Գյումրու՝ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների «Էմիլի Արեգակ» կենտրոնում այսօր ներկայացվեց «Հայաստանն իմ աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսը։
ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրագործված ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող 17 երիտասարդներ, մեկ տարի շարունակ գիտելիքներ ձեռք բերելով թվային գրագիտությունից ու լուսանկարչությունից, շրջել են Հայաստանի բոլոր մարզերում, լուսանկարել բնապատկերներ, պատմամշակութային, ճարտարապետական տարբեր կառույցներ ու դրանք ներկայացրել հասարակությանը։ Նրանց հետ աշխատել է հայտնի լուսանկարիչ Արմեն Տեր-Մկրտչյանը։
Հետաքրքիրն այն է, որ ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի ամեն մի մարզ ներկայացվում էր ոչ միայն լուսանկարներով, այլ տվյալ տեղանքին բնորոշ ազգային, ավանդական կերակերատեսակով, որը դարձյալ պատրաստել էին երիտասարդները։
«Երիտասարդները բացահայտեցին նաև հայրենիքը, սերը հայրենիքի նկատմամբ սկսվում է ճանաչողությունից, իսկ երիտասարդները բացահայտել են հայրենիքի ողջ գեղեցկությունը՝ պատմամշակութային ժառանգությունը, ճարտարապետական կոթողները, պատմական հուշարձանները»,-այսպես ներկայացվեց ծրագրի առավելություններից մեկը։
«Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանն էլ, ներկայացնելով «Էմիլի Արեգակ» կենտրոնի հիմնադրման պատմությունն, ասաց, որ այսօր կենտրոն են հաճախում 120-ից ավելի երեխաներ, 30-ից ավելի երիտասարդներ։
Նա նաև նշեց, որ պատահական չէ միջոցառումը դեկտեմբերի 4-ին անցկացնելը, այն կարևոր առիթ է՝ մեկ անգամ ևս հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին խոսելու։ Հիշեցնենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 1992 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 3-ը նշվում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։
«Երբ ես փոքր էի, շատ էի կարևորում գնալ մայրաքաղաք՝ ինչ-որ այցելությունների։ Ծրագիրը, երբ մշակում էինք, ասում էի՝ Երևան գնալը փոքր տարիքից ինձ համար եղել է առանձնահատուկ երևույթ։ Իսկ մեր երիտասարդները հնարավորություն ունեցան գնալ այնպիսի տեղեր, որտեղ ինքս չեմ այցելել ու ափսոսում եմ, որ չեմ միացել շատ ճամփորդությունների՝ Տաթևից մինչև Հայաստանի հյուսիսային մասեր», -ասաց Տիգրանուհի Հակոբյանը։
Ծրագրի մասնակից երիտասարդներից մեկը՝ Լուսյա Ստեփանյանն էլ նշեց, որ շնորհիվ «Հայաստանն իմ աչքերով» ծրագրի՝ իր լուսանկարչական հոբբին դարձավ մասնագիտություն, բացահայտեցին Հայաստանի գողտրիկ, թաքուն անկյունները, որտեղ քչերն են եղել։
Ներկաներից մեկն էլ, մեզ հետ զրույցում կիսվելով իր տպավորություններով, ասաց՝ իրենք էլ ակամա ճանապարհորդեցին Հայաստանով մեկ՝ այն տեսնելով երիտասարդների աչքերով։
Նշենք, որ 2017 թվականից «Կարիտաս Արեգակ» հիմնադրամը իրագործում է « 9 քայլ դեպի աշխատաշուկա» ծրագիրը, որը միջոց է երիտասարդների ու աշխատաշուկայի միջև կապ ստեղծելու, այն նաև օգնում է երիտասարդներին մասնագիտական կրթություն ստանալու։
Վեց տարիների ընթացքում 150 երիտասարդների հետ աշխատանքներ են տարվել, ու 32 երիտասարդ մուտք է գործել աշխատաշուկա, 20-նն էլ ստացել է մասնագիտական կրթություն։
Հիշեցնենք, որ «Կարիտաս Արեգակ» հիմնադրամը Գյումրու սրտում՝ Աբովյան ճեմափողոցում, հիմնել է իր տեսակով բացառիկ մի փուռ- սրճարան «Արեգակ» անվամբ՝ զգալի թվով աշխատատեղեր ստեղծելով հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար և մյուս գործատուներին էլ ի ցույց դնելով այն գաղափարը, որ հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ի վիճակի են լիարժեք աշխատելու, աշխատանքի ընդունելիս պիտի առաջնորդվել հավասար իրավունքներով ու հավասար հնարավորություններով։
Այն այսօր քաղաքի բրենդներից մեկն է, մասնավորապես դիվանագետների, դեսպանների ու ՀՀ նախագահների ամենասիրելի վայրը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ