Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Քոչարյան․ Համաձայնության գալու եւ մեր ունեցվածքի մի մասը պետությանը փոխանցելու հնարավորությունը չեմ տեսնում․ իրենց մոտեցումը արդարություն վերականգնելը չէ, այլ՝ ցավեցնելը

Դեկտեմբեր 05,2023 15:15

«Եթե ասեմ, որ բավարարված եմ այն աշխատանքով, որ ընդդիմությունն է անում, ճիշտ չի լինի, բայց դա չի նշանակում չփորձել սեփական սխալները նաեւ ընդունելով՝ առաջ շարժվել»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Ընդդիմությունը հայտարարել էր, որ սեփական օրակարգով է վերադառնում ԱԺ, այսօր ո՞րն է ընդդիմության օրակարգը, ընդդիմությունը խոստացել էր իշխանությանը հեռացնել ու ձախողեց, լրագրողների այս հարցերին ի պատասխան Քոչարյանն ասաց՝ այս պահին ընդդիմության օրակարգում իշխանության սխալները վեր հանելն է․ «Որովհետեւ մեր բնակչության մեծ մասը պրոցեսներից լավ տեղյակ չէ կամ լավ չի պատկերացնում ինչ-որ բաներ; Ընդդիմության խնդիրն է ցույց տալու այդ ամենը, դրանք ավելի ակնառու դարձնել»։

Ինչ վերաբերում է իշխանափոխության խոստմանը, ապա Քոչարյանն ասաց՝ այո, ընդդիմությունը մասնակցում է նախեւառաջ այն հույսով, որ կկարողանա իշխանություն ձեւավորել, եթե մի կողմ դնենք, որ ընտրությունների միջոցով չի հաջողվել մեծամասնություն ձեւավորել, ապա մնում է երկար ճանապարհը․ «Մեր բնակչության զգալի հատվածի համար կտրուկ գործողությունները կարող է լավ չեն ընդունվում, ուզում են ավելի շատ խոսք, բանավեճ ու փաստարկված մոտեցումներ տեսնել, եւ փողոցային գործողություններին զուգահեռ, սա էլ ինչ-որ ձեւ է՝ ցույց տալու իշխանության սխալները։ Իհարկե, եթե ասեմ, որ բավարարված եմ այն աշխատանքով, որ ընդդիմությունն անում է, ճիշտ չի լինի, բայց դա չի նշանակում չփորձել սեփական սխալները նաեւ ընդունելով առաջ շարժվել»:

Դիտարկմանը, որ իշխանությունն ասում է, որ ՔՊ-ին ձայն են տվել, որպեսզի նախկինները՝ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը չվերադառնան, սրանից հետեւություն արե՞լ եք, Քոչարյանը պատասխանեց․ «Դա ինչ-որ դատողություն է, ես տվյալներ չունեմ դա հաստատելու կամ հերքելու։ Բնականաբար, մի մարդ, որը չի ընդունում մի թեւին, կարող է ձայն տալ մյուս թեւին։ Իրենք ի՞նչ են ուզում ասել՝ որ ժողովուրդը իրենց չի տվել քվե, այլ տվել է ուղղակի ընդդիմությանը դեմ»։

Մեկ այլ դիտարկմանը՝ հանրությունը համարում է, որ ընդդիմությունն այնքան վատն է, որ նույնիսկ այդ դեպքում ձայն են տալիս այն ուժին՝ ՔՊ-ին, որը բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ անվտանգային, պատճառ է, Քոչարյանը պատասխանեց․ «Վատ լինելը եւ վատ ընկալումը տարբեր բաներ են: Փաստ է, թե տարիներ շարունակ ինչ է մտցվել մարդկանց ուղեղները՝ ամենաստոր ձեւերով, Մեղրիից սկած մինչեւ այլ հարցեր: Այսինքն, եթե մարդը այն ամենը, ինչ լսել է եւ ընդունել է որպես փաստ, բնականաբար, իր մոտ այդ վերաբերմունքը շատ խորն է: Բայց մեծ մասը, որ մարդկանց մոտ կարծրացած կա նախկին ամեն ինչի նկատմամբ, դա հետեւողականորեն արվել է: Վերջին տարիներին այդ թեզերի կեղծ լինելը փաստեցինք»։

Հարցին՝ ձեր ունեցվածքը 36 միլիարդ դրա՞մ է, թե՞ ոչ, Քոչարյանը պատասխանեց, որ չգիտի․ «Փող ասելը մի բան է՝ եթե գիտես բանկային հաշվին ինչքան գումար կա, բայց եթե ունեցվածքը գնահատվում է, դա հիմնական այն ընկերություններն ու ակտիվներն են, որի արժեքը ես չգիտեմ։ Այն, ինչ մենք ունենք, չենք թաքցրել։ Հերքել ենք միֆերը՝ մոլիբդեն, օդանավակայան, յոթ հատ բանկ, ու այս իշխանությունը բոլոր հնարավորություններն ուներ եւ օգտագործել է դրանք ստուգելու, ու ամեն ինչ ստուգել են»։

Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի կառուցապատմանն ու փոխհատուցմանը, եւ այն դիտարկմանը, որ բնակիչներից մեկն ԱԺ-ում հայտարարել է, որ իր տունը անօրինական ձեւով են իրենից վերցնում, հիմա իր տան տարածքում «Ստեֆանո Րիչի» խանութն է, Լեւոն Քոչարյանն ասաց․ «Ես ուրախ եմ, որ մեր մայրաքաղաքում այդ հատվածը դարձել է սիրուն, բարեկարգված ու լավ փողոց։ Դրա ընթացքում ինչ սխալներ են թույլ տվել․․․ ցանկացած մեծ պրոյեկտներում կարող են թերացումներ լինեն։ Ես չեմ տիրապետում նրբություններին, թե մարդն ինչ ձեւով է փոխհատուցում ստացել։ Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ լավ փոխհատուցումներ են ստացել ու գոհ են մնացել։ Այդ կնոջ հուզական վերաբերմունքը կարող եմ հասկանալ»։

Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ ինչ-որ փոլում դատախազության հետ համաձայնության կգաք ու ինչ-որ մաս ձեր ունեցվածքից կփոխանցեք պետությանը, Քոչարյանը պատասխանեց․ «Ես չեմ տեսնում դրա հնարավորությունը, որովհետեւ նախ ինչ-որ բանի հետ պիտի համաձայն լինես, որ գնաս դրան։ Նաեւ իրենց մոտեցումն էլ չեմ կարծում, որ արդարություն վերականգնելն է, այլ զուտ վնաս պատճառելն ու ցավեցնելն է։ Գիտեք տարիներով ինչեր են մեզ վերագրվում՝ 4 միլիարդ դոլար, հիմա՝ 60-70 միլիոն դոլար, էնքան կտրված է իրականությունից․․․»։

Քոչարյանի խոսքով՝ նման բաները տարիներ շարունակ տարածել են այն մարդիկ, որոնց մեծ մասը հիմա իշխանության է։

Հարցին՝ ինչո՞վ է այսօր զբաղված Ռոբերտ Քոչարյանը, կարծես լուռ է, հայտարարություններ չի անում, Լեւոն Քոչարյանը պատասխանեց․ « Նա ակտիվ է։ Եթե խոսքը հանրային ակտիվության մասին է, իր որոշումը ներկա փուլում, նա ձեռքերը չի լվացել, մի կողմ չի քաշվել։ Չափազանց ծանր է նրա համար այն իրողությունը, որ ունեցանք վերջին տարիներին՝ հաշվի առնելով նրա ներդրումն ու ազատագրական պայքարում նրա ներդրումը։ Նա ակտիվ է՝ հանդիպումներ, քննարկումներ; Երբ ճիշտ կհամարի, կխոսի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031