Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենաբովանդակային» պատասխանն «այո»-ն էր, հազարավոր հիմնավորումների փոխարեն. Ավետիք Չալաբյանի գործով պաշտպանները հանդես եկան ճառով

Դեկտեմբեր 05,2023 15:03

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը: Այսօրվա նիստում հնչեցին պաշտպանական կողմի ճառերը:

Հիշեցնենք նաեւ, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար. նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալեյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալեյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալեյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը նախ անդրադարձավ հանրային մեղադրողի՝ մեղադրական ճառում հնչած պնդումներին․ «Ապացուցվա՞ծ են, արդյոք, մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքները։ Հանրային մեղադրող այս հարցադրմանը տվեց դրական պատասխան բացառապես մեկ ապացույցի հիման վրա՝ ձայնագրության, որը նախ ապօրինի է և երկրորդ՝ մոնտաժված։ Դատախազը բացարձակապես չանդրադարձավ ձայնագրության իրավաչափության հարցին, այլ միայն պնդեց, որ այն մոնտաժված չէ, քանի որ փորձագիտական եզրակացությամբ նման պնդում առկա չէ։ Նախ, փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ ձայնագրությունը բնօրինակ չէ և հնարավոր չէ դրա հատկանիշների ու այն կատարած սարքի վերաբերյալ տեղեկություններ պարզել, բացի այդ՝ եզրակացությամբ հայտնվել է, որ հենց ձայնագրությունում եղած խոսակցություններն են անընդհատ, բայց ինչը չի նշանակում, որ ձայնագրությունում ամբողջ խոսակցությունն է։ Չէ՞ր հիշում, թե չի ֆիքսել հանրային մեղադրողն այն հանգամանքը, որ ասվածը հիմնավորվում է նույնիսկ Թոռնիկ Ալեյանի այն ցուցմունքով, որ «Դալան» ռեստորանում իրենց հանդիպմանը խոսել են իրենց գաղափարներից, Արցախի շուրջ ստեղծված վիճակից, ներկայացրեց իրենց շարժումը և այլն, իսկ այդ հատվածները ձայնագրությունում առկա չեն։ Ասվածը նաև հիմնավորվում է Չալաբյանի ցուցմունքներով։ Հարց է ծագում, թե ինչո՞ւ հարգելի հանրային մեղադրողը չվկայակոչեց այն ապացույցները, որոնք հավաստում են մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքների առկայությունը։ Շատ պարզ՝ չկան այդպիսի ապացույցներ»։

Պաշտպանական կողմն այլ հարցեր էլ ունի՝ ապացուցվա՞ծ է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը, ապացուցվա՞ծ է արդյոք մեղադրյալի կողմից այդ արարքը կատարելը. «Այս կարևորագույն, անկյունաքարային հարցադրման վերաբերյալ հարգելի հանրային մեղադրողն ավելի սակավախոս գտնվեց և բավարարվեց «ապացույցների միջոցով փազլը հավաքված համարվելու» վերաբերյալ պնդմամբ։ Կրկին՝ ի՞նչ ապացույց, հատկապես, որ ապացույցը փազլի ո՞ր հատվածն է հաստատված համարել և այլն մնում են անհասկանալի»։

Ապացուցվա՞ծ է արդյոք մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ. պաշտպանական կողմի հնչեցրած այս հարցի պատասխանն էլ այսպիսինն է. «Ամենաբովանդակային» պատասխանն այս հարցադրումն էր պարունակում՝ «ԱՅՈ», հազարավոր հիմնավորումների փոխարեն։

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Վարազդատ Հարությունյանը փորձեց ինքը՝ պաշտպանական կողմի տեսանկյունից, պատասխանել այս նույն հարցադրումներին եւ սկսեց քրեական վարույթի հարուցման հարցից:

«Գործի նյութերից պարզ է դառնում, որ քրեական վարույթը փաստացի սկսել է Ոստիկանության ԵՔՎ շտաբի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Ս․ Սարգսյանի զեկուցագրից, որում նա իր վերադասին հայտնում է, որ համացանցի ուսումնասիրության ընթացքում հանդիպել է «1000 դրամ՝ յուրաքանչյուր ուսանողի համար, ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը դրդում է ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալեյանին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» տեսանյութը։ Ահա այս տեսանյութի հիման վրա կազմված զեկուցագրից հետո իրականացվում է դրա ներբեռնման և զննության արձանագրությունն ու ուղարկվում դատախազություն, որն ըստ կարգի ներկայացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությանն ու նույն օրը հարուցվում է քրեական գործ և այդ պահից սկսվում է Ավետիք Չալաբյանի նկատմամբ ինտենսիվ քաղաքական-քրեական հետապնդումը։

Սույն քրեական վարույթի ընթացքում բացահայտվեց քրեական վարույթի հարուցման այն ապօրինի գործընթացը, որը քրեադատավարական կառուցակարգերի շրջանցմամբ և «զեկուցագրով» քողարկմամբ հաջողությամբ իրականացվել է»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ ոստիկանության աշխատակցի զեկուցագրում նշված medianews.site կայքը չի պարունակում իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական հաշվառման համարը։

Ըստ նրա, ստացվում է, որ սույն քրեական վարույթի հիմքում դրված է ՀՀ քրեական օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկությունը, այլ կերպ ասած՝ վարույթը նախաձեռնվել է անհայտ աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում

Պաշտպանական կողմը նաեւ գտնում է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսեւորվել. «Բայց դա, իհարկե, չէր կարող կաշկանդել Չալաբյանին բանտարկելու անհագուրդ ցանկությամբ լցված իշխանություններին, ցանկությունն այնքան մեծ էր իսկ ենթադրյալ ճնշումը քննչական մարմնի նկատմամբ այնքան ուժգին, որ քննիչը երևի թե շտապելու արդյունքում քրեական գործի նյութերի մեջ թողեց Չալաբյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական ենթատեքստի ու շարժառիթի ամենացայտուն ապացույցը՝ Թոռնիկ Ալեյանի հարցազրույցն «Առավոտ» թերթին, որում նա հստակ նշում է, որ թույլ չի տվել ուսանողներին մասնակցել ընդդիմության հավաքներին։ Թոռնիկ Ալեյանն այս փաստը հպարտորեն ընդունեց նաև սույն դատական քննության ընթացքում տված ցուցմունքի ժամանակ»:

Վարազդատ Հարությունյանի գնահատմամբ, այս գործը, որը կարծես թե դառնալու է նաև ՄԻԵԴ քննության առարկա, խարսխվելու է ի թիվս այլնի նաև քաղաքական դրդապատճառներով պետության խտրական մոտեցման համատեքստում, որտեղ ՄԻԵԴ-ը կառավարությունից է պահանջելու ապացուցել Չալաբյանի նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքի բացակայության փաստը։

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031