Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանի, նրա առաջին տեղակալ Տիգրան Պապոյանի, ինչպես նաեւ ընդդիմադիր ավագանիների բացակայության պայմաններում հրավիրված անվստահություն հայտնելու օրակարգով հրավիրված նիստը վարեց տարիքով ավագ Սիմոն Զախարովը։
Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու եւ Դավիթ Ղումաշյանին (ՀՀԿ նախկին անդամ) Ալավերդի համայնքի ղեկավար ընտրելու մասին օրակարգը հաստատվեց միաձայն։
Կազմակերպվեց փակ-գաղտնի քվեարկություն, որի արդյունքները հրապարակելուց առաջ, երբ դեռ 30 րոպե չէր անցել, Արկադի Թամազյանը իր կողմնակիցներով մտավ խորհրդակցությունների դահլիճ եւ հարց տվեց, թե ով է թույլատրել առանց համայնքի ղեկավարի նիստ կայացնել։
Լրատվամիջոցներին Արկադի Թամազյանը հորդորեց ֆիքսել, որ նիստի մասնակիցները պարտավոր էին մինչեւ կես ժամ սպասել համայնքի ղեկավարին, որից հետո միայն նիստը տեղակալը կվարեր կամ տարիքով ավագ անդամը։ Հետեւաբար, նիստը կայացել է օրենքի խախտումով եւ քվեարկել են օրենքի խախտումով։
Կարդացեք նաև
Սկսվեց բանավեճ նիստի մասնակիցների եւ ընդդիմադիր ավագանիների միջեւ, որին միացավ նաեւ իշխանական պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Միջամտեցին ոստիկանները։ Նրանք դահլիճից դուրս հանեցին ինչպես ընդդիմադիր ավագանիներին, այնպես էլ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին, որը ցույց էր տվել, որ արդեն իսկ սկսվել էր քվեարկությունը եւ շրջել քվեատուփը։
Կազմակերպվեց երկրորդ քվեարկություն, որի արդյունքով միայն մեկ խմբակցության ավագանիների մասնակցությամբ անվստահություն հայտնվեց Արկադի Թամազյանին եւ համայնքապետ ընտրվեց Դավիթ Ղումաշյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ