Լրահոս
Օրվա լրահոսը

«Անորոշ, անհիմն, չհաստատված, ենթադրական». Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքն, ըստ նրա պաշտպանների

Դեկտեմբեր 05,2023 15:31

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը: Այսօրվա նիստում հնչեցին պաշտպանական կողմի ճառերը:

Հիշեցնենք, նաեւ որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար. նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալեյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալեյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալեյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Պաշտպանական կողմը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վարույթի ընթացքում այդպես էլ չապահովվեց գործով մեղադրյալ, Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ Ավետիք Չալաբյանի հակընդդեմ հարցումը, մինչդեռ այդ հարցումն էական հանգամանքներ կբացահայտեր, քանի որ Ավետիք Չալաբյանի դեմ տրված Էմմա Սարգսյանի ցուցմունքները վերցված են հապշտապ, առանց նրա պաշտպանի ներկայության եւ իրավական ընթացակարգերի բազում խախտումներով: Ի դեպ, Էմմա Սարգսյանի պաշտպանն էլ դատարանում հայտարարեց, որ իր պաշտպանյալի մեղավորությունն այս դատավարության ընթացքում, ապացուցված չի համարում:

Իսկ Ավետիք Չալաբյանի պաշտպանները հետեւյալ հարցերն էին պատրաստվում տալ Էմմա Սարգսյանին.

-Արդյոք Չալաբյանը իրեն ասե՞լ է, թե ինչի՞ համար է առաջարկում 2 միլիոն դրամը, մասնավորապես արդյոք Չալաբյանը ասել է, թե դրանք ուսանողներին հավաքներին ներգրավելու համար են։ Սա այն կարևոր հարցադրումն էր, որի պատասխանը գործի նյութերով, մյուս անձանց ցուցմունքներով չի հաստատվել և որի պարզման դեպքում էր միայն հնարավոր խոսել մեղադրանքում նկարագրված արարքի առկայության մասին։

-Չալաբյանն, արդյոք, հայտնե՞լ է իրեն ուսանողներին վճարովի աշխատանքի ներգրավելու մասին, մասնավորապես՝ բուկլետներ, ֆլայերներ և այլ նյութեր բաժանելու մասով։

-Արդյոք Թոռնիկ Ալեյա՞նն է շահագրգռված եղել ստանալու նյութական օգուտի առաջարկ։

– Եթե, այո ապա ինչպե՞ս է դա դրսևորվել։

– Ի՞նչ խոսակցություն է տեղի ունեցել Թոռնիկ Ալեյանի և նրա միջև վերջին հանդիպման ժամանակ ընդհատված խոսակցությունից հետո, կամ արդյոք եղել է որևէ շարունակություն, թե ոչ։

-Այդ ինչպե՞ս ստացվեց, որ նա իր ցուցմունքում տառացիորեն կրկնում է ձայնագրության բովանդակությունը, ընդ որում՝ ձայն 1, ձայն 2, ձայն 3 անձանց կողմից հնչեցված հերթականությամբ և չի կարողանում շարունակել տեղեկություններ հայտնելը՝ ձայնագրության վերջանալու պատճառաբանությամբ։

-Արդյոք դա եղե՞լ է հարցաքննության ժամանակ ձայնագրությունը լսելով և վերարտադրելով։

-Ինչպե՞ս է ստացվել, որ Էմմա Սարգսյանը տալիս է մանրամասն ցուցմունք այն մասին, որ Չալաբյանը իրեն չի ասել, թե այդ գումարն ինչի համար է տալիս, սակայն հաջորդ օրը դեպքի վայրի զննության արձանագրությամբ տալիս է դրան հակասող հայտարարություն։

-Ինչո՞ւ է այդ քննչական գործողությանը մասնակցել առանց պաշտպանի և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամների գնահատմամբ, իրականությունն այս գործով եղել է հետևյալը․ «Թոռնիկ Ալեյանը հանդիպում է Չալաբյանի և Արման Սահակյանի հետ, Չալաբյանը խոսում է Ալեյանի հետ երկրի ապագայի, հայրենիքի առջև ծառացած խնդիրների և իրենց ծրագրերի մասին, սակայն Ալեյանի՝ ֆինանսական թեմաներով ակնարկներից հետո հասկանում է, որ Ալեյանը քաղաքականապես հասուն չէ և հետաքրքրված չէ քաղաքական գործընթացներով։ Ընդ որում՝ այս մասին, մեզ պարզ է դառնում նաև «Ռեհան» ռեստորանում ականատես վկա Էրիկ Հայրապետյանի ցուցմունքից, որով նա հայտնում է, որ Թոռնիկի մասին մակերեսային խոսակցություն է եղել, որի ժամանակ Չալաբյանն ասել է, որ Թոռնիկը «ապաքաղաքական է և իմաստ չունի»։

Ավելին, Թոռնիկն ինքն է ասում, որ հեռախոսային խոսակցությամբ, որը եղել է «Դալանի» հանդիպման և վերջին՝ իր աշխատասենյակում հանդիպման միջակայքում, հայտնել է Էմմա Սարգսյանին, որ իրեն քաղաքական հարցերը չեն հետաքրքրում։

Այստեղ հարց է առաջանում, ո՞րն էր այն արդարացված շարժառիթը, որ երկու կողմից էլ նման դիրքորոշումներից հետո և այդ դիրքորոշումները հստակ արտահայտելուց հետո, այնուամենայնիվ, առաջարկ արվեր գումարի դիմաց քաղաքական ինչ որ բանի մասնակցել։

Պատասխանը շատ պարզ է, նման որևէ ենթադրության ողջամիտ հիմք գոյություն չունի, սակայն գոյություն ունի հակառակը՝ այն, ինչ ասում է Չալաբյանը։ Այսինքն, «Դալան» ռեստորանում հանդիպումից հետո, Ալեյանն ու Սարգսյանը շարունակում են բանակցությունները հնարավոր համագործակցության շուրջ, որում կողմերն ունեցել են այդ համագործակցության ստացման իրենց շարժառիթները, սակայն որոնք միանշանակ չեն համընկել Չալաբյանի շարժառիթների հետ, որը որպես հնարավոր համագործակցության եզր գտել է ուսանողներին վճարովի աշխատանքի ներգրավելու հնարավորությունը, ընդ որում՝ բացառապես օրինական աշխատանքի տեսքով։ Այդ առաջարկը Չալաբյանը փոխանցում է Էմմա Սարգսյանին, որը հանդիպելով Ալեյանի հետ՝ վերջինիս աշխատասենյակում հայտնում է գումարի մասին, սակայն չի հասցնում կոնկրետացնել գումարի դիմաց ակնկալվող աշխատանքի էությունը և սահմանափակվում է «ծիպը» արտահայտությամբ ինչ որ անհասկանալի օրինակով, որի մասին Չալաբյանը տեղյակ չի եղել և տեղեկացել է բացառապես ձայնագրությունից։

Ընդ որում՝ այն, որ առաջարկը կոնկրետ չի եղել և չի պարունակել որևէ կոնկրետ, մասնավորապես՝ ուսանողներին հավաքներին ներգրավելու առաջարկ, հայտնում է նույնիսկ Թոռնիկ Ալեյանը։

Ստացվում է մի իրավիճակ, որում Չալաբյանը հայտնվել է ենթադրությունների հիման վրա ձևավորված անհիմն դատողությունների շղթայի մեջ, որում բացակայում է Չալաբյանի՝ ենթադրյալ դրսևորած արարքի ոչ միայն սուբյեկտիվ կողմը, այսինքն՝ մեղքն ու շարժառիթը, այլև՝ օբյեկտիվ կողմի դրսևորումը՝ բուն արարքը։ Այս՝ մեղադրանքի տեսանկյունից անորոշ, անհիմն, չհաստատված, ենթադրական իրավիճակը չէր ստեղծվի և մենք չէինք հասնի դատավարական այս փուլին, եթե նախաքննության, ապա դատական քննության փուլում վարույթ իրականացնող մարմինները ականջալուր լինեին մեր միջնորդություններին և համապատասխան դատավարական գործիքակազմով միտվեին օբյեկտիվ իրականության բացահայտմանը»։

Ավետիք Չալաբյանի պաշտպաններն արձանագրում են, որ Չալաբյանի մեղքը ոչ միայն չապացուցվեց «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական շեմին համապատասխանող ապացույցների համակցությամբ, այլ չմնաց գեթ մեկ ապացույց, որը որևէ կերպ կմատնանշի Չալաբյանի մեղավոր արարքը, «ընդ որում՝ ուշադրություն դարձրեք, որ «գեթ մեկ ապացույց» ասելով ես չտարանջատեցի նույնիսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները», քանի որ նույնիսկ դրանք չեն պարունակում մեղադրանքը հաստատող բավարար կամ որևէ տեղեկություններ. «Դատավարական և նյութական նորմերի բազմաթիվ խախտումներով ուղեկցված այս դատավարությունից հետո, իհարկե, միամտություն կլիներ ակնկալել, որ Ավետիք Չալաբյանն արժանանալու է արդարացի վերդիկտի, սակայն ավելորդ վատատեսություն կլինի նաև կարծելը, թե մեր կողմից վեր հանված այս բոլոր խախտումներով հանդերձ սպասվող մեղադրական վերդիկտն ունենալու է երկար կյանք»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031