Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք եկել էիք՝ մեզ սպանելու, մեր գնդակահարությունն էիք բեմադրում եւ ուրախանում դրա վրա, խորոված անում». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Դեկտեմբեր 05,2023 11:02

«Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստում դրվեց քվեարկության եւ մերժվեց 24 «կողմ», 57 «դեմ» եւ 0 ձեռնպահ ձայներով: Անհրաժեշտ էր 41 «կողմ»:

RA National Assembly session took place

Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծին բացասական եզրակացություն էին երեկ տվել, ՔՊ-ն որոշեց դեմ քվեարկել նաեւ լիագումար նիստում:

Խոսքը «Հայաքվեի»՝ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծի մասին է, համաձայն որի՝ ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։

Երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրակարգը ներկայացրեց, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Հերթական անգամ նախագիծը սպանվեց հանձնաժողովի մակարդակում, թույլ չտրվեց, որ այն մտնի ԱԺ լիագումար նիստի օրակարգ: Որպես ԱԺ նախագահ, չե՞ք գտնում, որ ձեր կուսակիցների այս պահվածքը ուղղակի հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն միտված քայլ է»:

Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Որպես ԱԺ նախագահ, գտնում եմ, որ պառլամենտարիզմը ոչնչացնում է նիստերին չգալը, Դոնթի բանաձեւով ընդդիմությանը տրամադրված հանձնաժողովի ղեկավար կազմը չձեւավորելը, խորհրդի նիստերին չմասնակցելը եւ նմանատիպ այլ գործունեությունը: Իսկ ես ինչ եմ գտնում՝ կարծում եմ, օրենքից վեր չի կարելի լինել: Օրենքով նախատեսված շատ հնարավորություններից դուք հրաժարվում եք, հետո գալիս եք այստեղ, երկմտում»:

Արթուր Խաչատրյանը հարցրեց կարո՞ղ է դա ընկալել՝ որպես բաց շանտաժ՝ քանի որ սահմանադրությամբ իրենց վերապահված պաշտոններից հետ են կանչել իրենց մարդկանց, իրենք այսպես շարունակելու են ընդդիմության բոլոր նախաձեռնությունները սպանել:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ոչ, քանի որ ընդդիմադիրների նախագծեր կան, որ օրենք են դարձել. «Մեր ընտրողները, մեզ սատարող մարդիկ իրենց ընտրած պատգամավորներից, կարծում եմ, գոհ են»:

RA National Assembly session took place

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց. «Հերթական անգամ կամայական մեկնաբանությամբ կանոնակարգի եւ աշխատակարգի մերժվեց նախագիծը: Հիմնական զեկուցողի իրավունքը, որ երաշխավորված է կանոնակարգով, արհամարհվեց: Հանրության համար անհրաժեշտ է ունենալ մի իշխանություն, որն իր նախընտրական խոստումները պահպանում է: Իրականացնում եք ուղիղ հակառակը, չե՞ք մտածում, որ ձեր վարքագիծը ոչ միայն հակասում է պարզ տրամաբանությանը, այլ նաեւ օրենքների անտեսմամբ՝ մեր խորհրդարանը տանում եք անհասկանալի ուղղությամբ»:

Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Ես անկեղծ չեմ հասկանում, թե դուք ի՞նչ գործ ունեք մեր նախընտրական խոստումի հետ: Ձեր նախընտրական խոստումը եթե ձեւավորենք, դուք եկել էիք՝ մեզ սպանելու, մեր գնդակահարությունն էիք բեմադրում եւ ուրախանում դրա վրա, խորոված անում: Ինչ վիրավորանք ասես ասացիք մեր ընտրողներին, այնքան արեցիք դա, որ նույնիսկ վիրավորանք բառը իր արժեքը կորցրեց: Հիմա եկել ասում եք՝ ձեր ընտրողները: Մեր ընտրողների հետ ի՞նչ գործ ունեք: Մեր ընտրողների մի մասը եկել ընտրել է, որ դուք հանկարծակի այստեղ չհայտնվեք: Մի ստվար զանգվածի ցանկությունը այդ մասով կատարել ենք: Իսկ մենք մեր ընտրողների հետ կխոսենք 2026-ին»:

Քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը ներկայացրեց նախագիծը, որից հետո այն դրվեց քվեարկության եւ մերժվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Ընտրողները այդ ամբիոնը օգտագործելու իրավունքը ձեզ տվել են, որ երկրի համար կարևոր, հրատապ ու առաջնային խնդիրները ( որոնք տարիներ շարունակ մեծ հոգս են եղել մարդկանց գլխին) քննարկեք և լուծեք, թե՞ , որ իրար վրա ցեխ շպրտեք, իրար ծաղրեք ու սպառնաք, ԱԺ-ն վերածեք խայտառակ երևույթի , ժամանակ սպանեք ու դրա համար վճարվեք ժողովրդի մուծած հարկերից։ Ներկայիս հայկական աղբամանային անիմաստ, անհամ,բթացնող սերիալներից ոչնչով չտարբերվող անօգուտ վազվզոց ու գզվրտոց։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031