«Մենք ցանկանում ենք պետական եւ ազգային պահուստներում առկա իրերի համալրման, հաշվառման եւ օտարման գործառույթները պատվիրակել կամ փոխանցել այն մարմիններին, որոնք, ըստ էության, պրոֆիլային իրականացնում են այդ գործառույթները կամ դրանց մի մասը»,- այսօր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանն այսպիսի հրատապ նախագիծ էր բերել՝ փոփոխություններ կատարել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում:
Նա ասաց, որ թանկարժեք քարերի ու մետաղների երկու պահուստ ունենք, մեկը՝ պետական պահուստն է, մյուսը՝ ազգային: Պետական պահուստի մասով ֆինանսների նախարարությունն իրականացնում է թանկարժեք մետաղների, քարերի, դրանցով պատրաստված իրարի հաշվառման, գնման գործառույթներ. «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ունի Պետական գույքի կառավարման կոմիտե: Մենք մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում եկել ենք եզրահանգման, թե քանի որ պետգույքը ՏԿԵՆ-ի ներքո է, իսկ մետաղներն ու քարերը նույնպես հանդիսանում են պետական գույք, արդյունավետ կառավարման տեսանկյունից նպատակահարմար է գործառույթները փոխանցել իրենց: Պետական պահուստում գտնվող թանկարժեք քարերն ու մետաղները պետք է փոխանցվեն իրենց կառավարմանը, հետագա ճակատագիրը դրանց արդեն կորոշեն իրենք»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեն, ԿԲ-ի տիրապետության տակ գտնվող արտարժույթն էլ է գույք. «Նախարարությանը փոխանցելով՝ մեծ ռիսկեր ենք ունենալու: Պատահական չի, որ տասնամյակներ մեր երկրում հանձնված է եղել կառավարումը ֆինանսների ոլորտում լիազոր մարմնին: Պետական գույքի կառավարման լիազոր մարմինը այդպիսի ներուժ չունի, կառավարման իմաստով նաեւ կարող են խնդիրներ առաջանալ»:
Փոխնախարարը պատասխանեց, որ շատ կարեւոր է տարանջատել ֆինանսական ակտիվի կառավարումը նյութական ակտիվի կառավարումից. «Արտարժույթը գույք չի, ֆինանսական ակտիվ է»:
Կարդացեք նաև
Նա նաեւ տեղեկացրեց, որ երկար տարիներ գանձարանում նոր մուտքեր չեն եղել. «Դրանք նախկինից պահպանված թանկարժեք քարեր ու մետաղներ են: Ընդամենը 1,5 մլրդ դրամի մետաղների ու քարերի մասին է խոսքը, որոնք փոխանցվելու են Պետգույքի կառավարման կոմիտեին, իրենք էլ ապահովելու են դրանց վաճառքը: Մեծ արժեքի մասին չի խոսքը, որ դժվարություն առաջանա դրանք վաճառել»:
Առաջարկվում է թանգարանային նմուշներն ու թանկարժեք նկարներն էլ ԿԳՄՍՆ-ի տիրապետության տակ դնել. «Ազգային շատ մեծ հարստության մասին չենք խոսում: Մենք այդպիսի քաղաքականություն չենք ունեցել, որ տարիների ընթացքում գանձեր կուտակենք»:
ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ճշտեց՝ նպատակն այն է, որ Պետգույքի կառավարման կոմիտեն օտարի՞ այդ թանկարժեք մետաղներն ու քարերը: Պատասխանը դրական էր. «Պետգույքի հետ խոսել ենք, իրենք ավելի արդյունավետ ձեւով կգնահատեն ու կօտարեն»,- ասաց փոխնախարարը:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ