Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազի աշխատավարձը 160 հազար է, դատավորներինը՝ 440 հազար, ես ցանկանում եմ ունենալ արժանապատիվ աշխատավարձ, որ կարողանամ դրանով ապրել». Սերգեյ Մարաբյան

Դեկտեմբեր 05,2023 15:53

ԱԺ նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը թեկնածու Սերգեյ Մարաբյանին հարցրեց՝ իր նկատմամբ էլ է կարգապահական վարույթ հարուցվել, ինչ է թե խափանման միջոց է փոխել, արդյոք կարգապահական վարույթը պատժիչ միջոց չէ՞ դատավորների համար, որոնք փորձում են հակադրվել համակարգին ու գործող իշխանությանը:

Մարաբյանը պատասխանեց, որ իհարկե հոգեբանական առումով շատ ծանր է անցնել կարգապահական վարույթի միջով՝ ազնիվ ու սկզբունքային որոշում կայացնելու համար, բայց չի կարող ասել, որ կարգապահական վարույթը հետեւանք է այն բանի, որ դատավորներն իրենց անկախությունը զիջել են ինչ-ինչ շահերի. «Ես նման պնդում անելու համար առնվազն պետք է ունենամ փաստեր: Չեմ տիրապետում նման փաստերի, հետեւաբար ասել, որ դատավորները ենթարկվում են ճնշումների, կլինի պարզապես անհիմն հայտարարություն: Այն, որ դատավորները պետք է լինեն անկախ, դա յուրաքանչյուր դատավոր ինքը պետք է գիտակցի, որովհետեւ սահմանադրությունը, Դատական օրենսգիրքը ամրագրել է այդ մեխանիզմները: Եթե որեւէ դատավոր անկախ չի գործում, դա յուրաքանչյուր դատավորի պարտականության գիտակցման ու չգիտակցման խնդիր է: Ես աշխատել եմ անկախ, երբեք չեմ կայացրել որոշում՝ մտածելով, թե այդ որոշումը ինչ հանրային արձագանք կունենա, որովհետեւ այստեղ խղճի խնդիր կա: Ես որոշումները չեմ կայացնում դուր գալու կամ չգալու համար: Դա իմ պարտականությունն է սահմանադրական: Յուրաքանչյուր ոք ունի անկախ դատավարության իրավունք, եւ ես դա իրացնում եմ: Խաղադրույքը այլ անձանց ճակատագրերն են, մեր որոշումները ազդում են որեւէ անձի, ընտանիքի անդամների ճակատագրերի վրա: Ես 9 տարի դատավոր եմ աշխատում եւ բացառապես այս սկզբունքներով եմ ղեկավարվել: Մնացածի մասով չեմ կարող պատասխանատվություն վերցնել ու ասել՝ իրենք ենթարկվո՞ւմ էին ճնշման, թե՞ չէին ենթարկվում»:

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը հարցրեց՝ շատ են դատարանների որոշման համար ասում՝ ապօրինի որոշում կայացվեց՝ իշխանությունների ճնշման ներքո, կան քաղբանտարկյալներ, որոնք կալանքի տակ են պահվում, ձեր վերաբերմունքը ո՞րն է նմանատիպ կարծիքներին` այդ ճնշումներն իրակա՞ն են, թե՞մտացածին:

Սերգեյ Մարաբյանը պատասխանեց, որ իր նկատմամբ ճնշում չի եղել ու չի կարող լինել, որ ինքը որոշում կայացնի իր ներքին համոզմունքին հակառակ. «Ցանկացած որոշում, որ ես ստորագրել եմ 9 տարիների ընթացքում, հենց հիմա նորից կստորագրեմ ու կվերահաստատեմ, թեկուզեւ կան բեկանված ակտեր»:

Նա ասաց, որ չի բացառվում, որ ԶԼՄ-ների, փաստաբանների աղմուկը, թե ապօրինի որոշում է կայացնում դատավորը, ճնշման մի ձեւ է դատավորի վրա, բայց անձամբ ինքը դրանից չի ազդվում ու չի ճնշվում:

Անգամ օրինակ բերեց. «Արմեն Աշոտյանի գործի մասին ասում են՝ ճնշում կա: Եթե ես ճնշված էի, առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքով կասկած ասում եմ չկա, բայց այն մյուսով կա: Չկա ճնշում այդ առումով դա բացառապես իմ կողմից կայացված օրինավոր, հիմնավոր որոշում է: Որեւէ մամուլ կամ որեւէ փաստաբան չի քննարկում այն հարցը, որ ԵԺԿ-ի բանաձեւը անընդհատ քննարկվում էր, բայց ԵԺԿ-ն դատարանի վարույթում գործով նշում է, որ ապացույցներ չկան: Եվրոպական միակ կառույցը, որ կարող է դատարանի վարույթին գնահատական տալ, դա Եվրոպական դատարանն է: Եվ ես իմ որոշման մեջ արձանագրել եմ այդ ամբողջը, բայց դրա մասին ոչ մեկը չի բարձրաձայնում, որովհետեւ դա ցանկալի տեղեկատվություն չի»:

Դավոյանը նաեւ հետաքրքրվեց՝ Արագածոտնի մարզում դատախազ եք եղել, 2014-ին նշանակվել դատավոր, ինչո՞ւ մի համակարգից որոշում կայացրեցիք տեղափոխվել մի ուրիշ համակարգ: Մարաբյանը պատասխանեց, որ դատախազի աշխատավարձը 160 հազար դրամ է, դատավորներինը՝ 440 հազար դրամ. «Եթե ես սովորել եմ, հասել եմ գիտությունների թեկնածուի աստիճանի, ես ցանկանում եմ ունենալ արժանապատիվ աշխատավարձ, որ կարողանամ դրանով ապրել, հետեւաբար մոտիվացիան եղել է բարձր աշխատավարձը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031