«Չեմ հասկանում, թե որտեղի՞ց է այդ խոսույթը, թե ՀՀ-ում որեւէ իշխանավոր չի օգտագործում Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթը: Դրա օրինակը որտեղի՞ց եք վերցրել, պետական պաշտոնյաները բոլորն էլ օգտագործում են: Այդ դրվագը (նկատի ունի վարչապետի մամուլի խոսնակի շփոթությամբ Արցախ ասելը,- հեղ) վերցրեցիք, տարածեցիք, ծիծաղեցիք, անցավ գնաց»,- ԱԺ նիստում «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագիծը քվեարկությամբ մերժելու հարցի շուրջ քննարկման ժամանակ իր արտահերթ ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասում էր, որ ՔՊ-ն տապալում է ընդդիմադիրների նախաձեռնությունները ու ոչնչացնում պառլամենտարիզմը:
Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Մենք ձեզ փրկում ենք, օգնում ենք, պարո՛ն Մինասյան, որովհետեւ դուք ձեր նախաձեռնության պատանդն եք այս պահի դրությամբ եւ դեմք պահպանելու համար ցույց եք տալիս, որ դա ամենակարեւոր բանն է: Ձեր պատկերացմամբ, եթե այս օրենքը ընդունեինք, ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար»:
Արծվիկ Մինասյանը տեղից ասաց՝ բոլորին, ձեզնից սկսած:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց. «Բոլորին: Ֆիքսեցինք: Շատ կարեւոր արձանագրում էր, թե չէ մարդիկ կան, ասում են՝ դուք պրոռուսական ընդդիմություն եք, ես այդքան չէի հավատում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ