ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքապետ ընտրված «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանին ՔՊ-ի կողմից նախաձեռնած անվստահություն հայտնելու գործընթացում իր թիմակցին աջակցելու նպատակով Ալավերդիում գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը տեղի ունեցողի մասին ասաց․ «Սա խոսում է նրա մասին, որ իշխանությունը վախենում է սեփական համայնքում համայնքի շենք մտնել առանց ոստիկանների։ Ու դրա համար ստիպված գիշերն են գալիս։ Հիմա ոստիկանությունն ակնհայտ ապօրինություններ է իրականացնում՝ խոչընդոտելով առաջին հերթին համայնքապետարանի աշխատակիցների ազատ մուտքը։ Որեւէ կարգավորում չկա, որ աշխատակիցները, առավել եւս՝ քաղաքացիները, պետք է ցուցակներով ներս մտնեն։
Քաղաքացիներն օրինական հավաք անցկացնելու թույլտվություն են ստացել, բայց այս պահին տեսնում ենք, որ հսկայական ոստիկանական ուժեր են կենտրոնացված համայնքապետարանի դիմաց, նաեւ քաղաքի տարբեր հատվածներում․ տարբեր գնահատականներով մինչեւ 1000 հոգի։ Ու հիմա իշխանությունը փորձում է հերթական անգամ իր զոռբայությամբ իշխանությունը խլել։ Այսինքն, այս պահին կարող ենք արձանագրել, որ ոստիկանությունը փորձում է իշխանությունը խլել «Ապրելու երկրից»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ