Սյունիքի մարզի Մեղրի համայնք կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հյուրընկալվել է ԿԳՄՍՆ աջակցությամբ հիմնադրված «ԼՈՖԹ Մեղրի» երիտասարդական կենտրոնում, որտեղ հանդիպել է համայնքի բնակիչների, մասնավորապես՝ երիտասարդների հետ:
Մեղրիի մշակութային և երիտասարդական կյանքի կազմակերպման պատասխանատուների հետ քննարկվել են նոր միջոցառումների և փառատոների կազմակերպման հնարավորությունները։
Դանիել Դանիելյանը ներկայացրել է առաջիկայում նախատեսվող երիտասարդական, մշակութային, կրթական բաղադրիչ ունեցող համայնքային կենտրոնի հիմնադրման հայեցակարգը։ «Սկզբնական շրջանում մենք պլանավորում ենք յուրաքանչյուր մարզում մեկական համայնքային նմանատիպ կենտրոն հիմնադրել, որը դրական ազդեցություն կունենա համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վրա և նոր որակ ու գույն կհաղորդի համայնքին։ Իսկ տեսլականում նպատակ ունենք նման միջավայրեր ստեղծել բոլոր համայնքներում՝ այդպիսով բոլոր մարզերի բնակիչների համար ապահովելով հավասար պայմաններ»,-ասել է նախարարի տեղակալը։
Կարդացեք նաև
Քննարկման ժամանակ Դանիել Դանիելյանն ու երիտասարդները դիտարկել են Մեղրիում նոր, համայնքին բնորոշ փառատոների, լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները՝ ընդգծելով դրանց դերն ու նշանակությունը Մեղրիի երիտասարդական կյանքի ակտիվացման, զբոսաշրջության զարգացման, մշակութային ժամանցի ապահովման, համայնքի գրավչության մեծացման գործում:
Նախարարի տեղակալի կարծիքով՝ այս հարցում էական դերակատարում կարող է ունենալ նաև «ԼՈՖԹ Մեղրի» երիտասարդական կենտրոնը՝ իր ակտիվ ներգրավվածությամբ և երիտասարդներով։
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ