«Այս դատալսումները ցույց տվեցին, որ քրեական գործը ոտքից գլուխ շինծու է և պետք է կարճվի, իսկ Էմմա Սարգսյանը և ես՝ արդարացվենք»,- այսօր դատարանում իր եզրափակիչ ելույթում հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը: Այսօրվա նիստում հնչեցին պաշտպանական կողմի ճառերը:
Հիշեցնենք, նաեւ որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար. նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալեյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալեյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալեյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։
Ավետիք Չալաբյանի գնահատմամբ, որպեսզի ապացուցի անապացուցելին, պետական մեղադրանքի կողմը փորձել է ընտրովի իրար կպցնել իրադարձությունների տարբեր կտորներ, անտեսելով բազմաթիվ փաստեր, որոնք չեն տեղավորվում սեփական վարկածի տրամաբանության մեջ, և այն աղաղակող հակասությունները, որոնք արդյունքում առաջացել են, և որոնք հստակ ի ցույց դրվեցին դատալսումների ընթացքում. «Տեղի է ունեցել պարզունակ սադրանք, այդպիսի հանցավոր արարքի տպավորություն ստեղծելու և ինձ վարկաբեկելու նպատակով։ Այդ սադրանքը իրականացրել են մինչ այժմ չպարզված անձիք՝ իրենց նպատակներում օգտագործելով Թոռնիկ Ալեյանին, նրա միջոցով փորձելով ինձնից կորզել հանրահավաքներին մասնակցության համար դրամական փոխհատուցման խոստում։ Երբ այս սադրանքը չի ստացվել «Դալան» ռեստորանում, փորձել են շարունակել նույնն անել Էմմա Սարգսյանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու և նրան մանիպուլացնելու միջոցով։ Երբ դա էլ ցանկալի արդյունք չի տվել, փորձել են այս անգամ տեսողական պատրանք ստեղծել՝ ձայնագրությունը մոնտաժ անելու և տարածելու միջոցով, որը ևս ձախողվել է, քանի որ ձայնագրությունը ինքնին որևէ հանցակազմ չի պարունակում, այնտեղ էլ «ենթադրյալ» հանրահավաքը բացակայում է, և չէր էլ կարող ներկա լիներ, քանի որ այն բնության մեջ գոյություն չուներ և երբեք քննարկման առարկա չի եղել»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, պետական մեղադրանքի վերջին հույսը մանիպուլացիան էր, փորձել գոյություն չունեցող հանրահավաքը փոխարինել «կոնտեքստով», կամ էլ կապել իրեն «Դիմադրության» շարժման այդ պահին ընթացքող հանրահավաքների հետ. «Այս մտավարժանքում պետական մեղադրանքի կողմը թերացավ գեթ մեկ ապացույց հայթայթել, որ ես որևէ կապ ունեմ այդ հանրահավաքների հետ՝ ընդհակառակը, գործի նյութերը ուղիղ հակառակն են վկայում։ Համոզված եմ, որ եթե այդպիսի ապացույց լիներ, հարգելի պետական մեղադրողը չէր զլանա դա ներկայացներ կամ էլ վկայակոչել իր եզրափակիչ ելույթի ընթացքում»։
«Եթե այս գործում կա մի իրական վնաս, ապա դա իմ, ընտանիքիս և գործընկերներիս կրած վիթխարի վնասն է՝ ապօրինի ազատազրկում, ժամանակի հսկայական կորուստ, նյութական, ռեպուտացիոն և առողջական վնասներ։ Սա է այս իշխանության օրոք «ժողովրդավարության» դեմքը, այսպես է գործում արդարադատությունը մեր երկրում, այդպես է նա օգտագործվում որպես դագանակ ռեժիմի քաղաքական հակառակորդների նկատմամբ, որոնց թիվն այժմ օր օրի աճում է»,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ