Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ այսպես եղավ» հարցի պատասխանը մինչ օրս էլ չեն կարողանում ստանալ. «Փաստ»

Դեկտեմբեր 05,2023 10:49

Հարյուր հազարից ավելի արցախցի մեր հայրենակիցներ բռնեցին բռնի տեղահանման ճանապարհն ու, թողնելով իրենց տունը, հայրենի հողը, եկան և փորձեցին բնակություն գտնել մայր Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում։ Նրանց թվում է նաև Մարտակերտի շրջանից Երևան տեղափոխված Սարգսյանների ընտանիքը։ Պատերազմի պատճառած կորուստների, հայրենի բնակավայրը թողնելու և այլ հարցերի մասին զրուցել ենք ընտանիքի կրտսեր դստեր՝ Ալյոնայի հետ։

Եթե բռնի տեղահանությունը չլիներ, նա կավարտեր Արցախի պետհամալսարանը. 4-րդ կուրսում է սովորում, մասնագիտությամբ ֆիզիկոս է։ Արցախցիների համար բարդությունները ծագել են դեռ շրջափակման մեջ լինելու ժամանակներից։ Աղջկա խոսքերով, շատ են եղել ծանր ու դժվար օրերը, սակայն երբեք հանձնվելու մասին չեն մտածել, «ինչո՞ւ այսպես եղավ» հարցի պատասխանը մինչ օրս էլ չեն կարողանում ստանալ։

Թե ինչ է թողել Արցախում, այդ մասին առանց հուզմունքի աղջիկը խոսել չի կարողանում. «Այն, որ Արցախի բնությունն անհամեմատելի է, դրա մասին խոսք լինել չի կարող։ Ես բնությունս ու հորս ձեռքերով սարքած տունն եմ թողել այնտեղ, հորս շիրիմն եմ թողել այնտեղ»։ Ինչպես Ալյոնան է նշում, տունը կառուցելու ժամանակ հայրը յուրաքանչյուր մանրուքին շատ ուշադիր է եղել և ամեն քարի մեջ ասես կյանք ու հոգի է դրել. «Մինչև այսօր հիշում եմ՝ ինչ ոգևորությամբ էինք տունը կառուցում, ճիշտ է՝ մեզ օգնող շինարարներ էլ կային, բայց հայրս նրանցից շատ էր աշխատում. ամեն բան իր ձեռքի տակով պիտի անցներ։ Այդ օրերը ու տունս եմ կարոտում»:

Խոսեցինք նաև Հայաստանում առաջ եկած խնդիրների և մարդկանց վերաբերմունքի մասին։ Ալյոնայի խոսքով, ինչպես ամենուր, Հայաստանում էլ, բնականաբար, մարդիկ տարբեր են և, ըստ այդմ, տարբեր վերաբերմունք են ցուցաբերում արցախահայության նկատմամբ։ Նա նշում է, որ շատ են թե՛ օգնության ձեռքերը, թե՛ անտարբեր հայացքները։ «Նկատել եմ, որ շատ են տարանջատում հայաստանցիներին և արցախցիներին։ Ես կարծում եմ, որ սխալ է այդ մոտեցումը, չէ՞ որ բոլորս էլ հայ ենք։ Ճիշտ է, Արցախը հիմա ժամանակավորապես հայաթափված է, բայց Հայաստանն էլ մեր մայր Հայրենիքն է։ Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ, դրա համար կռվել է պետք։ Ադրբեջանը մեզ նման ուղղակի ստորագրությամբ մեր հայրենիքը չի վերադարձնի, Արցախի համար պայքարել է պետք»,-ասում է Ալյոնան:

ՍՅՈՒԶԻ ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031