Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի՛ հավատացեք տիկին Խամոյանի ասած փաստերին, այդ թվում նաեւ՝ իմ ոգեւորության մասին». Կարեն Անդրեասյան

Դեկտեմբեր 05,2023 14:29

«Պարոն Անդրեասյան, ինձ անկեղծ ասած զարմացրեց ձեր այդ ոգեւորվածությունը Գեղամ Մանուկյանի բարձրաձայնած հարցերի հետ կապված»,- այսօր ԱԺ նիստում ԲԴԽ նախագահին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

ԱԺ նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Ներկայացված թեկնածուներից են Սերգեյ Մարաբյանը, Ռուբիկ Մխիթարյանը, Մանվել Շահվերդյանը:

Ագնեսա Խամոյանը Կարեն Անդրեասյանին ասաց. «Դուք եւ ձեր մտերիմ ընկերը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը բազմիցս անփառունակ գործեր եք արել՝ դատական համակարգում ձեր իշխանությունը հաստատելու համար: Ռուբեն Մխիթարյանի մասով մի քանի դրվագներ կան, թե ինչպես եք նրան ցանկացել դարձնել ԲԴԽ անդամ, բայց չի հաջողվել: Ընտրությանը նախորդած օրը ԲԴԽ-ի պաշտոնական էջով տարածված հայտարարությունը կա, որտեղ ակնհայտորեն ցույց եք տալիս, թե ում եք տալիս ձեր նախապատվությունը: Վերաքննիչի 18 դատավորների հետ ձեր խորհրդակցությունը կա մամուլում, որի մասով դատախազությունը նյութեր էր ուղարկել ԱԱԾ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Ռուբիկ Մխիթարյանին տրված բարեվարքության եզրակացության մասին հրապարակում եղավ, որ ակնհայտորեն խնդիրներ են իրենք տեսնում: Ինձ իսկապես զարմացնում է ձեր համառությունը Ռուբիկ Մխիթարյանի առաջխաղացումը ապահովելու համար, բայց, ինչպես հասկացանք, այսօր էլ է տապալվելու այդ փորձը, ամենայն հավանականությամբ՝ չի ընտրվելու ինքը»:

Ի պատասխան՝ Կարեն Անդրեասյանը դիմեց քաղաքացիներին. «Մի՛ հավատացեք տիկին Խամոյանի՝ վերջին րոպեներին ասած փաստերին, այդ թվում` նաեւ իմ ոգեւորության մասին: Ես այդ տարիքից դուրս եմ եկել, որ ոգեւորվեմ աշխատանքային տարբեր քննարկումներով»:

Նա ասաց, որ իրենց համար երեք թեկնածուներն էլ նախապատվելի են, ում թեկնածությունը կընտրի ԱԺ-ն, համաձայն կլինեն: Ինչ վերաբերում է «դեղին» մամուլի հրապարակումներին, «ամեն գրառումը չասենք մամուլի նյութ, ամեն բամբասողին էլ չասենք լրատվամիջոց»:

Կարեն Անդրեասյանը հայտարարեց. «Սուտ է, որ ես որեւէ հաղորդագրություն եմ տարածել: Նաեւ սուտ է, որ ես աջակցել եմ որեւէ մեկին եւ հաջողության չեմ հասել: Այն ժամանակ էլ, հիմա էլ կան ստեր տարածողներ եւ ցավում եմ, որ այդ սուտը ձեզ է հասել ու դա տարածում եք ամենաբարձր ամբիոններից մեկում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031