«Միկա» մարզահամալիրում ավարտվեց բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որտեղ այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականը գերազանց արդյունք գրանցեց։ Մեր բռնցքամարտիկները վաստակեցին 4 ոսկե, 5 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկով զբաղեցնելով 2-րդ տեղը։
Պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնեցին 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 50 կգ՝ Տիգրան Հովսեփյանը, 66 կգ՝ Արգիշտի Հակոբյանը եւ 75 կգ՝ Ալբերտ Հարությունյանը։
Արծաթե մեդալի արժանացան 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 46 կգ՝ Առնո Դարչինյանը, 52 կգ՝ Արեն Խառատյանը, 60 կգ՝ Անդրանիկ Մարտիրոսյանը, 70 կգ՝ Սամվել Սիրամարգյանը, իսկ +80 կգ քաշային կարգում Տիգրան Խաչատրյանը բավարարվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալով։
Աշխարհի առաջնության մեկնարկի նախօրեին ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Հայաստանի բռնցքամարտիկներն այս տարի բոլոր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ու պաշտոնական մրցաշարներում արդեն իսկ աննախադեպ ցուցանիշ արձանագրել էին՝ ընդհանուր առմամբ նվաճելով 49 մեդալ։ Այնպես որ, նվաճված մեդալների քանակը եւս 10-ով ավելացնելը հայկական բռնցքամարտի պատմության նոր ռեկորդային նվաճում է։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ