Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը՝ ի դեմս Վաշինգտոնի նահանգի Սիեթլի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Վազգեն քահանա Բոյաջյանի, Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշի և թեմական խորհրդի ատենապետ տիար Վարդան Նազիրյանի։
Տեր Վազգենը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրեց, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել տեղում ծանոթանալու արցախահայերի առջև ծառացած մարտահրավերներին, նրանց սոցիալական կացությանը և կարիքների գնահատման արդունքում մշակել աջակցության ծրագրեր։
Իր սերն ու օրհնությունը փոխանցելով պատվիրակության անդամներին՝ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին Արցախից բռնի տեղահանված հայորդիների աջակցությանն ուղղված ջանքերի համար։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ հայրենազրկված արցախահայության ծանր կացությանը, և հյուրերին ներկայացրեց Մայր Աթոռի կողմից իրականացվող Արցախի հայորդիներին ուղղված աջակցության ծրագրերը՝ կարևորելով նաև սփյուռքահայության հետևողական մասնակցությունն այդ գործում։
Կարդացեք նաև
Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց պատվիրակության անդամների հարցերին, որոնք առնչվում էին արցախահայերի ծանր կացությանը և իրականացվող աջակցության ծրագրերի ընդլայնմանը։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ