Հարցազրույց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ
– ՀՀ իշխանությունները շարունակում են պատրաստվել «խաղաղության պայմանագրին», թեեւ հայտարարում են, որ Ադրբեջանը նորանոր պայմաններ է առաջ քաշում։ Ձեր կարծիքով՝ ե՞րբ կկնքվի այդ պայմանագիրը եւ ի՞նչ պայմաններով։ Որո՞նք են լինելու մեր հաջորդ զիջումները։
– «Խաղաղության պայմանագրի» անվան տակ Փաշինյանը հերթական հակազգային գործարքն է եփում հայ ժողովրդի մեջքի հետեւում։ Զավեշտալի է իրեն «ժողովրդավար» հորջորջող իշխանությունների այսպիսի վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ, երբ Վաշինգտոնում, Մոսկվայում, Բրյուսելում կամ Փարիզում ավելի լավ են տեղեկացված այդ փաստաթղթի նախագծից, քան Երեւանում, Գյումրիում կամ Կապանում։ Զավեշտալի է նաեւ, երբ ադրբեջանական արտահոսքերն են դառնում տեղեկացվածության աղբյուր՝ հայ պաշտոնյաների պերճախոս ճոռոմաբանությունների ֆոնին։ Ինչ վերաբերում է նոր զիջումներին, ապա ակնհայտ է, որ քանի դեռ Փաշինյանն է ներկայացնում մեզ եւ մեր երկիրը, ադրբեջանական պահանջների ցանկը միայն ընդլայնվելու է։ «Տանք, որ հանգիստ ապրենք» բանաձեւը դավաճանությանը հավասար ինքնախաբեություն է։ Ադրբեջանի ու Թուրքիայի միակ նպատակն է, որ մենք չապրենք, ուստի տկար եւ անողնաշար նիկոլական Հայաստանը ոչ մի երաշխիք ունենալ չի կարող, քանի դեռ հրաժարվում է պաշտպանել սեփական շահերը։ «Զանգեզուրի միջանցք», «փախստականների վերադարձ», «անկլավներ»՝ այս ամենը ոչ թե բուն հիվանդությունն են, այլ ազգային անջատված ինքնապաշտպանական բնազդի հետեւանքներ, ախտանիշներ, սիմպտոմներ։
– Հայ–ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ լարված, վերջերս ԱԽՔ Արմեն Գրիգորյանը չմեկնեց Մոսկվա` ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը, Փաշինյանը չմասնակցեց ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ձեր կարծիքով՝ ո՞ւր են հասնելու հայ–ռուսական հարաբերությունները նման «փոխհրաձգությունների» պայմաններում, ի՞նչ հետեւանքներ կունենա դա Հայաստանի համար։
Կարդացեք նաև
– Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող գեոպոլիտիկ շրջադարձը կարելի էր չդիտարկել որպես ցնորք, եթե Ռուսաստանն անհաջողություններ գրանցեր ուկրաինական պատերազմում եւ զիջեր դիրքերը գլոբալ դիմակայության մեջ: Սակայն պրոցեսները հակառակի մասին են վկայում։ Փաշինյանի պահվածքը, իրոք, աննախադեպ է․ Հայաստանը դառնում է աշխարհի միակ երկիրը, որ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության ընթացքում ճամբար է փոխում, փոխանակ իրացներ ոսկերչական ճշգրտության դիվանագիտական աշխատանք կամ առավել հավասարակշռված լիներ, ինչպես Վրաստանը կամ Թուրքիան։ Անշուշտ, ՀԱՊԿ-ն դժվար է որակել որպես ամենաարդյունավետ ռազմաքաղաքական դաշինք։ Իհարկե, ահռելի է նաեւ Փաշինյանի մեղքը ՀԱՊԿ-ից կամ ՌԴ-ից ակնկալվող օգնությունը չստանալու մեջ։ Բայց եթե Փաշինյանի հիմնավորումները` ՀԱՊԿ-ից Հայաստանին ցուցաբերվելիք օգնության մասին բանաձեւը հետ կանչելու մասին, ճիշտ էին, ապա անհապաղ պետք էր աշխատանքից ազատել Արարատ Միրզոյանին, ով տվել էր իր համաձայնությունը դեռեւս Երեւանում անցյալ տարի քննարկված, բայց, Նիկոլի ասելով, Հայաստանի սահմանները չճանաչող փաստաթղթին։ Եթե այդ թուղթն այդքան վատն էր, ո՞նց կարելի է դրան ok տված մարդուն պահել ԱԳ նախարարի պաշտոնին։ Պարզ է, չէ՞, որ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրել է իրավիճակը։
Իսկ հիմա էլ ավելի ցուգցվանգային է Փաշինյանի վիճակը։ Եթե նա ստորագրի Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկ տասնյակից ավելի որոշումները, որոնք, վստահաբար, ՌԴ- Արեւմուտք պայքարի դրոշմն են կրում, ապա ջուրը կգցի Արեւմուտքին հաճոյանալու իր ջանքերը։ Իսկ եթե չստորագրի, կստացվի, որ Հայաստանը ոչ միայն բոյկոտում է ՀԱՊԿ աշխատանքները, այլեւ խոչընդոտում դրանք՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։
– Բրյուսելի եւ Մոսկվայի հարթակներից տեղափոխվեցին տետատետ ֆորմատի` Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, փոխվարչապետների մասնակցությամբ։ Սա ի՞նչ հետեւանքներ կունենա։
– Բանակցային ֆորմատների շուրջ պայքարը, իհարկե, կարեւոր է, բայց չմոռանանք, որ Նիկոլի ղեկավարությամբ Հայաստանը ոչ մի բանակցային ձեւաչափում մրցունակ լինել չի կարող։ Ինչպես Կռիլովի հայտնի առակում․ «А вы, друзья, как ни садитесь, Всё в музыканты не годитесь»: Անշուշտ, երկկողմ ֆորմատն ամենավտանգավորն է՝ արդեն քանիցս մատնանշած պատճառով․ առանց միջազգային երաշխիքների ու դերակատարների Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տալն ինքնասպանություն է։ Հայ- ադրբեջանական հարաբերությունները գերտերությունների բախման խաղատախտակին դնելը՝ նույնպես։ Թե ինչ է ստացվում, երբ Փաշինյանն Ալիեւի հետ ուղիղ է բանակցում, հայտնի է Դուշանբեի խորհրդանշական վերելակից․ մենք կորցրինք Արցախը։ Ուստի «լիֆտ 2»-ը բերելու է Հայաստանի վերջնական ոչնչացման։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
03.12.2023թ․
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: