Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը մտահոգություն հայտնեց, որ ժողովրդավարական Հայաստանում ոստիկանությունը արգելափակում է Ալավերդու համայնքապետարանի աշխատակիցների մուտքը իրենց աշխատատեղ. «Դուք կապվե՞լ եք տեղի իշխանությունների հետ, ՆԳՆ-ի հետ, փորձե՞լ եք հասկանալ, թե ինչու են ոստիկանները խոչընդոտում համայնքապետարանի աշխատանքը»,- հարցրեց նա ԱԺ նախագահին:
Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես տեղեկություն չունեմ եւ չեմ կապվել: Հենց ունենամ, ձեզ անձամբ կտեղեկացնեմ»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ասաց. «Շատ կարեւոր է, որ տեղեկություն ունենաք, որովհետեւ Հայաստանում ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բռնաբարություն է հիմա տեղի ունենում Ալավերդիում, երբ եզակի ոչ իշխանական թեկնածու համայնքի ղեկավարն է եւ կարմիր բերետավորներով ոստիկաններով, փոխոստիկանապետով փորձում են բռնազավթել իշխանությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ