Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«էդ երբվանի՞ց եք դուք ՌԴ նախագահին վերապահել ՀՀ անունից որոշումներ կայացնելու եւ հանդես գալու իրավունքը, էդ նորությո՞ւն է». Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 05,2023 12:38

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գտնում է, որ ընդդիմադիրները զգայուն թեմաների հետ են խաղում, էմոցիոնալ նախագծեր բերում, վերցրել են Արցախի հարցը, գումարել Հայոց ցեղասպանությունը ու «Հայաքվեի» նախագիծը բերել ԱԺ:

Հիշեցնենք, որ «Հայաքվեի»՝ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծով ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։

Վլադիմիր Վարդանյան

Վլադիմիր Վարդանյանն ասաց, թե Արծվիկ Մինասյանից 15 րոպե կպահանջվի, որ այդ առաջարկը՝ փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, դնել նորից շրջանառության մեջ, բայց դա չի արվում. «Դուք գնացել եւ ստորագրել եք այդ նախաձեռնությունը: Ավելի անկեղծ չէ՞ր լինի ասել՝ պետք չի 50 հազար ստորագրություն, մենք այդ նախագիծը կդնենք շրջանառության մեջ»:

Արծվիկ Մինասյանն էլ ասաց՝ սահմանադրական իրավունքը փորձում են փոխարինել պատգամավորի նախաձեռնությամբ՝ արհամարհելով քաղաքացիներին տրված իրավունքը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցրել էր՝ ընդդիմությունն ուզում է, որ ՌԴ նախագահին ենթարկեն քրեական պատասխանատվությա՞ն, որովհետեւ ինքն էլ է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, իսկ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրել էր, թե ի՞նչ է տալու այս նախագիծը, ի՞նչ ռիսկեր կան:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց երկուսին՝ ասելով, որ փաստորեն տեղյակ չեն նախագծից. «Եթե ՌԴ նախագահը կարող է ՀՀ-ի անունից Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, այո, պետք է ենթարկվի պատասխանատվության: Բայց էդ երբվանի՞ց եք դուք ՌԴ նախագահին վերապահել ՀՀ անունից որոշումներ կայացնելու եւ հանդես գալու իրավունքը, էդ նորությո՞ւն է: Սա ցույց է տալիս, որ դուք ընդհանրապես ծանոթ չեք նախագծին: Սա ցույց է տալիս, թե ովքեր են էմոցիոնալ ֆոնի վրա խոսում եւ ովքեր են, որ փորձում են շահարկել: Դուք՝ մեծամասնությունը»:

Հայկ Կոնջորյան

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ասաց, որ ընդդիմության՝ աշխարհի վերաբերյալ քարտեզը իրականության հետ չի բռնում, դրա համար ժամանակավրեպ է. «Դա մոտավորապես նույնն է, որ Թումանյան փողոցից ուզեք գնաք Տիչինա, մեքենայի նավիգատորով ուզեք գնաք, բայց Մեծ Հայքի քարտեզը ներբեռնեք, չի ստացվի, ուրիշ տեղ կգնաք: Ձեր մտածողության եւ իրականության մեջ այնքան մեծ դիսոնանս գոյություն ունի, որ դուք նույնիսկ չեք հասկանում, թե այն նախագծերը, որոնք այստեղ ներկայացնում եք, ոնց կարող եք հիմնավորել: Հասկանում ենք, նախաձեռնությունը եկել է, դուք այդ նարատիվի պաշտպանողն եք, եթե չգաք այստեղ, չպաշտպանեք, ժողովրդական լեզվով ասած կփչանաք, դա էլ ենք հասկանում, դեմք եք փրկում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031