Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու լսումներ չեք կազմակերպում․ Անահիտ Բախշյանի նամակն ԱԺ նախագահին

Դեկտեմբեր 05,2023 11:50

Բաց նամակ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին

Հարգելի պարոն Սիմոնյան

Սույն թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում մեր հանդիպման ժամանակ, որին ներկա էին 1999թ. Հոկտեմբերի ահաբեկչության զոհերի հարազատները, ես հարցրեցի, թե ինչո՞ւ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում լսումներ չեք կազմակերպում հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների մասով վերաբացված գործի ընթացքի մասին, մի՞թե մեր երկրի ապագա անվտանգության հետ կապված այս օրհասական օրերին չեք կարևորում այդ գործի ընթացքի մասին Ազգային Ժողով հրավիրել պատասխանատու պաշտոնյաներին և լսել նրանց, թեկուզ փակ ընթացակարգով:

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության տուժողը նաև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին է, մեծից՝ փոքր, ինքն էլ է շահագրգռված այս գործի վերաբացմամբ և ահաբեկչության կազմակերպիչների բացահայտումներով։ Այս գործը պե՛տք է բացահայտի մեր պետության ներքին և արտաքին թշնամիներին, նրանց բացահայտումն այլընտրանք չունի, որպեսզի այլևս երբեք մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ դեմ որևէ հանցագործություն չկրկնվի, իսկ Ազգային Ժողովը, որպես տուժող, պետք է առաջինը շահագրգռված լինի այդ ահաբեկչության պատվիրատուներին և կազմակերպիչներին բացահայտել և գործել մեկ նշանաբանով՝ ԱՅԼԵՎՍ՝ ԵՐԲԵ՛Ք։

Ձեզանից ակնկալում եմ նամակիս գրավոր պատասխան, որտեղ կոնկրետ կասեք ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում իրականացվելիք վերոնշյալ գործընթացի մասին:

 Հարգանքով՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում ահաբեկչության ժամանակ սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի իրավահաջորդ՝

Անահիտ Բախշյան

05.12.2023թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել