Այս միջոցառմամբ նշանավորվում է ավելի լայն նախաձեռնության մեկնարկը, որի նպատակն է վերակերպել քաղաքականությունները, գործնական մոտեցումներն ու ընկալումները Հայաստանի հանրային քաղաքականության ոլորտում։ Այն կխթանի հանրային ու համայնքային համատեքստում նորարար մասնագետների կենսունակ համայնքի ձևավորումը՝ զարգացնել փոփոխություններն առաջնորդելու նրանց կարողությունը։
Երևան, 05 դեկտեմբեր 2023թ․ – Այսօր տեղի ունեցավ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի կազմակերպած հանրային ոլորտի նորարարության երկրորդ ֆորումը։ Միջոցառմամբ նշանավորում է հանրային ոլորտի նորարարների համայնքի ձևավորումը, որի նպատակն է նպաստել հանրային և համայնքային ծառայողների մտածելակերպում և գործելակերպում փոփոխությունների նախաձեռնմանը։
Հյուրերին ողջունեցին ՀՀ կառավարության, դոնոր համայնքի, ՄԱԿ տարբեր կառույցների, հանրային ու մասնավոր ոլորտի, ակադեմիական համայնքի, քաղաքացիական հասարակության և հանրային ոլորտի ներկայացուցիչները, ում միավորում էր նորարարության և դրական փոփոխությունների առաջամարտիկները լինելու առաքելությունը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. պրն. Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Կարդացեք նաև
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. պրն. Վասիլիս Մարագոսը նշեց․ «Բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների զորեղացման նկատմամբ ՀՀ կառավարության հանձնառությունն արժանի է գնահատանքի։ Մեր գործընկերության առաջ մղմանը զուգընթաց՝ պետք է միասին աշխատենք մեր համատեղ օրակարգի շուրջ՝ այդ թվում, օրենքի գերակայության, ինչպես նաև թվային և կանաչ փոխակերպման համար անհրաժեշտ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ի նպաստ Հայաստանի քաղաքացիների։ Ընդգծելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ մեր համագործակցությունը՝ հատկապես Հայաստանում նորարարության վրա հիմնված բարեփոխությունների օրակարգի առաջխաղացման գործում, մեծապես գնահատում եմ ՄԱԿ-ի զարգացման ԿԶՆ նորարարական կենտրոնի և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Եվրոպական միության «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության ջանքերով այս ֆորումի կազմակերպումը։ Հատկապես ողջունում եմ տեղական իշխանությունների մասնակցությունն այս միջոցառմանը։ Այն ոչ միայն նշանավորում է մեր համագործակցությունը նորարարության և համայնքային փոխակերպման ոլորտում, այլև արժեքավոր գործակցության հեռանկարներ է բացում Հայաստանում նորարարության էկոհամակարգ զարգացնելու նպատակ հետապնդող պետական և ոչ-կառավարական կառույցների համար»։
Իր բացման խոսքում Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին շեշտեց մշտական փոփոխություններով և անկանխատեսելի մարտահրավերներով լի աշխարհում նորարարական լուծումների հրատապ անհրաժեշտությունը։ Նա ընդգծեց. «ՄԱԶԾ-ն Հայաստանում ստանձնել է հանրային ոլորտում կարողությունների զարգացման հանձնառությունը՝ առաջադեմ գործիքների և նորարարական հմտությունների փոխանցմամբ՝ խթանելով փաստահենք և մարդակենտրոն քաղաքականությունների մշակումն ու ծառայությունների մատուցումը: Մեր հանձնառությունը տարածվում է թվային փոխակերպումն առաջնորդելու, բարեփոխումները խթանելու, փոխակերպման օրակարգերը տարածելու և քաղաքային միջավայրը վերակերպելու ուղղություններով: Խթանելով քաղաքականություն մշակելու նորարար կիրառությունները համայնքային ուսումնառության միջոցով՝ մեր նպատակն է լուծել հրատապ խնդիրները և մշակել համատեղ գաղափարներ մեր շահագրգիռ խմբերի հետ՝ դրանով իսկ ապահովելով ներառական և մարդակենտրոն վերակերպումը հանրային ոլորտում»:
Ֆորումի ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ՝ սկսած անհանգիստ ժամանակներում կառավարումից մինչև հաղորդակցության ռազմավարական արվեստը, նորարարների դերը որպես փոփոխություններ խթանողներից մինչև ճգնաժամային կառավարման նրբությունները։ Տարբեր մասնագիտական շրջանակներից առաջնորդները, մտածողներն ու գործողները միավորվեցին՝ բացահայտելու փոփոխության ու ճգնաժամի միտումները, ընթացքն ու մարտահրավերները։
ԱՄԷ վարչապետի աշխատակազմի ռազմավարական նորարարության հարցերով խորհրդական Ջուլիո Քուաջիոտոն կարևորեց նորարարության համակարգային մոտեցումներն ու ազգային համակարգերում նորարարությունների ներառումը։ Էլզա Բելոն՝ Պորտուգալիայի հանրային ոլորտի «LabX» նորարարության կենտրոնի ղեկավարը, իր հիմնական ելույթում ընդգծեց նորարարության ինստիտուցիոնալացման կարևորությունը: Նա կիսվեց հանրային ոլորտում նորարարների համայնք ստեղծելու համար ռազմավարությունների և կազմակերպչական փոփոխություններին ուղղված ջանքերից քաղած դասերով։
Այս միջոցառումը նշանավորվեց նոր համապարփակ նախաձեռնության մեկնարկով, որն ուղղված է քաղաքականությունների, պրակտիկայի և հեռանկարների վերակերպմանը՝ նպատակ ունենալով հանրային ոլորտում խթանել հենքային փոփոխություններ: Հայաստանում ՄԱԶԾ նորարարության և ԿԶՆ ֆինանսավորման պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանը պաշտոնապես հայտարարեց հանրային ոլորտի նորարարների համայնքի ստեղծման մեկնարկը:
Այս համայնքն անդամների համար կստեղծի հնարավորություն փոխանակելու լավագույն փորձը, ինկուբացնելու փորձարարական նախագծեր, մասնակցելու վերապատրաստումների, մշակելու գործիքներ և միջոցառումներ՝ ուղղված Հայաստանի նորարարական համայնքի ներգրավմանը՝ խթանելով հանրային ոլորտում գործող կառույցների մարտահրավերները լուծելու համար անհրաժեշտ փաստահենք որոշումների կայացումն ու համայնքային ստեղծարարությունը։ Այն կծառայի որպես նորարար մտածողների հարթակ՝ կամրջելով հանրային ոլորտի փորձը քաղաքացիական հասարակության ոլորտի գիտելիքի հետ՝ խթանելով նորարարության միջոցով փոփոխությունները։
Միջոցառման երկրորդ մասի ընթացքում ներկաները մասնակցեցին ինտերակտիվ և ներառական աշխատարանների՝ մեկնարկելով հանրային ոլորտի նորարարների համայնքի առաջին պաշտոնական միջոցառումը։ Այս աշխատարանները ծառայեցին որպես հարթակ՝ գնահատելու հանրային ծառայողների կարիքները համայնքի կառուցման և կոլեկտիվ ուսուցման տեսանկյունից, ինչպես նաև մշակելու գաղափարներ՝ համայնքի հետագա գործունեության համար։
Հանրային ոլորտի նորարարության միտումների և մարտահրավերների տիրույթում ծավալվեց պանելային քննարկում, որին մասնակցեցին ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության Մանուկյան Սիմոն քոլեջի դեկան պրն. Վաչե Գաբրիելյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Վիկտորյա Այդինյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ղեկավար Ներսես Երիցյանը և ԱՄԷ վարչապետի աշխատակազմի ռազմավարական նորարարության հարցերով խորհրդական Ջուլիո Քուաջիոտոն։
Միջոցառումն առաջինն էր հանրային ոլորտի նորարարությունը տոնելուն ու տարածելուն ուղղված միջոցառումների շարքում։ Այն կամրջելու է տեղական համայնքը միջազգային հարթակին՝ թեմատիկ համաժողովների և գիտելիքների փոխանակման փորձառությունների միջոցով՝ ընդլայնելով Հայաստանի ներկայությունը համաշխարհային նորարարական համայնքում:
Համայնքի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու և նրա մասը դառնալու համար կարող եք այցելել այս հղումով։
«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը ՀՀՏԶ նախաձեռնության մի մասն է, որը ֆինանսավորվել և մեկնարկել է Եվրոպական միության կողմից՝ սկսած 2017թ․։ ՀՀՏԶ ծրագիրը կիրականացվի մինչև 2024թ․ և Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում կքաջալերի տեղական ինքնակառավարման մարմիններին կիրառել զարգացման նորարարական մեթոդներ, որոնք ընդունելի են բոլորի համար և չեն վնասում շրջակա միջավայրը։ Ծրագրի շրջանակներում, կարողությունների շարունակական զարգացմանը համընթաց, տեղական ինքնակառավարման մարմիններին կտրամադրվեն ֆինանսավորման հնարավորություններ, և համայնքները կմշակեն ու կիրականացնեն իրենց սեփական նորարարական լուծումները՝ համայնքներում զարգացումը խրախուսելու և արագացնելու համար։
ՄԱԶԾ ԿԶՆ նորարարական կենտրոնը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է, որը հիմնադրվել է 2017 թ․՝ նպատակ ունենալով վերափոխել քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման կիրառությունները Հայաստանում՝ դրանք ավելի փաստահենք ու ազդեցիկ դարձնելով։ Նորարարական կենտրոնն ակտիվորեն խթանում է ստեղծարարության ու փորձարարության մշակույթը հանրային ոլորտում՝ փնտրելով ոչ ավանդական լուծումներ, փաստահենք տվյալներ և փոխակերպող տեխնոլոգիաներ։
ԿԶՆ կենտրոնի գործունեության կենտրոնում իր նորարարական մեթոդներն են, որոնք փոխառված են մի շարք ոլորտներից, այդ թվում՝ տվյալագիտությունից, դիզայն մտածելակերպից և համակարգային մտածողությունից, թվային փոխակերպումից և վարքաբանությունից։