Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասղեկության համար առանձին բյուջե կհատկացվի, որը դպրոցը կծախսի իր հայեցողությամբ»

Դեկտեմբեր 05,2023 15:19

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Երեւանի մի շարք դպրոցների ուսուցիչների խնդրանքով խորհրդարանում դեկտեմբերի 1-ին կազմակերպել էր քննարկում, որի առանցքում էին վերջիններիս աշխատավարձի եւ կամավոր ատեստավորման հետ կապված հարցերը:

Ուսուցիչներն անդրադարձել են ԿԳՄՍ նախարարության ներկայացրած ուսուցչի դրույքային ծանրաբեռնվածության նվազեցմանը՝ նշելով, որ 22 դասաժամը շաբաթական 18-20 դասաժամով փոխարինելը չի նպաստել ուսուցչի աշխատավարձի բարձրացմանը:

Մանկավարժներն առաջարկել են փոխել ուսուցչի աշխատավարձի հաշվարկման գործակիցը՝ սահմանելով 3.0, ինչպես նաեւ գրավոր աշխատանքների կատարման համար ուսուցչին վճարել առնվազն 20 տոկոս հավելավճար՝ հաշվի առնելով հանրակրթության պետական չափորոշիչներով առկա պահանջները:

Ուսուցիչներն առաջարկել են նաեւ վերաձեւակերպել կամավոր ատեստավորման որոշումը եւ ինչպես տարակարգի հաղթահարման դեպքում, վճարել հավելավճար՝ հանելով չհաղթահարման շեմը: Իսկ եթե կամավոր ատեստավորման գործընթացը լինի պարտադիր, ապա այն կազմակերպել այնպես, ինչպես պարտադիր ատեստավորման մյուս բաղադրիչներն են. նախապես պատշաճ վերապատրաստել եւ թեստավորել՝ համաձայն վերապատրաստման բովանդակության:

Ուսուցիչներն ակնկալում են, որ դպրոցների տնօրեններին չի ուղարկվի ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների ցանկը եւ չի պարտադրվի խզել աշխատանքային պայմանագրերը:

Մանկավարժները հույս են հայտնել, որ կամավոր ատեստավորումը կմնա միայն հավելավճարների ստացման հիմք, ինչպես տարակարգի դեպքում է:

Քննարկման ընթացքում բարձրացվել են ատեստավորման թեստերի կառուցվածքին ու անհամաչափությանը, աշխատավարձի դրույքաչափերի վերանայման անհրաժեշտությանն առնչվող հարցեր:

Մտահոգություններ են հնչել աշակերտների՝ դպրոց հաճախելիության, ցածր առաջադիմության հետ կապված:

«Մենք պատրաստ ենք համագործակցության, բայց ունենք հստակ քաղաքականություն ու գծագրված քայլեր, որոնց իրականացման ընթացքում հաշվի ենք առնում ուսուցիչների կարծիքն ու դիրքորոշումը»,- նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա համաձայնել է, որ կրթական համակարգում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Փոխնախարարի գնահատմամբ կամավոր ատեստավորման գործընթացը հնարավորություն է տալիս արձանագրել ուսուցչի առարկայական գիտելիքի իմացությունը: «Եթե մենք ուզում ենք փոխել կրթության որակը, ապա պետք է վստահ լինենք, որ դպրոցներում աշխատող մասնագետները տիրապետում են իրենց առարկային»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:

Խոսելով կամավոր ատեստավորման թեստի ծրագրից՝ ոլորտի պատասխանատուն նշել է, որ այն ներառում է տվյալ առարկայի ամբողջ ծավալը՝ անկախ այն հանգամանքից, թե ուսուցիչը որ կրթական մակարդակում է դասավանդում:

Փոխնախարարն անդրադարձել է նաեւ թեստերում առկա խնդիրներին, պատասխանների գնահատմանը, ԳԹԿ-ի արձագանքներին եւ այլն: Նշվել է, որ թեստերը մշակվում են մասնագիտական խմբերի կողմից, սակայն, այնուհանդերձ, քննությունների ժամանակ բացահայտվում են վրիպակներ ունեցող առաջադրանքներ: «Եթե մենք թեստերում հայտնաբերում ենք այդպիսի առաջադրանքներ, ապա անկախ ուսուցչի՝ դրանց տված պատասխանից՝ բոլորին դրական միավոր ենք հաշվում»,- տեղեկացրել է նախարարության ներկայացուցիչը:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ ամբողջովին փոխվում է պարտադիր ատեստավորման կարգը: Ներդրվում է կարիքի վրա հիմնված չորս մակարդակի վերապատրաստում:

«Ուսուցիչների կատարած գրավոր աշխատանքների համար բյուջեով վճարում նախատեսված չէ»,- նշել է փոխնախարարը: Նրա խոսքով նման աշխատանքների համար վճարումն իրականացվել է տնօրենի դիրքորոշմամբ մանկավարժական խորհրդում քննարկելու միջոցով: «Մենք որեւէ սահմանափակում այս մասով չենք նախատեսել»,- բարձրաձայնել է փոխնախարարը եւ հավելել, որ այսուհետ դասղեկության համար առանձին բյուջե կհատկացվի, որը դպրոցը կծախսի իր հայեցողությամբ:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը կարեւորել է նմանատիպ քննարկումների անցկացումը: Պատգամավորը նշել է, որ ուսուցիչները ոլորտի ամենակարեւոր շահառուներն են, եւ նրանց բարձրացրած հարցերն ու ներկայացրած առաջարկները լրացուցիչ կքննարկվեն հանձնաժողովում:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031