«Եվ դա խոսում է մարդ, ով ներկայացնում է այն մարդկանց ու նրանց կառավարման շրջանը, ովքեր սեփական երկրի բանակն ու կառավարությունը մի քանի տասնյակ փամփուշտով գլխատեցին: Այդ քաղաքական ուժի ներկայացուցչի բերանից՝ երկրի ու քաղաքացիների նկատմամբ, որեւէ մեկի կողմից դրսեւորվող վրեժխնդրությունը, մեղմ ասած, քաղաքական կամ էլ հենց ուղիղ իմաստով անբարոյականություն է: Բավական է ցինիկության մարաթոններ կազմակերպեն եւ իրենց հայրենասիրության մրցավար կարգեն: Հերիք է, իրենք դրանից խոսելու իրավունք չունեն»,- սա Երեւանի ավագանու իշխող «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի պատասխանն է Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին:
Վերջինս կարծում է, որ՝ «Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում երևանցիներից»: Վրեժխնդրության առարկան էլ մայրաքաղաքի 2024 թվականի բյուջեն է, որը ¼-ով կրճատվել է:
«2023 թվականի Երևանի բյուջեի ծախսային հատվածը կազմել է 129 մլրդ դրամ, իսկ 2024 թվականի բյուջեն կանխատեսվում է 96,9 մլրդ ՀՀ դրամ։
Երևան քաղաքի բյուջեն կրճատվել է շուրջ 33 մլրդ դրամով, այսինքն՝ մոտ 25%-ով, այն պարագայում, երբ Երևանն ունի այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են.
Կարդացեք նաև
- Տրանսպորտի խնդիրը
- Մետրոյի խնդիրը
- Աղբահանության չլուծվող խնդիրը
- Մանկապարտեզների խնդիրը
- Բնակելի ֆոնդի խնդիրը
- Ավտոկայանատեղիների խնդիրը
- Երևանի կանաչ տարածքների ոչնչացման խնդիրը
Հիմա ամենահետաքրքիրը.
Նիկոլ Փաշինյանը որոշել է 33 մլրդ դրամը «կոմպենսացնել» երևանցիներից.
Երևան քաղաքի իշխանական կոալիցիան՝ ՔՊ և «Հանրապետություն», կարմիր գծերի գումարը թանկացնում է ավելի քան 13 անգամ, դրանից ակնկալելով՝
Երևան քաղաքում գրանցված մոտ 240 000 ավտոմեքենաներից մոտ 100 000 եթե վճարի այդ գումարը, ապա կստացվի 16 մլրդ ՀՀ դրամ, գումարած պոտենցիալ տուգանքները։
Մնացած գումարը պլանավորում են «կորզել» տեղական տուրքերի բարձրացմամբ»,- ֆեյսբուքյան հարթակի իր էջում գրում է ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը՝ խոստանալով հաջորդիվ այդ մանրամասներին էլ անդրադառնալ:
Ապա եզրակացնում է. «Նիկոլը չի ներում Երևանցիներին ՔՊ պարտությունը…»։
Ինչ վերաբերվում է Երեւանի բյուջեի կրճատմանը, Անի Խաչատրյանը համամիտ է՝ դա խնդիր է Երեւանի համար, նաեւ վստահ՝ դա չի խանգարելու Երեւանի զարգացման իրենց ծրագրերին. «Այո, պետք է տար կառավարությունն այդ գումարը, բայց դա չի խանգարելու Երեւանի զարգացման գործընթացին, պլանավորված աշխատանքին: Մենք անելու ենք ամենը, որպեսզի երկու քաղաքական ուժերի ծրագրերը հնարավորինս կյանքի կոչվեն՝ եւ հենց այն ժամանակահատվածում, որ խոստացել ենք»:
Թե որտեղի՞ց համոզմունքը, որ մայրաքաղաքի բյուջեի ¼-ով կրճատումը չի խոչընդոտելու իրականացվելիք ծրագրերին, քանի որ այն բավական զգալի գումար է, Անի Խաչատրյանն ասում է, որ կփորձեն ներդրումների միջոցով կոմպենսացնել: Ինքը կարծում է, որ անցած տարի բավական շատ աշխատանք է կատարվել եւ այս տարի էլ նույն ծավալով աշխատանքները կշարունակվեն. «Մենք ունենք արդեն իսկ գնված ավտոբուսներ, արված աշխատանքներ ու եթե անցած տարի այդ գումարը մեզ անհրաժեշտ էր նաեւ գնումներ կատարելու համար, այս տարի դրա կարիքը չի լինելու: Համենայնդեպս, երեւանցիներից եկող վստահությունն էլ կա. երբ տարիներով նայում ես տարեկան եկամուտների հավաքագրմանը, ապա, վստահաբար, վերջին 1-2 տարում, 100-ից ավել տոկոս եկամուտների հավաքագրում է լինում: Սա խոսում է այն մասին, որ երեւանցիները տեսնում են աշխատանք, ինչի արդյունքում նաեւ անում են վճարումներ»:
Դիտարկմանը, որ գնված եւ շահագործվող ավտոբուսները չեն կարգավորում երթեւեկությունը, քանի որ մեկ ավտոբուսը սպասարկում է նախկին երթուղայինների միանգամից մի քանի գծեր, ուստի դրանք աշխատում են մոտ մեկ ժամ ինտերվալով ու գերծանրաբեռնված, նաեւ՝ բազմաթիվ օրինակներ կան մայթերի սալիկապատման, փողոցների ասֆալտապատման հետ կապված, երբ անգամ նոր սալիկներն ու ասֆալտը քանդվել են ու մի քանի ամիս է քանդված մնացել են, Անի Խաչատրյանը պատասխանեց. «Այո, կան թերություններ: Ինքս էլ միշտ ասում եմ, որ կան գծանշանների խնդիրներ, փոսալցման ուշացումներ: Քաղաքապետն էլ ամեն գործակարգավարականի ժամանակ խոսում է այդ մասին, բայց սկսենք նրանից որ քաղաքային իշխանությունը դեռ մեկ ամիս է ինչ ձեւավորվել է, դեռ ներքին փոփոխություններ են սպասվում եւ 1-2 ամսում, վստահ եմ, քաղաքային իշխանությունը կանցնի լիարժեք աշխատանքային փուլ: Ավտոբուսների մասով էլ եք ճիշտ, բայց պետք է ասեմ, որ քաղաքացիները ռեֆորմներից խուսափում են ու սկզբում վատ են ընդունում: Ամեն դեպքում, ռեֆորմներն իրենց վերջնարդյունքը ցույց են տալիս 1-2 ամիս հետո եւ հենց կարմիր գծերի վճարների թանկացումն այդ ռիսկային ռեֆորմներից մեկն է, որը քաղաքացիներին կարող է ջղայնացնել, բայց մի քանի ամիս հետո, իրենք վստահաբար տեսնելու են դրական արդյունքը՝ հենց տրանսպորտի մասով: Աշխարհի բոլոր նորմալ, քաղաքակիրթ երկրներում, ի զարմանս ինձ՝ նաեւ ՌԴ-ում, որը հեռու է քաղաքակիրթ լինելուց, Պետերբուրգում, կա կիրառված այդ մեթոդը. կենտրոնն իր գնային նման առաջարկներով պետք է տարբերվի եւ սա հենց տրանսպորտային ցանցի բարելավմանը միտված քայլ է: Սա բեռնաթափելու է կենտրոնը՝ բավական տեսանելի եւ քաղաքի համաչափ զարգացմանն է նպաստելու, արդյունքում, զուգահեռաբար, կարգավորվելու է նաեւ տրանսպորտային ցանցի աշխատանքը, քանի որ մենք ուզենք, թե՝ ոչ, տրանսպորտը քաղաքի մի մասից մյուսը գնալիս, անցնելու է կենտրոնով, ինչի արդյունքում նաեւ խցանումներ են շատանում: Կարմիր գծերի վարձավճարների այս թանկացման արդյունքում, նաեւ որոշ գրասենյակներ կտեղափոխվեն մայրաքաղաքի արվարձաններ, ինչը նաեւ համաչափ զարգացում կբերի: Այս ամենի դրական արդյունքը մենք կզգանք մոտ վեց ամսվա ընթացքում: 7 տարի ես դեմ եմ քվեարկել կենտրոնում ավտոկայանատեղիների հետ կապված նախագծերին, որովհետեւ ես համոզված եմ, որ կենտրոնը պետք է ունենա իր առանձնացված գինը: Այո, նաեւ կենտրոնում ապրելը պետք է ունենա իր գինը»:
Իսկ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունում դեռ չեն քննարկել մայրաքաղաքի 2024 թվականի բյուջեն ու միասնական կարծիք չեն ձեւավորել, ուստի, առայժմ նախընտրում են հրապարակային խոսք չասել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նիկոլից ավել նիկօոլ