Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղեկատվական դաշտում բաժանում կա՝ ըստ քաղաքական, տնտեսական, կլանային ճամբարների». Աշոտ Մելիքյան

Դեկտեմբեր 05,2023 15:43

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ներդնել լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգ։

Տիգրան Դադունցի լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

«Սա ճիշտ չի լինի դիտարկել որպես միջամտություն պետության կողմից: Պետությունը ոչ թե միջամտում է ԶԼՄ-ների ինքնակարգավորմանը, այլ խրախուսում է դա: Մենք, իհարկե, կարող ենք ասել, որ ԶԼՄ-ների ինքնակարգավորումը կարող է ինքնուրույն տեղի ունենալ, բայց փորձը ցույց է տալիս, որ առանց պետության օրենսդրական ճանաչման՝ դա տեղի չի ունենում: Ի դեպ, գրեթե բոլոր միջազգային ոլորտային կառույցներն այդ մասին նշել են իրենց փաստաթղթերում»,- Մեդիա կենտրոնում այս թեմայով կայացած քննարկման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը:

Դադունցի խոսքով. «ԵԽ կողմից իրականացված Հայաստանում Մեդիա ոլորտի գնահատման զեկույցում եւս նշվել է, որ վաղուց ժամանակն է մտածելու ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների խրախուսման մասին: Հիմա անդրադառնամ այն հարցին, թե ինչու է անհրաժեշտ ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի ճանաչումը, խրախուսումը: ԶԼՄ-ները հանրության տեղեկատվության մատակարարն են, նրան իրականացնում են հանրային վերահսկողի դերակատարություն, այնքան ուժեղ են ժողովրդավարական հասարակություններում, որ նրանց անվանում են 4-րդ իշխանություն:

Ուստի, որպեսզի մեդիա ոլորտը կարողանա իր այս գործառույթն իրականացնել, այն պետք է լինի սոցիալապես պատասխանատու, պետք է միաժամանակ երաշխավորի, որ հանրությանը մատուցում է օբյեկտիվ, ճշգրիտ տեղեկատվություն՝ զերծ սուբյեկտիվ գնահատականներից, ապատեղեկատվությունից, ատելության խոսքից: Եթե մենք ծայրահեղ մոտեցման մասին ենք խոսում, երբ պետությունն է միջամտում, ստեղծվում են հատուկ մարմիններ՝ այս ամենը կանխելու համար, իհարկե այստեղ խոսք կգնա միջամտության մասին, բայց եթե դա թողնում ենք ոլորտին, որ ինքը իր մեջ ստեղծի մեխանիզմներ՝ պայքարելու նման երեւույթների եւ դրանց հետեւանքների դեմ, արդեն պետք է խոսք գնա ինքնակարգավորման համակարգի կայացման մասին: Ոլորտը պետք է ինքն իր համար սահմանի ճիշտ, միջազգային չափանիշներին համապատասխան էթիկայի կանոններ, ստեղծի դրանց ապահովման համար միջոցներ, պատասխանատու լինի իր լսարանի առջեւ»:

A discussion on the topic of ‘Draft of the law on mass media. Towards responsible journalism?’ took place at the Media Center of Yerevan, Armenia

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, առաջարկվող փոփոխությունները կամավոր բնույթ են կրելու, եւ պետությունը իրավունք չի ունենալու պարտադրել, որպեսզի որեւէ լրատվամիջոց ինքնակարգավորվի: Ըստ ԽԱՊԿ նախագահի, այս օրենսդրական փոփոխությունների առանձնահատկությունն այն է, որ չեն նախատեսվում պատասխանատվության մեխանիզմներ, եթե ԶԼՄ-ն չի ինքնակարգավորվում կամ չի հետեւում լրագրողական էթիկայի նորմերին. «Այս օրենքի նախագիծը կարելի է ընկալել որպես հորդոր՝ ավելի որակյալ լրագրությամբ զբաղվելու, հետեւելու մասնագիտական էթիկական նորմերին: Այստեղ ուղղակի նախատեսվում են որոշ խրախուսական մեթոդներ, փորձ է արվում խրախուսել լրատվամիջոցներին խստորեն հետեւել լրագրողական էթիկայի նորմերին»:

Աշոտ Մելիքյանի ձեւակերպմամբ, ներկայումս տեղեկատվական ոլորտում բեւեռացում կա, բաժանում՝ ըստ քաղաքական, տնտեսական, կլանային ճամբարների. «Շատ լրատվամիջոցներ ուղղակի մի կողմ դնելով հանրային շահը՝ սպասարկում են տարբեր քաղաքական եւ կլանային շահեր ու այդ ընթացքում ոտնահարվում են նաեւ լրագրողական տարրական նորմերը: Նախ եւ առաջ սրանով է պայմանավորված այն, որ լրագրողական հանրության ուշադրությունը պետք է ուղղել դեպի մասնագիտական նորմերի պահպանմանը: Այն ԶԼՄ-ները, որոնք ինքնակամ կկարգավորվեն, նույն օրենքի նախագծով նախատեսվում է, որ պետական մարմինները նման ԶԼՄ-ների լրագրողներին անվերապահորեն կհավատարմագրեն, իսկ եթե ոչ՝ դա կմնա պետական մարմնի հայեցողությանը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031