Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց 2022 թվականի ապրիլի 26-ին Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստը:
Հարցաքննվեց գործով փորձագետներից մեկը, պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց, որ միջնորդություն նախապատրաստի կրկնակի դատաավտոտեխնիկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ:
Հարցաքննված փորձագետի տված եզրակացությունը էական նշանակություն ունի գործի համար, որովհետեւ այդ եզրակացությամբ տրվել է վարորդի մեղավորության հարցի պատասխանը, թե ՝ կոնկրետ իրավիճակում վարորդն ունի՞ մեղավորություն, թե՞ չէ: Իսկ ըստ հարցաքննված փորձագետի՝ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի վարորդն ունի մեղավորություն, երթեւեկել է սահմանված արագությունը գերազանցող արագությամբ, ինքն իրեն զրկել է վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից։
Փորձագետի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում չկային հակասություններ, բայց տուժող կողմի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը պնդում է, որ փորձագետի դատաքննական ցուցմունքից ակնհայտ էր նրա կաշկանդվածությունը. «Փորձագետի կաշկանդվածությունը նկատելի է, ճիշտ է, նա պնդեց իր եզրակացությունը, որ ելակետերի փոփոխություն չի տեսնում, բայց փորձագետի վրա էլ մեծապես ազդում է այս գործի բնույթը, պետական ապարատի միջամտությունը նաեւ իր ազդեցությունն է ունենում փորձագետի վրա: Նա տեսնում է, որ վարորդը ազատության մեջ է, հասկանում է, որ դա հենց այնպես չի լինում, հասկանում է, որ այդ վարորդի դեմ որեւէ բան անելուց, կարող են իրենից աշխատանքից ազատել: Կաշկանդվածությունն ակնհայտ է ու որոշ հարցեր կան, որ չի կարողանում հստակ, ուղղակի ասել: Եթե գործն այս բնույթի չլիներ ու այս մասնակիցներով չլիներ, փորձագետն ավելի ազատ կլիներ»:
Կարդացեք նաև
Փաստաբանը նաեւ ասաց, որ գտնում է, որ դատաավտոտեխնիկական կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն ընդհանրապես չկա, փորձագետի հարցաքննությունն էլ այդպիսի հիմքեր չտվեց: Ասլանյանի խոսքով, պաշտպանական կողմը միգուցե այդկերպ փորձում է ավելի բարենպաստ ակտ ստանալ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 23-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ