Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան․ «Եթե ուսումնասիրենք 5, 10, 20 տարի առաջ․․․ փեսաներ, աղջիկներ, հարսներ, կանայք․․․ որ դարձել են դատավորներ, կտեսնեք, որ հիմա որքան են անկախ մարդիկ, որոնք որեւէ մեկի հետ առնչություն չունենալով՝ դարձել են դատավոր»

Դեկտեմբեր 05,2023 13:36

ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի եղբայրը՝ Դավիթ Սարգսյանը դատավոր է նշանակվել ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգու համապատասխան։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Դավիթ Սարգսյանը Արարատի մարզի դատավոր է նշանակվել, այն դեպքում, երբ նրա նկատմամբ քրեական հետապնդում է եղել, հետո այն դադարեցվել է վաղեմության հիմքով, այլ ոչ թե արդարացման։

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ ԲԴԽ-ն երբեւէ կասկածյալի կամ մեղադրյալի չէր կարող նշանակել դատավորի պաշտոնում, բոլոր իրավական գործընթացները պատշաճ պահպանվել են․ «Բոլորի հետ էլ կարող են լինել միջադեպեր։ Այդ մեղադրանքը ավտովթարի հետ է կապված եղել։ Ուսումնասիրում ենք, չնայած այս պահին ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել Սարգսյանի անմեղության կանխավարկածը։ Նախկինում էլ այդ գործը ավարտված է եղել, դրա համար խորհուրդը նպատակահարմար է գտել նախ քննարկել նրա թեկնածությունը։ Հետո նիստի ժամանակ խորհուրդը ուղղել է բոլոր հարցերը բարեվարքության հետ կապված»։

Դիտարկմանը՝ որ բարեվարքության եզրակացությունը բացասական է եղել, Անդրեասյանը պատասխանեց․ «Բոլոր այն խնդիրները, որոնք նշված են եղել բարեվարքության եզրակացության մեջ, հատ առ հատ ուշադրության են արժանացել։ Թեկնածուն հաղթահարել է շատ բարդ քննություն, շատ դժվարությամբ անցել է մի քանի փուլ, որից հետո որոշակի ձայներ բավարար են եղել, նշանակվել է դատավոր՝ Սահմանադրության տառին եւ ոգուն համապատասխան»։

Անդրեասյանը խնդրեց գործող դատավորներին չփորձել հեղինակազրկել նախկին խոսակցությունների կամ կասկածների հիման վրա, եթե չկան իրական ապացույցներ, որ նա ինչ-որ բանում մեղավոր է։

Լրագրողների դիտարկմանը, որ Դավիթ Սարգսյանը իշխանական թիմի հետ կապ ունի, ԲԴԽ-ի սրտի թեկնածուն է, Անդրեասյանը պատասխանեց՝ ԲԴԽ-ն սրտի թեկնածու չունի։ «Լավ է, որ մանրազնին հարցեր եք տալիս։ Եթե ուսումնասիրենք 5, 10, 20 տարի առաջ․․․ փեսաներ, աղջիկներ, հարսներ, կանայք, ամուսիններ․․․ որ դարձել են դատավորներ, կտեսնեք, որ համեմատության մեջ հիմա որքան են անկախ այն մարդիկ, որոնք կրթություն են ստացել, աշխատել, որեւէ մեկի հետ առնչություն չունենալով՝ դարձել են դատավոր»։

Դիտարկմանը՝ ՔՊ-ական պատգամավորն Արթուր Դավթյանն էլ է դարձել դատավոր, Անդրեասյանը պատասխանեց՝ նա Վճռաբեկ դատարանի դատավոր է, իսկ ես խոսում եմ ԲԴԽ որոշումների մասին․ «ԱԺ-ն կարող է ընտրել նախկինում քաղաքական անցյալ ունեցող մարդկանց, այլ հարց է, թե ընտրվելուց հետո ինչ վարքագիծ է դրսեւորել։ ԲԴԽ-ն խոչընդոտ չի տեսել եւ եզակի դեպքերում կարող են լինել մարդիկ, որոնք ինչ-որ ազգակցական կապեր ունեն այլ մարդկանց հետ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031