ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի 75-րդ տարելիցին նվիրված ՄԻԽ հանդիպմանը
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարը տեսաուղերձով հանդես է եկել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի 75-րդ տարեդարձին նվիրված՝ Մարդու իրավունքների խորհրդի միջնստաշրջանային հանդիպմանը:
Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների խորհրդի՝ Հայաստանի կողմից հեղինակված բանաձևի հիման վրա:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը և Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուն: Որպես բանախոսներ հանդես են եկել ՄԱԿ մասնագիտացված մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, զեկուցողներ և ոլորտում հայտնի փորձագետներ:
Կարդացեք նաև
Նախարար Միրզոյանի ելույթը ներկայացված է ստորև:
«Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանը ջերմորեն ողջունում է Ցեղասպանության կանխարգելման միջնստաշրջանային հանդիպման մասնակիցներին և բանախոսներին և իր երախտագիտությունն է հայտնում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին այսօրվա նիստը կազմակերպելու համար։
Դեկտեմբերի 9-ին մենք կնշենք «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Այսօր ՄԱԿ-ի անդամ 153 երկիր միավորված է այս «հանցագործությունների հանցագործությունը» պատժելու և կանխելու պարտավորության շուրջ:
Իրապես, կոնվենցիան հանցագործությունը կանխելու ուժեղ բազմակողմ պայմանագիր է: Եվ այն միակ փաստաթուղթը չէ։ Այսօր կոնվենցիայից բխող պարտավորությունները հիմնական ուղղություններով արտացոլվել են ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի բանաձևերում:
Այս համատեքստում ես չափազանց կարևոր եմ համարում, որ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևերը Մարդու իրավունքների խորհրդում ստանում են լայն տարածաշրջանային աջակցություն և կոնսենսուս: Դա արտացոլում է ավելի լայն միջազգային կոնսենսուս՝ էթնիկ, կրոնական, ռասայական և ազգային խմբերի անհատական և հավաքական իրավունքների պաշտպանության միջոցով ցեղասպանությունները կանխելու բացարձակ հրամայականի վերաբերյալ:
Այս առումով, Մարդու իրավունքների խորհուրդը լավ դիրք ունի ցեղասպանության կանխարգելման առաջնագծում լինելու համար: Հուսով ենք, որ Ցեղասպանության կանխարգելման հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի, պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգի մանդատակիրների միջև համակարգումն ու համագործակցությունը լրացուցիչ կամրապնդվեն և կստանան կանոնակարգված բնույթ։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի կատարած ծավալուն աշխատանքը:
Ձերդ գերազանցություններ,
Կասկած չունեմ, որ այս հանդիպման քննարկումները ևս մեկ անգամ ցույց կտան զանգվածային ոճրագործությունների կանխարգելման կարևորությունը ժամանակակից աշխարհում։ Աշխարհը, որում մենք ապրում ենք այսօր, վտանգավոր վայր է բազմաթիվ էթնիկ և կրոնական խմբերի համար, և նրանց որոշակի տարածքում ոչնչացնելու մտադրությունը դրսևորվել է ամբողջ աշխարհում, հատկապես հիմա, երբ միջազգային անվտանգության կարգավորումները և մարդու իրավունքների մեխանիզմները շարունակաբար անկում են ապրում:
Իրավատիրոջը որպես հակամարտությունների լուծման միջոց վերացնելու գաղափարը երբեք այնքան «գրավիչ» չի եղել հանցագործություն կատարողների համար, որքան այսօր։ Հակամարտային իրավիճակները լայն միջավայր են ապահովում հանցագործների համար, ովքեր հակամարտող մեկ այլ կողմի քողի տակ միջազգային հանրությունից պահանջում են հավասար վերաբերմունք, որը պետք է տարածվի զոհերի նկատմամբ:
Ուժերի անհավասարությունը միշտ եղել է ցեղասպանության հավատարիմ առանձնահատկությունը։ Իսկ ուժ ասելով՝ ես նկատի ունեի ոչ թե բացառապես հանցագործների ռազմական առավելությունը, այլ նրանց կարողությունն օգտագործել նոր տեխնոլոգիաներ՝ ապատեղեկատվությամբ զոհերին նվաստացնելու, և մահացու գործողությունների համար նախապատրաստել հիմքեր՝ դրանց հետագա արդարացումներով։
Մեկ տարի առաջ Երևանում կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը դիտարկեց նոր տեխնոլոգիաների դերը ցեղասպանության կանխարգելման գործում ինչպես դրական, այնպես էլ բացասական տեսանկյուններից։ Ֆորումի ընթացքում ընդունված Երևանի հռչակագիրն արձանագրեց, որ ապատեղեկատվության տարածումը, հատկապես սոցիալական մեդիայի հարթակներում կարող է ծառայել որպես նոր քարոզչական գործիք՝ մոլորեցնելու և ռասիզմը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը, բացասական կարծրատիպերը տարածելու, մարդու իրավունքները խախտելու, չարաշահելու և առանձին խմբերին իրենց ինքնության հիման վրա նվաստացնելու համար։
Հարգելի՛ բարեկամներ,
Զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների իրականացումը շարունակում է զգալի ժամանակ պահանջել իր բոլոր փուլերում։ Իրականում, թիրախային խմբերի կոլեկտիվ պատիժն ընդունում է տարբեր ձևեր և դրսևորումներ, որոնք աստիճանաբար ավելանում են իրենց խստությամբ, այդ թվում՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի միջազգային նորմերի խախտումների, կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ոչնչացման, պաշարման և զանգվածային բռնության միջոցով։ Ավելորդ է ասել, որ շատ զանգվածային վայրագություններ հնարավոր կլիներ կանխել, եթե այդ փուլերում հայտնաբերվեին վաղ նախազգուշացման ազդանշաններ:
Հավաքական ձախողումը չպետք է արդարացում հանդիսանա ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետության անհատական անգործության համար:
Միջազգային պատասխանատվության մեկ այլ կարևոր ասպեկտ է զոհերի, այդ թվում՝ բռնի տեղահանվածների միջազգային պաշտպանությունը:
Երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետությունն ապաստան և ապրուստի միջոցներ տրամադրեց ավելի քան 100 հազար փախստականների՝ Լեռնային Ղարաբաղի՝ իր բնօրրան հայրենիքից վտարված, էթնիկ զտման ենթարկված ողջ բնակչությանը: Միջազգային հանրության աջակցությունն էական է նրանց միջազգային պաշտպանությունն ապահովելու համար:
Ձերդ գերազանցություններ,
Տասնամյակներ առաջ, երբ Հայաստանը ստանձնեց մարդու իրավունքները ցեղասպանության կանխարգելման գործընթացում ներառելու պատասխանատվություն, մեզ առաջնորդում էր անցյալի հանդեպ մեր բարոյական պարտքը։ Այսօր մենք տեսնում ենք, որ խոսքը միայն անցյալի մասին չէ, այլ մեր համատեղ ջանքերն ուղղված են ներկային և ապագային՝ մարդկության ապագային, որը զերծ կլինի ատելությունից, ռասիզմից, այլատյացությունից և անհանդուրժողականությունից, որոնք հանգեցնում են զանգվածային ոճրագործությունների:
Չնայած մարդու իրավունքների և անվտանգության միջազգային համակարգի բոլոր անհաջողություններին՝ մենք շարունակելու ենք ակտիվորեն ներգրավվել Մարդու իրավունքների խորհրդում և այլ բազմակողմ հարթակներում՝ ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների և մեխանիզմների հետագա մշակման համար:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին և բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկին այս հանդիպումը կազմակերպելու համար և հաջողություն եմ մաղթում բանախոսներին և մասնակիցներին»:
ՀՀ ԱԳՆ