ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքով նախաձեռնված քրեական վարույթով դեռեւս չկա մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ: Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվամիջոցները հրապարակեցին Երեւանի իրավատնտեսագիտության եւ կառավարման քոլեջում տեղի ունեցած դանակահարության մասին: Ըստ տեղեկությունների՝ Գագիկ Մելքոնյանի թոռը դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։
Aravot.am-ի տեղեկություններով՝ տուժող կողմը փաստացի հերքում է դանակով հարվածելու հանգամանքը, երկու անչափահասները ունեցել են մտերիմ հարաբերություններ:
Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ նոյեմբերի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը)նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում ոտքի շրջանում վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող: Մի շարք անձինք հարցաքննվել են, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Տուժող կողմի հետ, ծնողի և հոգեբանի մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է։ Այս պահին քրեական վարույթով քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դանակահարության մասին տեղեկությունները հերքել էր նաեւ Գագիկ Մելքոնյանը, կատարվածը որակելով չար կատակ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ