«Ոչ ոք կասկածի տակ չի դնում, որ քրեական վարույթները տարբեր փուլերում ձգձգվում են»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է դատական գործերի անտեղի ձգձգման մասին։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել է՝ «Իրավապահ համակարգում բարեփոխումներ ենք արել, բայց կան պրոցեսներ, արդյունքներ չկան, հայտնի կոռուպցիոն գործեր կան դատական գործընթացում, եւ ես տպավորություն ունեմ, որ դրանք կարող են 25 տարի տեւեն»։
Կարեն Անդրեասյանի խոսքով՝ խնդիրն այն է, թե որ կառույցն է, ինչ պատասխանատվություն ունի, որտեղ են եղել սխալները, որտեղ են եղել մեղավորները․ «Մեր սկզբունքն է՝ մենք չենք մասնակցում քաղաքական բանավեճերին, բայց երբ լինում է առանձին դատավորի առանձին գործի վերաբերյալ ինչ-որ տեղեկատվություն, որը մեր համոզմամբ պատշաճ չէ, արձագանքում ենք»։
Անդրեասյանի ներկայացմամբ՝ բացթողումներ եղել են բոլոր համակարգերում․ «Ես իրավունք չունեմ մեղադրել, թիրախավորել որեւէ այլ մարմնի։ Եթե այստեղ լինեին քննչականի կամ դատախազության ղեկավարը, գոնե կոռեկտ կլիներ այս խոսակցությունը։ Հիմա կստացվի մեջքի հետեւում մեղադրում եմ կառույցին։ Բայց նաեւ դատական իշխանության մեղքը հաստատ եղել է։ Դատական իշխանությունում եղել են ձգձգումներ, դատավորների առանձին գործերում՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ եղել են դանդաղումներ»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի դատական գործն էլ անընդհատ ձգձգվում է, մեկ տարի՝ դատական գործընթաց է, 14 դատական նիստ է եղել, որից 12-ը հետաձգվել է հիմնականում վատառողջ լինելու հիմքով։ ԲԴԽ նախագահը պատասխանեց․ «Երդվում եմ, դուք այդ գործից ավելի շատ եք տեղյակ, քան ես։ Ես իրավունք չունեմ հետաքրքրվել գործից։ Այն օրը, որ հետաքրքրվեմ, կընկալվի որպես ճնշում, ազդեցություն անկախ դատավորի վրա»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ