Aravot.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 18-ին Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 դպրոցի ֆիզկուլտուրայի հրապարակում անչափահաս 15-ամյա Ն. Հ-ի եւ այլ անձանց մասնակցությամբ ծեծկռտուքը եղել է հայհոյանքի պատճառով: Ծեծկռտուքից հետո նույն օրը Ն.Հ-ն բժշկական կենտրոն է տեղափոխվել, նույն օրն էլ դուրս է գրվել։
Նախնական տեղեկություններով, նոյեմբերի 18-ին դպրոցում անչափահասների, այդ թվում նաև Ն. Հ.-ի մասնակցությամբ վեճի և քաշքշոցի ընթացքում Ն.Հ-ն վայր է ընկել: Տվյալներ են առկա անչափահասի՝ շնչառության հետ կապված առողջական խնդիրներ ունենալու մասին։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նոյեմբերի 23-ին Ն.Հ-ի առողջական վիճակը վատթարացել է ու նա դիմել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ վերակենդանացման բաժանմունքում դեկտեմբերի 2-ին անչափահասը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կարդացեք նաև
Նախաքննություն է իրականացվում’ պարզելու դեպքի հանգամանքները, մահվան պատճառը, դրան նախորդած շրջանում կատարվածի և մահվան միջև պատճառական կապի առկայությունը։ Այդ նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Քրեական հետապնդում որեւէ անձի նկատմամբ դեռ չկա․
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ