Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե ոչ ընտրություններով, ապա…

Դեկտեմբեր 05,2023 10:00

Երեւանի ավագանու այս տարվա ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստանը» եւ «Հանրային ձայնը», ավելի շատ մանդատներ ունեին, քան իշխանական ուժերը՝ ՔՊ-ն եւ «Հանրապետությունը»: Քաղաքապետ, այնուամենայնիվ, դարձավ ՔՊ ներկայացուցիչը:

2021 թվականին Վանաձորում կայացած ավագանու ընտրություններում հաղթել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, սակայն այդ դաշինքի ղեկավարը չդարձավ Վանաձորի քաղաքապետ:

Նման բաներ տեղի ունեցան մի շարք համայնքներում, այժմ հերթն Ալավերդունն է: Ընդ որում, իշխող կուսակցության վարչության անդամ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր ողջ ժամանակն ու եռանդը ծախսում է այդ քաղաքում «իշխանափոխություն» իրականացնելու վրա: Տրամաբանական է. Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը լիարժեք կերպով ապահովված են, եւ հիմա ճիշտ ժամանակն է զբաղվելու տեղական մակարդակի խարդավանքներով:

Պարզ է, որ «ժողովրդավարության փարոս» հանդիսացող ՔՊ-ն չի ցանկանում, որ որեւէ ՏԻՄ-ում ղեկավարի պաշտոն զբաղեցնի ոչ սեփական թիմի ներկայացուցիչը: Եթե դա չի հաջողվում ապահովել ընտրությունների միջոցով, ապա գործի են դրվում այլ մեթոդներ՝ գործադիր իշխանության գրպանում գտնվող քննչական մարմիններն ու դատարանները (ինչպես Վանաձորում) կամ ընդդիմադիր ուժերից մեկին ինչ-որ ձեւով շահագրգռելը (ինչպես Երեւանում): Կարելի է «աշխատանք տանել» նաեւ ավագանու առանձին անդամների հետ:

Բայց նկարագրված սցենարների իրագործման մեջ կա նաեւ ընդդիմադիրների մեղքը՝ նույնիսկ այն դեպքում, եթե նրանք անկեղծ են: Որովհետեւ կարելի է միանգամայն անկեղծորեն ունենալ մինչեւ երկինք հասնող անձնական եւ կուսակցական ամբիցիաներ, ինչը, բնականաբար, անհնարին է դարձնում լուրջ համագործակցությունը:

Ընդդիմադիրները (իհարկե, իսկական, ոչ թե կեղծ) պետք է հաշվի առնեն, որ առաջիկա արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ականները եւ «արտախորհրդարանական ուժերը», որոնք մասնագիտանում են ռուսներին, ինչպես նաեւ «Կրեմլի գործակալներին» հայհոյելու վրա, հանդես են գալու որպես մեկ միասնական, կուռ թիմ: Այդ թիմի վրա, ի դեպ, ողջ թափով աշխատելու են վարչական ռեսուրսը եւ քրեական հեղինակությունները՝ Երեւանի ավագանու ընտրությունները դրա ապացույցն են:

Ի՞նչ են դրան հակադրելու ընդդիմադիրները: Եթե կա ձգտում՝ արդյունքի հասնելու, փոխադարձ մեղադրանքներն ու հին հաշիվները պետք է մի կողմ դրվեն: ՀԱԿ-ի եւ «Ապրելու երկրի» համագործակցությունը դրական օրինակ է։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031