Այսօր ԱԺ նիստում քննարկվեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Ներկայացված թեկնածուներից էին Սերգեյ Մարաբյանը, Ռուբիկ Մխիթարյանը, Մանվել Շահվերդյանը: Ինչպես պարզվեց, Ռուբիկ Մխիթարյանն ու Շահվերդյանը չէին եկել ԱԺ: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ Մխիթարյանը վիրահատություն է տարել ու ինքնազգացողությունը վատացել է:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը առողջություն մաղթեց Ռուբիկ Մխիթարյանին՝ հիշեցնելով, որ նա հաշվի չի առել առողջական խնդիրներ ունեցող Չարչյանի խնդիրը ու կալանքի տակ պահել:
Անդրադառնալով թեկնածության հարցին՝ նա հարցրեց. «Պարոն Անդրեասյան, ժողովրդական խոսք կա, ասում են՝ լավ, ձեր գյուղում էլ ուրիշ հերոս չկա՞: Ռուբիկ Մխիթարյան, 2022-ի դեկտեմբերին առաջադրվել է ԲԴԽ-ի կողմից Վճռաբեկ դատարանի Վարչական պալատի թեկնածու, հունիսին ԱԺ-ում էլի քննարկվել է նրա թեկնածությունը Վճռաբեկի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար, չի ընտրվել: Հետո ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրվել դատավորների կողմից, չի ընտրվել: Մամուլում հրապարակվեց տեղեկություն, որ ձեր նախաձեռնությամբ 18 դատավորներով ԲԴԽ-ում տեղի է ունեցել ոչ օրինական նիստ, դուք հայտարարել եք, որ Վերաքննիչ դատարանի նախագահի հետ խնդիրներ ունեք, չեք կարողանում նրա հետ աշխատելու առաջարկել եք Ռուբիկ Մխիթարյանին ընտրել Վերաքննիչի նախագահ, դատավորներն ըմբոստացել են: Այդ տեղեկությունը որեւէ կերպ չի հերքվել: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է Ռուբիկ Մխիթարյանի ֆենոմենը: Իհարկե, ես հասկանում եմ, Ռուբիկ Մխիթարյանն ընդհանրապես դատական համակարգում՝ Վերաքննիչում համարվում է քաղաքական պատվերով որոշումներ կայացնող ամենահայտնի դատավորներից մեկը: Բայց այնպես անկեղծ խոսեցիք դատավորների մասին, սենտիմենտալ, մարդկանց սիրտն էր հալվում: Կարո՞ղ է այս անգամ էլ անկեղծանաք»:
Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Դե որ անկեղծություն եք ուզում, անեմ»: Ըստ նրա, հենց այս հարցադրումների համար դատավորները չեն ուզում գալ ԱԺ. «Սահմանադրությամբ իշխանության 3 հավասար ճյուղեր գոյություն ունեն. Օրենսդիր, գործադիր եւ դատական: Խնդրում եմ հարգալից խոսել իշխանության երրորդ թեւի ներկայացուցիչների մասին: Ուզում եմ հիշեցնել, որ կա «Քրեական օրենսգիրք» այս ԱԺ-ի կողմից ընդունված՝ դատավորին վիրավորելու հետ կապված հոդվածներով: Ինչ վերաբերում է պարոն Մանուկյան ձեր մեջբերումներին մամուլից, եթե մամուլի բոլոր հրապարակումները սկսեինք ԱԺ-ի այս բարձր ամբիոնից մեկնաբանել, ուղղակի կարծում եմ ԱԺ-ն իր բարձունքից կարող էր սասանվել, դրա համար թույլ տվեք ասեկոսեները չմեկնաբանել»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, Ռուբիկ Մխիթարյանը իր պարտավորությունները պատշաճ կատարել է, հակառակ դեպքում իր դեմ կլիներ գոնե մեկ կարգապահական վարույթ, կամ արդեն լիազորությունները դադարեցված կլինեին:
Կարեն Անդրեասյանի՝ Քրեական օրենսգրքի հոդվածը հիշեցնելը Գեղամ Մանուկյանին հիշեցրեց Էդմոն Մարուքյանին՝ «էդ սպառնը՞մ եք»: Մանուկյանն ասաց, որ կարգապահական վարույթներ ԲԴԽ-ն հարուցում է, երբ իրենց սրտին հաճո դատավոր չի լինում. «Վստահ եմ, Ռուբիկ Մխիթարյանի դեպքում նման վարույթ չէիք հարուցի: Ռուբիկ Մխիթարյանը մամուլի հրապարակումից հետո ասել էր, որ ինքը իրավական քայլերի է դիմելու, դա հունիսին էր, մինչեւ հիմա որեւէ հայց չի ներկայացվել, հերքում չի եղել»:
Կարեն Անդրեասյանը հերքեց՝ ասելով, որ մամուլի այդ հրապարակման հետ կապված իրավական գործընթաց եղել է. «Իրավապահ մարմինները ստուգել են ու պարզել են, որ դա սուտ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ