելի լինի ու ոչ միայն Հանրայինը: Պարտավոր ենք անել: Եվ դրա համար պետք է մեր բոլորիս աշխատանքը՝ ընդդիմադիր, իշխանական: Տավուշի մարզում մարդ ուզում է հայկական ռադիոալիքներ լսի, թուրքական չի ուզում լսի, այդ խնդիրը պետք է լուծվի»:

Իսկ Հակոբ Արշակյանը ելույթում ասաց, որ նախորդ տարի շուրջ 3 մլրդ դրամ հատկացրել են ռադիո մոնիտորինգային սարքերի համար, որովհետեւ միջազգային կազմակերպությունները, որոնք ռադիոալիքների ուժգնության սահմանը անցնում են, դրանք չափելու համար անհրաժեշտ էին սարքավորումներ: Դրանք հնացած էին ՀՀ-ում:

Խոսելով եթերի բառապաշարի, ատելության խոսքի մասին՝ Հակոբ Արշակյանն ասաց, որ ընդդիմադիրների հրավիրած հանրային լսումների ժամանակ անգամ ԱԺ-ի ամբիոնից հայհոյախոսում են, բայց նիստը վարողը չի ընդհատում. «Չի ասում ժողովուրդ ջան, մի հատ գտեք ձեզ, դուք որտեղ եք ընդհանրապես գտնվում: Չի կարելի նման բաներ անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031